2017.10.17,

Նյուսրում

Պետական բյուջեի նախագծով ոչ պետական մամուլի գումարները կնվազեն

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ հրատարակչությունների, խմբագրությունների ծախսերը կնվազեն 10.2%-ով (108.9 մլն դրամ): 2018 թվականին ոլորտի համար նախատեսված է 962.2 մլն դրամ հատկացում՝ 2017 թվականի 1,071.1 մլն դրամի դիմաց:

2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում նշվում է, որ նվազումը պայմանավորված է աշխատանքների օպտիմալացմամբ և ծախսերի կրճատմամբ:

2013 և 2014թթ. նշված տողով հատկացվել է շուրջ 47,7 մլն դրամ, իսկ 2015-ից այդ գումարը հասավ շուրջ 49 մլն դրամի:

Վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ կնվազի ոչ պետական մամուլի հրատարակման համար հատկացվող գումարը՝ 3.2 մլն դրամով:

Ամեն տարի կառավարությունն աջակցություն է ցուցաբերում պետական և ոչ պետական որոշ թերթերի, ամսագրերի և էլեկտրոնային պարբերական։

2017թ.-ին պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է շուրջ 170 մլն դրամ։

Դրանից 73 մլն դրամից ավելին հատկացվել է երկու պետական թերթերի՝ «Հայաստանի հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա»։ Այս թերթերին բաժին է հասել համապատասխանաբար 47 մլն 121 հազար և 26 մլն 372 հազար դրամ։

Շուրջ 97 մլն դրամ բաշխվել է 70 պարբերականների միջև։ Դրանք ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող, մշակութային (թղթային և էլեկտրոնային), մարզական, մարզային, մանկական, մանկապատանեկան թերթեր ու ամսագրեր են (այդ թվում՝ 3 հավելված):

Թերթերից 14-ը ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնողներն են (ռուսերեն, եզդիերեն, քրդերեն, ուկրաիներեն, լեհերեն, հունարեն, եբրայերեն, վրացերեն, բելոռուսերեն, ասորերեն):

Դրանց լույս ընծայմանն աջակցելու նպատակով պետբյուջեից փոխանցվել է 11 մլն 77 հազար դրամ։ Ամենախոշոր աջակցությունը հայերեն և ուկրաիներեն լեզուներով լույս տեսնող՝ Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի «Դնիպրո-Սլավուտիչ» թերթինն է՝ 2 մլն 648 հազար դրամ:

4 թերթ 900 հազարական դրամ են ստացել, 1-ը՝ 800, մնացածները՝ 500 հազարական դրամ:

Մշակութային մամուլ տողով 23 մշակութային թերթերի, ամսագրերի և մշակութային հավելվածների տրամադրվել է 25 մլն 100 հազար դրամ:

Ամենաշատ գումարը մշակութայիններից հատկացվել է ամսագրերին՝ 4 մլն դրամ՝ «Արտասահմանյան գրականություն», 3 մլն դրամ՝ «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) և 2 մլն-ական դրամ՝ «Գարուն» և «Նորք» ամսագրերին։

«Իրավունք» թերթը ստացել է ՝ 300 հազար դրամի աջակցություն։  

Էլեկտրոնային թերթերից միայն երեքին են կառավարությունում որոշել աջակցություն ցուցաբերել՝ «Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ի granish.org կայքին՝ 600 հազար դրամ, «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի cultural.am-ին՝  500 հազար դրամ և «Հայ գրքի կենտրոն» մշակութային միություն» ՀԿ-ի arteria.am-ին՝ 400 հազար դրամ։

Մարզական մամուլն, ըստ ամենայնի, այդքան էլ չի հետաքրքրում գործադիրին․ այս տարի ընդամենը մեկ թերթի է աջակցություն ցուցաբերվել՝ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի «Մարզաշխարհ»-ին՝ 300 հազար դրամով։  

Մարզային թերթերը, ի տարբերություն օրինակ մանկականների, հիմնականում ստացել են 500 հազարական դրամ․ 12 մլն 600 հազար դրամը բաժանվել է 25 թերթերի միջև։

Իսկ ահա մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման համար պետբյուջեից հատկացվել է 47 մլն 117 հազար դրամ: Ի դեպ, այս գումարը տրամադրվել է 7 թերթի և ամսագրի:

Այստեղ առյուծի բաժինը հասել է երեքին՝ «Կանչ» մանկապատանեկան թերթին՝ 16 մլն 763 հազար դրամ, «Աղբյուր» ամսագրին՝ 10 մլն 543 հազար դրամ և «Ծիծեռնակ» ամսագրին՝ 10 մլն 645 հազար դրամ։ Մնացած չորսը ստացել են մինչև 2 մլն 500 հազարական դրամ։

 

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *