2017.12.11,

Նյուսրում

«Ցեցը» որպես քաղաքական արվեստի մրցանակ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Ցեց» երգիծական թերթն ու ՄեդիաԼաբ կայքը նախաձեռնել էին մրցանակաբաշխություն, որի նպատակը արվեստի ու մեդիա դաշտում ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող մարդկանց պարգևատրելն էր:

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, արծաթե ու ոսկե ցեցերի պատկերով կրծքանշաններ (և դրամական պարգևներ) հանձնվեցին վերջին տարիներին քաղաքական համարձակ քայլերի համար: Ընտրվել էր քայլեր անելու երեք միջոց՝ պատկեր, տեքստ և ակցիա:

«Իրականում, սկզբում ուզում էինք մրցանակներ սահմանել միայն ծաղրանկարների համար, բայց հետո տեսանք, որ Հայաստանում ծաղրանկարներ միայն մենք ենք անում և որոշեցինք ընդլայնել մրցանակի սահմանները»,- ասում է «Ցեցի» ու Մեդիալաբի հիմնադիր Մարիաննա Գրիգորյանը:

Նա վստահ է, որ քաղաքական դիրքորոշման արտահայտումը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն՝ պատասխանատու հասարակության կառուցման համար։

Մեդիան, արվեստն ու քաղաքականությունը մեկ փաթեթով վիզուալիզացնելու համար խրախուսական մրցանակ ստացավ Արփի Բալյանը (սթրիթ արթ նախագծերի և «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չե՞ս լսում» ցուցահանդեսի համար)։

«Արծաթե ցեց»-ը բաժին հասավ Միքայել Մարգարյանին՝ «Человек-Ցուցակ» տեսահոլովակի համար: Իսկ «Ոսկե ցեցը»՝ Սերգեյ Դանիելյանին՝ «Ք1» առցանց հաղորդաշարի համար։

Սերգեյ Դանիելյանը (Յոժ) այն վլոգերն է, որն ունի հստակ պատկերացում, թե ինչ է ուզում: Նա ուզում է ասել այն, ինչի կարիքը զգում է:

«Անում եմ, որովհետև կայֆ է: Դա ինքնաբուխ ծնված հաղորդաշար է, չեմ պլանավորել սարքել այն ու դրանով ամեն ինչ փոխել: Պարզապես «ՔԱՔ»-ը հասունացել էր»,- ասում է նա:

«Տեքստ» անվանակարգը ներառում էր բոլոր ժանրերի ու ոճերի տեքստերը՝ հրապարակախոսությունը, վերլուծությունը, արձակը, պոեզիան: «Արծաթե ցեցեր» ստացան գրողներ Վահրամ Մարտիրոսյանը (հրապարակախոսական հոդվածների) ու Արմեն Օհանյանը («Մայրենիք-դրոշ» վեպի) համար:

Իսկ գլխավոր «Ոսկե ցեցը» ստացավ լրագրող Մհեր Արշակյանը՝ իր հեղինակային սյունակի համար:

Իրականում, այս մրցանակները շատ խորհրդանշական են, քանի որ կոտրում են այն կարծրատիպը, որ քաղաքականությունը պետք է անջատ լինի արվեստից ու դառնա մասնագիտություն՝ մի խումբ մարդկանց համար, որոնք ստանում են «քաղաքական գործիչ» լինելու լիազորություն:

Թեև անհասկանալի է, թե ով է տալիս այդ լիազորությունը և ով է այն անվավեր ճանաչում:

Ամեն ինչն է քաղաքականություն, և դա ընդունելու համար հարկավոր են մարդ-գործողություններ, որոնց քայլերը, տեքստերն ու պատկերները ունակ են փոխել եթե ոչ իրականությունը, ապա հայացքը՝ դեպի այդ իրականություն:

«Ցեցը» մրցանակներ շնորհեց նաև «ակցիա» անվանակարգում, որի մեջ ներառված են երաժշտական, թատերային փերֆորմանսները:

«Արծաթե ցեցերին» արժանացան հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ ջութակը որպես քաղաքացիական ակտիվ գործիք օգտագործելու և ռեժիսոր Նանոր Պետրոսյանը «Վերապատմում» անտրեպրիզային ինտերակտիվ ներկայացման համար:

Իսկ գլխավոր «ցեցի» տերը դարձավ վերջին տարիների ամենապրովոկացիոն ու խիզախ փողոցային ակցիայի հեղինակ Արտակ Գևորգյանը, որի ստվարաթղթե կանաչ և ուրախ տանկը փորձաքար էր ուժային կառույցների համար: Արվեստը հակադրվեց պետական կառույցների տրամաբանությանը ու դրանով դարձավ ծայրաստիճան քաղաքական:

Քաղաքական հստակ դիրքորոշումը բնական պահանջ է: Եվ այդ մասին արժե հիշել, երբ որոշ արվեստագետների ու մեդիա անձանց հասցեին հնչում են կշտամբանքներ՝ պատեհապաշտ քայլեր անելու համար:

Սերգեյ Դանիելյանն, օրինակ գիտի, որ փող վաստակելու համար չի անում իր հաղորդումը.

«Պարզ է, որ Յություբում չեմ կարող շատ փող աշխատել, քանի որ միևնույն է իմ հաղորդումների դիտումները չեն անցնում 100 կամ 200 հազարը: Իսկ դա փող չի: Արվեստը թեև երբեմն խփում է նշանակետին ու ցավեցնում է, բայց մեծ իմաստով՝ օգնում է հասարակության մեջ ապահովել հավասարակշռությունը»:

Եվ ոչ միայն հավասարակշռությունը, այլև՝ էներգիան: Լիցքավորող արվեստը անպայման անցնում է աննկատ (կամ էլ միտումնավոր ակնառու) քաղաքական սահմանագծով:

 

Նունե Հախվերդյան

Լուսանկարները MediaLab.am կայքից, հեղինակ Անի Գևորգյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *