2017.12.03,

Նյուսրում

History of Armenian Typography on 300 Square Meters

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Կույրերի համար ստեղծված Մունի գրատիպից (13-րդ դար) մինչև հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք», Աշխարհացույց քարտեզից մինչև Հայաստանի նորագույն շրջանի թղթադրամներ՝ տեղ են գտել Գրատպության թանգարանում: Նմուշների մի մասը հենց բնօրինակներ են:

Երևանի Տերյան փողոցում գործող Գրատպության թանգարանը ներկայացնում է հայ տպագրության պատմության զարգացման փուլերը:

Թանգարանը գործում է մոտ 300 քմ տարածքի վրա, Հայաստանի ազգային գրադարանի ենթակայությամբ, որը համարվում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը:

Թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը պատմում է, որ Գրատպության թանգարանի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 5 տարի: Բացումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 25-ին:

Թանգարանի վեց սրահներում ցուցադրվում են հայ տպագրության բացառիկ նմուշներ:

Սրահներից մեկում ներկայացված են սփյուռքի այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Գրահրատարակչության սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, հաջորդ սրահում՝ Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:

Թանգարանի մուտքի մոտ տեղադրված մամլիչը՝ արտադրված Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, ինչպես ցուցանմուշներից մի քանի տասնյակը, ձեռք են բերվել աճուրդներից:

Թանգարանը միտում ունի դառնալու հայ գրքի հետազոտման կենտրոն:

Այստեղ ցուցադրվում է գերմանացիներին հայերենի հետ ծանոթացնելու առաջին գիրքը (17-րդ դար, Լայպցիգ), որը կարելի է ասել գերմաներեն-հայերեն առաջին բառարանն է:

Թանգարանի համար աճուրդներում ձեռք է բերվել նաև Ջորջ Բայրոնի ինքնագրով՝ հայերեն-անգլերեն վարժությունների գիրքը:

Ցուցանմուշների մի մասը թանգարան են տեղափոխվել հենց Ազգային գրադարանի պահոցներից: Դրանք ժամանակ առ ժամանակ ցուցադրության էին հանվում գրադարանի տարածքում, հիմա արդեն դրանց պահոցը հենց թանգարանն է:

Անգամ հայկական հմայիլները՝ արված հիմնականում կաշվի վրա, տեղ են գտել Գրատպության թանգարանում:

Սանկտ-Պետերբուրգում հրատարակվող «Արաքս» հանդեսը 1893 թվականին Չիկագոյում արժանացել է «Կոլումբյան աշխարհանդեսի մասնաժողովի» մրցանակին: Գրատպության թանգարանում պահվում է ԱՄՆ-ում տրված մեդալը և հանդեսի անգլերեն թարգմանության բնօրինակը:

Լուսանկարում՝ տիեզերք ուղարկված հայկական մագաղաթն է, որը ստեղծվել է Հայ գրի 500-ամյակի կապակցությամբ: Այն տիեզերք է տարել և վերադարձրել ռուսական «Սոյուզ» տիեզերանավի անձնակազմը:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասում է. «Մենք Եվրոպայի այն ազգերից ենք, որոնք գրատպության կայացած պատմություն ունեն: Գուտենբերգի հայտնագործությունից 60-70 տարի անց մենք արդեն այդ տեխնիկային տիրապետում էինք: Ընդ որում, դժվար էր հայերեն տառերով գիր ստեղծել, քանի որ ողջ Եվրոպան լատիներենի համար էր աշխատում: Հայերեն տառ ձուլելն այն ժամանակվա համար տեխնոլոգիական նվաճում էր»:

Ազգային գրադարանում պահվում է ռումինացի դիվանագետ և ճանապարհորդ Միլեսկուի գրքի մի քանի էջերի պատճենը, որտեղ ասվում է, որ գրատպության վերաբերյալ տեղեկություններ Ասիայից Եվրոպա են բերել Մարկո Պոլոն և հայ Անտոնը:

«Մեր տպագրիչները ժամանակին հասկացել են, որ տպագրությունը հայերի համար փրկություն կարող է լինել, բազմաթիվ զոհողությունների են գնացել տպագրություն կազմակերպելու համար: Օրինակ Ոսկան Երևանցին մինչև կյանքի վերջը հալածվել է Հռոմի կողմից: Նա ժամանակի ամենահարուստ մարդկանցից է եղել, բայց կյանքի վերջին շրջանում աճուրդի է դրել իր սքեմը, գումարը ներդրել տպագրության մեջ: Չունենալով պետականություն, հայերն այդ երազանքներով թերթ են տպել, ողջ աշխարհում մեծ շուքով նշել են հայկական տպագրության 400-ամյակը: Այս ամեն հաշվի առնելով, մենք Գրատպության թանգարան ունենալ պարտավոր էինք»,- ասում է Ազգային գրադարանի տնօրենը:

Խոսելով աճուրդների մասին, Տիգրան Զարգարյանը նշում է, որ հայ գիրքը դրսում շատ թանկ չէ, քանի որ և շուկան է փոքր: Սա էլ հենց հնարավորություն է տալիս ոչ այնքան մեծ գումարներով ձեռք բերել հայ գրատպության համար կարևոր նմուշներ:

Տեքստը և լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *