Մեդիաիմացությունը դասավանդում են Գերմանիայի բոլոր դպրոցներում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին մի քանի տասնամյակում, երբ այլևս դադարեց գոյություն ունենալ մեդիա-ուղերձ-սպառող պարզ կապը ու ծագեց մեդիա-համամասնակից-մեդիա նոր շղթան, լրջորեն սկսեց փոխվել նաև դպրոցը:

Պատանիներն ու երեխաները այն լսարանն են, որի պահանջով ու հեռանկարների գիտակցումով էլ աշխարհում փոխվում է կրթական համակարգը:

Կրթական տարբեր մակարդակներում մեդիաիմացության (mediacompetence) տարրերը վաղուց ու հաջողությամբ կիրառվում են Գերմանիայի Դաշնության բոլոր դպրոցներում: Մեդիակոմպետենցիան կրթության պարտադիր մաս է մանկապարտեզներից սկսած:

Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Սոնյա Գանգուինը (Sonja Ganguin) պատմում է, որ 1960-ականներին Գերմանիայում լրջորեն մտահոգվեցին, թե որն է, ի վերջո, կրթության դերը: Կրթական ռեֆորմների պահանջը առաջացավ «սառը պատերազմի» ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը առաջին անգամ արբանյակ ուղարկեց տիեզերք:

«Արևելյան Գերմանիայում անգամ նոր եզր հայտնվեց՝ «արբանյակային շոկ»: Պարզ էր, որ մենք հետ ենք մնում զարգացման առումով: Դժգոհության ու կասկածների հիմնական առիթը դպրոցն էր, որը չէր պատրաստում մրցունակ շրջանավարտներ»,- պատմում է նա:

Պրոֆեսոր Սոնյա Գանգուինը և դասախոս Յոհանես Գեմկովը

Դպրոցական համակարգի հետազոտությունները ցավալի արդյունք գրանցեցին, պարզ դարձավ, որ ցածր խավերի երեխաների համար որակյալ կրթությունը հասանելի չէր:

«Հարց ծագեց՝ ինչպե՞ ս կարելի է արդարացիորեն բաշխել կրթությունը: Պետք էր բոլոր երեխաներին շանս տալ՝ բարձրանալու կրթական աստիճաններով: Եվ 1970-90-ականներին տեղի ունեցած երկար բանավեճերից հետո առանձնացվեցին հիմնական ուղենիշները: Քանի որ պետք էր մրցունակ դառնալ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում, եզրակացվեց, որ առանցքայինը ոչ թե մարդու որակավորումն է (qualification), այլ իմացությունը (competence): Այսինքն, հեռանկար կունենա այն մարդը, որն ունակ է ինքնակրթվելու: Եվ Գերմանիայի կրթական համակարգում ծնվեց այդ կախարդական բառը՝ մեդիաիմացություն (գերմաներեն՝ mediakompetenz),- ասում է Սոնյա Գանգուինը:

Մեդիա ոլորտում ունիվերսալ իմացության շուրջ բանավեճերի արդյունքում այդ տերմինը ձևակերպեց Դիտեր Բաակեն (Dieter Baacke):

«Դա հեղափոխական մեկնակետ էր, քանի որ Բաակեն հիմնավորեց, որ կրթության հիմքում ակտիվ մեդիա սպառողն է: Այլևս չի կարող լինել պասիվ սպառում, բոլոր մարդիկ, ի վերջո, պետք է լինեն ակտիվ, բանիմաց մեդիա սպառողներ»,- ասում է Սոնյա Գանգուինը:

Եվ քանի որ գիտելիքի յուրացման պրոցեսը պայմանավորված է տարիքով, մշակվեցին ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար: Հիմքում այն փաստն է, որ ինֆորմացիան անցնում է մի քանի փուլերով՝ սկզբից ընկալվում է զգայարաններով, հետո՝ ապակոդավորվում, դրանից հետո՝ վերլուծվում: Այդ փուլերը հասանելի են անգամ մանուկներին: Իսկ ավելի մեծ տարիքում կարելի է անդրադառնալ նաև մեդիա ուղերձների շուրջ ռեֆլեքսիային ու դրանց գնատահատմանը:

Գերմանական դպրոցական համակարգը ենթադրում է, որ այդ ճանապարհը երեխաները պետք է անցնեն ինքնուրույն:

«Գիտնականները համոզված են, որ մարդը կարող է գնահատական տալ մոտավորապես 13 տարեկանում, քանի որ ավելի վաղ տարիքում ռեֆլեքսիայի ունակ չի: Եվ հենց այդ տարիքից էլ պատանիները կարող են դառնալ մեդիակոմպետենտ սպառողներ, և ընդհանրապես, մեդիա իմացող: Այդ իմաստով՝ երեխաները նման են լրագրողներին»,- պատմում է Սոնյա Գանգուինը:

Գերմանական կրթական մոդելը ենթադրում է գործողություն: Պետք է ճանաչես այն, ինչը հետագայում օգտագործելու ես: Մշակվեցին գործելու մի քանի աստիճաններ. մեդիա քննադատություն, մեդիա գնահատում ու վերլուծում, մեդիայի ընկալումը որպես գիտության, շփումն ու աշխատանքը՝ մեդիայի միջոցով:

Դրան գումարվեց նաև էմոցիոնալ ու գեղագիտական հաճույքը: Մեդիայի հետ աշխատանքը նաև ուրախություն է: Ավելի ճիշտ՝ օգտակար ու հաճելի միաժամանակ:

«1990-ականներին «մեդիակոմպետենցիան» դարձավ ծեծված ու մոդայիկ բառ, ի հայտ եկան այդ եզրը բնորոշող 104 բացատրություն: Եվ դա միայն մեդիամանկավարժների շրջանում: Տերմինի իմաստը ոչ հստակ ու լղոզված էր: Բոլորը խոսում էին մեդիաիմացության մասին, բայց եթե հարցնենք նախարարներին կամ քաղաքական գործիչներին, ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե դա ինչ է»,- պատմում է Սոնյա Գանգուինը:

Գերմանիայում կրթությունը պետության գործը չէ, բոլոր 16 երկրամասերում գոյություն ունեն սեփական պատկերացումները, թե ինչպես պետք է դասավանդել մեդիաիմացությունը: Նպատակը մեկն է, տարբեր են ճանապարհները:

Սոնյա Գանգուինը դժգոհ է, որ մեկ ունիվերսալ կրթական մոդելի վրա կենտրոնանալու փոխարեն, մշակվում են 16 հայեցակարգեր, թե ինչպես տարրալուծել մեդիաիմացությունը տարբեր դպրոցական առարկաների մեջ:

Սաքսոնիայի փորձը

Գերմանիայի Սաքսոնիա երկրամասում կա ինը կազմակերպություն, որոնք զբաղվում են մեդիա իրազեկման ու մեդիաիմացության ծրագրերով: Նրանց գործունեության համար տարեկան տրամադրվում է 1,9 մլն եվրո:

Սաքսոնիայի մեդիաիմացության ծրագրերի զարգացման ղեկավար Հեյդի ֆոն Շմիդսֆելդը (Heidi von Schmidsfeld) վստահ է, որ մեդիաիմացության հիմքը ոչ թե միայն մանկավարժությունն է (դա ընդամենը մի մասն է), այլ իրազեկումը:

«Չկա կոնկրետ լսարան, որի հետ նախընտրում ենք աշխատել: Մեդիաիմացության ծրագրերը ուղղված են բոլորին ՝ նորածիններից մինչև ամենապատկառելի տարիքի մարդկանց: Այսինքն, դա գիտելիքների այն պաշարն է, որը պետք է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Մանավանդ հիմա, երբ յուրաքանչյուրս ինֆորմացիայի տարածման ու սպառման համամասնակիցն է»,- ասում է նա:

Սաքսոնիայի մեդիաիմացության ծրագրերի ղեկավար Հեյդի ֆոն Շմիդսֆելդը

Այդ պատճառով էլ նա չի օգտագործում «մեդիագրագիտություն» եզրը. «Երբ ասում ենք «մեդիագրագիտություն» (media literacy), ենթադրում ենք, որ կա ավարտուն գիտելիք, որը կարելի է սովորել ու վերջնակապես սերտել: Իսկ «մեդիաիմացություն» (mediacompetence) ասելով, ընդգծում ենք, որ դա անվերջ պրոցես է, որն ուղեկցում է մարդուն կյանքի բոլոր փուլերում»,- ասում է Հեյդի ֆոն Շմիդսֆելդը:

SAEK (The Saxon Training and Trial Channels) անկախ կազմակերպությունը տրամադրում է արտոնագրեր մասնավոր հեռուստաընկերություններին, իրականացնում նրանց անցումը անալոգային հեռարձակումից՝ թվային, ապահովում բովանդակության բազմազանությունը: Բայց հիմնական նպատակը մեդիաիմացության տարածումն է դպրոցականների շրջանում:

«Ելնում ենք այն մտքից, որ մեդիաիմացության հիմքում հենց ինքը մարդն է: Մարդն այն է, ինչ ստանում ու փոխանցում է: Մեդիան վերլուծելու ու քննադատելու ունակությունը օգնում է մարդուն կասկածով վերաբերել այն ամենին, ինչը նա լսում ու տեսնում է»,- ասում է Հեյդի ֆոն Շմիդսֆելդը:

Սաքսոնիայի օրենսդրությունը պարտադրում է, որ դպրոցների բոլոր ուսուցիչները անդրադառնան մեդիաիմացությանը: Օրինակ, լեզվի ու գրականության դասերի ընթացքում կարելի է խոսել թե՛ ուղերձների, թե՛ գովազդի, թե՛ էթիկայի մասին: Ու քննարկումները տեղափոխել մեդիա դաշտ: Բոլոր նախագծերը հարմարեցվում են կոնկրետ դասարանի համար:

«Լավ ցուցանիշ է, երբ դպրոցներն իրենք են մեզ դիմում՝ նոր ծրագրերին մասնակցելու համար»,- ասում է Հեյդի ֆոն Շմիդսֆելդը:

Նա նշում է, որ շատ բան կախված է յուրաքանչյուր դպրոցից և, ի վերջո, մանկավարժների մեդիագրագետ լինելուց. «Մենք պարզապես աջակցում ենք թե՛ գործնական ձեռնարկներով, թե՛ թեմաների մշակմամբ: Իսկ հիմնական գործն անում է դպրոցը: Ցանկացած տեսություն անպետք է, եթե գործնականում չի օգտագործվում: Մենք շեշտը դնում ենք մեդիա տրամաբանության վրա, իսկ երեխաները հետագայում իրենք են ստեղծում մեդիա բովանդակություն»:

SAEK-ն ունի նաև շարժական մոբիլ մասնագիտացված խումբ, որն այցելում է տարբեր քաղաքներ ու 3-5 օր տևողությամբ ծրագրեր իրականացնում մարդկանց տարբեր խմբերի հետ: Նաև կազմակերպում է դասընթացներ լայն շրջանակների համար (մոնտաժ, ձայնի հետ աշխատանք, անիմացիա):

«Մեր դասընթացներում հազվադեպ ենք ներգրավում լրագրողներին, քանի որ նրանք այլ հայացքով են նայում ինֆորմացիային: Մեզ ավելի շատ պետք են ուսուցիչ-մեդիամանկավարժներ, որոնք կօգնեն երեխաներին տիրապետել ինֆորմացիան հասկանալու գործիքներին»:

Հեյդի ֆոն Շմիդսֆելդն ասում է, որ հիմա ամենից հաջողը թվային անվտանգության դասընթացներն են (օրինակ, «Դու հավատու՞մ ես» կամ «Ոչ ֆեյքերին սոցցանցում» թեմայով), անիմացիոն կուրսերը և, որքան էլ զարմանալի թվա, ռադիոներկայացումները, որոնք արվում են երեխաների ուժերով.

«Վերջին տարիներին պարզ դարձավ, որ պետք է ինտեսիվ աշխատել հատկապես դպրոցականների ծնողների հետ: Դա, կարծես, ուշադրությունից դուրս մնացած օղակ էր»:

Հիմա միայն Սաքսոնիայում տարեկան 13 հազար նոր մարդ է ներառվում ծրագրերում որպես մասնակից: Եվ կարևորն այն է, որ ստեղծվում է շղթայական ռեակցիա՝ դասընթացների մասնակիցները հետագայում դառնում են լավ լրագրողներ և ընդհանրապես մեդիագրագետ սպառողներ: Իսկ երկու տարի կամավորական աշխատանք կատարելուց հետո շատերը իրենք են դառնում մեդիամանկավարժներ:

Հետաքրքիրն այն է, որ մեդիամանկավարժներ պատրաստվում են Գերմանիայի 19 համալսարաններում:

Գերմանիայում պարտադիր է հանրային հեռուստալիքների բաժանորդագրությունը, յուրաքանչյուր տնային տնտեսություն ամսական վճարում է 17 եվրո, անկախ այն փաստից, տանը ունի հեռուստացույց, թե չունի: Այդ հարկատեսակից ստացված գումարի 2%-ը (որը մոտավորապես կազմում է 6 մլն եվրո) փոխանցվում է SAEK-ի բյուջե՝ մեդիաիմացության ծրագրին աջակցության հեռանկարով:

Սոցցանցերի վարքականոնի մշակումը

SAEK-ն ամեն տարի ընտրում է մեկ հիմնական թեմա, որի շուրջ էլ կառուցվում են սեմինարները, հարցախաղերը, մրցույթները, վարժանքները: Այս տարի այդպիսի թեմա դարձավ ատելության լեզվի (hate speech) տարածումը սոցիալական մեդիայում:  Գերմանիայի բոլոր դպրոցներում անցան սեմինարներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար:

«Hate speech-ը շատ վտանգավավոր է, քանի որ տարածվում է հիմնականում մանուկների ու պատանիների շրջանում, իսկ նրանք պատրաստ չեն հասկանալու, որ դրա հետևում քաղաքական ուժերն են: Մենք շատ վախեցանք՝ տեսնելով, թե ինչպես են երեխաները անգիտակցաբար ընդօրինակում ատելության լեզուն՝ չմտահոգվելով էթիկայի մասին: Ատելության լեզուն կարծես գորշ զոնա լինի, այն ոչ միայն իրավական եզր է, այլև համատեքստ»,- ասում է Հեյդի ֆոն Շմիդսֆելդը:

Նա համարում է, որ էթիկական-բարոյական վարքագիծը սոցցանցերում ամենաարդիական ու ցավոտ թեման է, քանի որ երեխաները պետք է հասկանան, որ ատելությամբ պատասխանելը ատելությանը՝ ելք չէ:

«Կարևոր է, որ երեխաները հասկանան, որ կանոններ կան նաև սոցիալական մեդիայում: Եվ առաջին քայլը քննադատական վերաբերմունքն է, այն միտքը, որ կարելի է պատասխանել, ծաղրել կամ էլ՝ լավագույն դեպքում, անտեսել ատելությամբ լի խոսքը: Նպատակ ունենք, որ այս դիսկուրսը դուրս գա դպրոցից ու տարածվի ողջ հասարակության վրա»,- ասում է նա:

Մեդիաիմացության դասավանդումը հիմնվում է նաև հարցումների վրա:  Հարցումները երեխաների շրջանում արվում են հասկանալու համար, թե ինչն է իրենց մտահոգում, վիրավորում, բարկացնում:

Հետագայում հարցումների օգնությամբ մշակվելու են սոցիալական մեդիայում վարքագծային կանոններ:

Նունե Հախվերդյան
Հոդվածը պատրաստվել է «Մոլդովա-Լայպցիգ» ինստիտուտի կազմակերպած
«Վիզուալ իմացության զարգացում» ծրագրի ընթացքում:
Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *