Արդարադատության նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի վերաբերյալ առաջարկություններն ամփոփելու գործընթացում է: Նախարարության e-draft-ի միջոցով, գրավոր և բանավոր ներկայացրած առաջարկությունները հավաքված են մեկ էլեկտրոնային փաստաթղթի մեջ:
Առաջարկությունների մեջ կան այնպիսիք, որոնք մտահոգում են քաղաքացիական հասարակությանը: Եթե դրանք մնան նախագծում, ապա օրենքը կարող է մահակ դառնալ լրագրողների գլխին:
Օրինակ, աշխատանքային նախագծում տարբերակ կա, համաձայն որի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կտարածվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, 50 և ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկների, համայնքային բյուջեներից ֆինանսավորվող, ինչպես նաև հանրային նշանակության այլ կազմակերպությունների վրա։
Այսինքն, եթե պետական հիմնարկում աշխատակիցների թիվը 50-ից փոքր է, ապա տվյալ կազմակերպությունը պարտավորված չի լինի պատասխանել լրատվամիջոցների հարցումներին: Սա վերբերում է, ասենք, համայնքային մանկապարտեզներին, մշակույթի պալատներին եւ այլ փոքր հիմնարկների, որոնց, օրինակ, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբը բազմաթիվ հարցումներ է ուղարկում։
«Ասպարեզ»-ի նախագահ Լևոն Բարսեղյանն այս նախագիծը համարում է աննախադեպ խայտառակություն: «Գրված է մի օրենք, որն ըստ էության չի գործելու: Մենք իհարկե մտավախություն ունեինք, որ իշխանությունն այս օրենքն այնպես է թուլացնելու և կոտրելու, որ այն 14 տարի անխափան գործելուց հետո՝ կենսունակ չլինի: Մի երկու դրույթներով՝ այս օրենքի գործունեությունն ամբողջությամբ խափանվում է»:
Նա կարծում է, որ լրատվամիջոցների, այդ թվում` «Ասպարեզի» տարեկան մոտ 4000-ի հասնող հարցումներն են նաև պատճառը, որ օրենքը փոխում են:
Մեկ այլ խնդիր է օրենքի նախագծի 11-րդ հոդվածի կետերից մեկը, որը սահմանում է, որ տեղեկատվություն պահանջող հարցումը կարող է մերժվել, եթե այն ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն: Այսինքն՝ տեղեկատվություն տրամադրողը առանց որևէ չափանիշ ունենալով պետք է որոշի՝ հարցման առարկան ակնհայտորեն պարունակու՞մ է հանրային հետաքրքրություն, թե՞ ոչ:
Նույն հոդվածի մեկ այլ կետում նշված է, որ հարցումը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ ու անհիմն վատնման։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ օրենքի այս նախագիծը կոչված է քաղաքական խնդիր լուծելու, բայց՝ ոչ տեղեկատվության ազատության զարգացմանը:
«Իշխանությունները տպավորություն են ստեղծում միջազգային հանրության առաջ, թե իբր սա կոռուպցիայի դեմ պայքարի մի մասն է և այլն: Եթե դա այդպես լիներ, երկրի առաջին երեք դեմքերի գնումները չէին դասի պետական գաղտնիքի շարքին: Այսինքն այստեղ թափանցիկության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Մելիքյանը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը նկատեց, որ հենց լրատվամիջոցները պետք է պատշաճ կերպով արձագանքեն աշխատանքային փաստաթղթին, հետագայում խնդիրներից խուսափելու համար:
Արդարադատության նախարարության իրավաբան Էմիլ Մարգարյանը այս նախագծի տարբերակի կազմողն է։ Նա ասում է, որ բոլոր առաջարկները արդյունք են և արտացոլում են նախորդ նմանատիպ քննարկումների ժամանակ հնչեցրած առաջարկները։ Մարգարյանը վստահեցնում է որ առաջարկվող դրույթները ամենևին էլ վերջնական չեն և դեռ քննարկումների փուլ են անցնելու: Ըստ նախարարության ներկայացուցչի քաղաքացիական հասարակության առաջարկները հաշվի են առնվելու, իսկ այս նախագիծը ընդամենը միջանկյալ աշխատանքային տարբերակ է:
«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի գաղափարը կառավարությանն է: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ ընդհանրապես նոր օրենք գրելու կարիք չկար: Բավական էր գործող օրենքում մի քանի խմբագրական ու տեխնիկական շտկումներ անել:
Նախարարությունն ի սկզբանե հայտարարել էր, որ օրենքի նախագիծը կառավարության քննարկմանը պետք է հանձնվի 2017թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն, քանի որ առաջարկությունների ծավալը մեծ է, այդ ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 1-ը:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: