Հայտնի են 2017թ-ի այն լավագույն լրագրողական պատմությունները, որոնք Հայաստանում ընթացող փոփոխությունների և դրանց ազդեցության մասին են:
«Իմ մեջ արդեն հաղթահարել էի դժվարությունները, փոխվել, դարձել լիովին նոր մարդ: Ցանկացա այս փոփոխության մասին խոսել, ոգևորել այն կանանց, ովքեր ազատության փնտրտուքների մեջ են: Եթե ուժ ես գտնում քո մեջ, ամեն ինչ հնարավոր է դառնում»,-հուզված ասում է «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի Գործող անձ (Homo Agendi) ճանաչված Հասմիկ Խաչատրյանը՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոսը:
Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Hetq.am-ի լրագրող Հրանտ Գալստյանը` «Ապրիլի զոհերը» նյութի համար: Այն տվյալների լրագրության ու մարդկային պատմությունների միջոցով ներկայացնում է 2016թ.-ի քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքները: Հոդվածը քննում է հիպոթեզը համաձայն որի այդ ընտանիքների գերակշիռ մասը սոցիալապես անապահով են:
«Կարծում եմ սա հնարավորություն էր ևս մեկ անգամ կարդալու նյութը, մտածելու խնդրի մասին: Նպատակն այն է, որ հասարակության և լրատվամիջոցի միջև կապ ստեղծվի՝ խոսելու փակ թեմաների մասին»,- նշում է Հրանտը:
Ժյուրիի միաձայն հավանությանն է արժանացել Ampop.am-ի թիմի աշխատանքը՝ Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում:
«Մեր լրագրությունն այդքան էլ մատչելի չէ լայն հասարակությանը, ավելի շատ ուզում ենք օգնել մեր գործընկերներին, որպեսզի ձևավորեն լրատվական օրակարգ: Ընտրություններից առաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրների մասին մեր ուսումնասիրություններով ուզում էինք կայծ գցել լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ»,-պատմում է թիմի ղեկավար Սուրեն Դեհերյանը:
Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում ժյուրին հիմնական մրցանակ չի շնորհել, փոխարենը հատուկ մրցանակ է շնորհվել Սուսան Բադալյանին՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Պետության պոզիտիվ պարտավորությունը. միայնակ տարեցների խնամք» պատմության, Անուշ Մուրադյանին՝ Azatutyun.am-ում հրապարակված «Հաշմանդամության կարգ ունեցողների թիվը կրճատվում է, քաղաքացիները բողոքում են» տեսանյութի համար:
Երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները: Մրցույթին այս տարի ներկայացվել է 135 լրագրողական աշխատանք 36 լրատվամիջոցներից:
«Մասնակիցների թիվն էր այս տարի ավելացել, սակայն չէի ասի թե որակական տարբերություններ կային: Բավական հետաքրքիր նյութեր էին ներկայացվել, բայց յուրաքանչյուր անվանակարգում հաղթող է ճանաչվել մեկական նյութ: Հարցը կարծես թե լուծվել է հատուկ և խրախուսական մրցանակների միջոցով»-մեկնաբանում է մրցույթի ժյուրիի անդամ, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Տարբեր ժանրեր ներկայացնող լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս ժյուրին կարևորել է աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:
Ժյուրին խրախուսական մրցանակներ է շնորհել պատմությունների, որոնք հետաքրքրել են, հուզել կամ հիացրել:
Լավագույն թվային պատմության համար հատուկ մրցանակ է շնորհվել Civilnet.am-ում հրապարակված «Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար» տեսանյութի հեղինակ Ժաննա Պողոսյանին:
«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ճանապարհ» ֆիլմի հեղինակ Անժելա Ֆրանգյանը ստացել է հատուկ մրցանակ՝ մասնագիտական բարձր որակի և հերոսների հետ յուրահատուկ աշխատանքի համար:
«Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի «Հանուն հավասարության» թողարկման համար հեղինակներ Սոնա Աբրահամյանը և Աելիտա Չիլինգարյանը հատուկ մրցանակի են արժանացել՝ սոցիալական կարևոր թեմայի ամբողջական և բազմակողմանի լուսաբանման համար:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում մարզեր մեկնող երիտասարդ ուսուցիչների ոգևորող կերպարները Mediamax.am-ում գրավիչ պատմությունների շարքով ներկայացնելու համար խրախուսական մրցանակ է շնորհվել լրագրող Լուսինե Ղարիբյանին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իր կողմից պատվոգրեր է հանձնել երեք նյութի հեղինակներին՝ Թեհմինե Ենոքյանին` «Փուչիկ արդարադատություն» ֆիլմի, Զարուհի Մեջլումյանին և Գրիշա Բալասանյանին՝ «Բանտային սնունդը» հոդվածաշարի, Ռուզաննա Գիշյանին և Արուս Հակոբյանին՝ «Գյուղամեջ․ արևին ամենամոտ գյուղը․ Բասեն» ֆիլմի համար:
Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ անվանակարգի հաղթողին այս տարի որոշելու են մրցույթի մասնակիցները: Նրանք քվեարկելու են ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած 20 նյութից որևէ մեկի օգտին:
«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ:
Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: