2017.11.20,

Նյուսրում

Վտանգներն ու իրազեկումը՝ երեխաների տեսանկյունից

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ամփոփվել է «Երեխաների կարծիքով …» համազգային հարցումը, որի նպատակը լսելի դարձնելն է երեխաների մտքերն՝ իրենց ապագայի, շրջապատող վտանգների ու իրավունքների մասին:

Այդ հարցումը և հետազոտությունն իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» հետ համագործակցությամբ: Տվյալները հավաքագրվել են Հայաստանի 67 դպրոցներում՝ ներառելով 10 մարզերը և Երևանը:

Հարցումն իրականացվել է հարցաթերթիկների և ֆոկուս խմբային քննարկումների միջոցով՝ մոտ 1200 երեխաների շրջանում: Հարցերի մշակմանը մասնակցել է նաև Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ընտրության բազմակի տարբերակներ ունեցող հարցերը կազմվել են երեխաների տարիքին համապատասխան: Փորձ է արվել խուսափել ուղղակի հարցերից, որոնք սթրեսային իրավիճակ կստեղծեին և կհանգեցնեին արդյունքների ակնհայտ սահմանափակումների։

Հետազոտության հեղինակները նաև ասում են. «Միաժամանակ, հարցումը երեխաների համար ուսուցողական վարժություն էր, քանի որ նրանք հարցաթերթիկը լրացնելիս ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեցին իրենց իրավունքների մասին»:

«Երեխաների կարծիքով …»  հարցման նշանակետում էին անվտանգության և բռնության, սոցիալ-հոգեբանական բարեկեցության, երեխաների իրավունքների, դպրոցի ու ապագայի մասին հարցերն են:

Հարցման մեջ ներառված են նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերը: Երեխաների 52%-ը խոստովանել է, որ օրական երկու ժամ է հեռուստացույց դիտում, իսկ 9%-ը՝  չորս ժամից ավելի:

Դպրոցականներն ավելի հաճախ օգտվում են ինտերնետից: Մինչև երկու ժամ` 41,5%, 2-4 ժամ՝ 24,4%, 4 ժամից ավելի՝ 26,4%:

Իսկ 89%-ը նշում է, որ գիտեն, թե ինչպես օգտնվել ինտերնետից անվտանգ կերպով: Նրանց 64%-ը պատասխանել են, որ ինտերնետային անվտանգության հմտությունները սովորել են ոչ դպրոցում:

Երեխաների 84%-ը մեծ կարևորություն է տալիս այն փաստին, որ Հայաստանում պետք է ավելի շատ աշխատանքներ տարվեն՝ բռնության դեպքերը կանխելու համար:

Անվտանգության հարցը դիտարկվել է ոչ միայն իրական, այլև վիրտուալ տարածքում: Պարզ է դարձել, որ

  • Հարցվածների 92%-ը օրական նվազագույնը երկու ժամ համացանց է օգտագործում և 88%-ը տեղյակ է՝ ինչպես անվտանգ օգտվել համացանցից։
  • Հարցվածների 13%-ը նշել են, որ որևէ չափահաս անձ փորձել է առցանց կապ հաստատել իրենց հետ և զրուցել ինտիմ թեմաների շուրջ, իսկ հարցվածների 7%-ը նշել են, որ վիրավորական բնույթի առցանց հաղորդագրություններ են ստացել։

Անչափահասների և մեծահասակների միջև առցանց հաղորդակցության տվյալները անհանգստացնող են: Հարցվածների մոտ 11%-ը նշել է, որ այլ երեխաներից կամ մեծահասակներից առցանց կամ բջջային հեռախոսով ստացել են վիրավորական հաղորդագրություններ:

«Այդ հարցերը պահանջում են հատուկ ուշադրություն՝ կապված թե՛ երեխաների շրջանում ՏՏ անվտանգության մասին իրազեկվածության մեծացման, և թե՛ իրավապահ մարմինների կողմից ավելի արագ մոնիտորինգի ու կանխարգելման մեխանիզմների ընդլայնման հետ»,- ասվում է եզրակացության մեջ:

Գրաֆիկը ցույց է տալիս երեխաների համար ամենավտանգավոր տեղերը և իրավիճակները

«Երեխաների կարծիքով …»  հարցման ընթացքում ստեղծվել են պայմաններ, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան իրենց կարծիքն արտահայտել առանց անհանգստանալու, թե պատասխանները կարող են ստուգվել:

Այդ նախապայմանը հարցման արդյունքներն առավեն հետաքրքիր է դարձնում, քանի որ բացի առաջին շերտից ի հայտ է գալիս նաև թաքնված շերտը:

Որոշ դեպքերում երեխաների պատկերացումներն ու իրականությունը դժվար համադրելի են, և կարիք է զգացվում առավել խորը ուսումնասիրության, թե ինչպես են կարծրատիպերը ազդում անկեղծ լինելու նրանց որոշման վրա:

  • Երեխաների 84%-ը նշել են, որ Հայաստանում պետք է ավելի շատ ջանքեր գործադրվեն ծաղրանքն ու հետապնդումը կանխարգելելու նպատակով։
  • Հարցված երեխաների 38%-ը տեսել են՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում կամ բռունցքներով հարվածում։
  • 43%-ը նվազագույնը 1-5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես են եղել:
  • Միայն 9%-ն են միջադեպերի մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:
  • Երեխաների 90%-ը պատասխանել է, որ չունեն հարված ստանալու կամ բռնության ենթարկվելու մտահոգություն:

Համադրելով այդ արդյունքները, կարելի է տեսնել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության: Բայց միևնույն ժամանակ, 90%-ը ասել են, որ բռնությունը կիրառվել է ոչ իրենց նկատմամբ:

Վերջերս հրապարակված 2015-2016 թվականների Հայաստանի դեմոգրաֆիական և առողջապահական հարցումը (DHS), բացահայտել է, որ 1-14 տարեկան երեխաների 70%-ը ենթարկվել են ֆիզիկական (38%) կամ հոգեբանական (65%) բռնության: Իսկ «Երեխաների կարծիքով…» հարցման արդյունքներով՝ երեխաները տրամադրված չեն նշել, որ ենթարկվել են բռնության:

«Կարելի է ենթադրել, որ երեխաները չունեն իրենց հետ պատահած միջադեպերի մասին խոսելու ցանկություն, որը խոսում է այն մասին, որ Հայաստանում առհասարակ տրամադրված չեն բարձրաձայնել բռնության դեպքերը: Սա հանգեցնում է այն եզրակացության, որ երեխաներին թե՛ դպրոցներում, և թե՛ համայնքներում բռնության ենթարկելն ու հարվածելը լայնորեն տարածված է, սակայն դա առկա է թաքնված իրականության մեջ, որն ավելի խորը վերլուծության կարիք ունի»,- ասված է եզրակացության մեջ:

Հարցումը նաև ցույց է տվել, որ Հայաստանի երեխաները լավ պատկերացնում են իրենց ապագան, գիտեն, թե ինչ են անելու դպրոցն ավարտելուց հետո:

Հետազոտության հեղինակները ընդհանուր վստահությունը համարել են ամենաոգևորիչ տվյալը, բայց նաև նշել. «Դժվար է չափել, թե արդյոք նրանք իրականում պատկերացնում են մարտահրավերները, որոնց առջև կանգնելու են հասուն տարիքում»:

Երեխաների ավելի քան 64 %-ը պատասխանել է, որ կարիք ունեն ավելի շատ հնարավորությունների՝ ազդեցություն ունենալու համար կրթությանն ու դպրոցին վերաբերող խնդիրների վրա:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *