2017.09.19,

Նյուսրում

«Օրակարգ»-ում դեմ չեն մշտադիտարկմանը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 18-ին «ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությամբ» անվանումով զեկույց է հրապարակել: Զեկույցի հեղինակները նշում են, որ Հանրային հեռուստատեսության «Օրակարգի» եթերում գերիշխում է իշխող կուսակցության և այն քաղաքական ուժերի տեսակետների լուսաբանումը, որոնք համարում են, որ Հայաստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) այլընտրանք չկա։

Զեկույցի համար առիթ է հանդիսացել Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ «օնլայն լրատվամիջոցներում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը բազմակողմանիորեն քննարկվում է և դարձել է ներքաղաքական կյանքի առաջնային հարցերից մեկը»։

«Օրակարգի» երեկոյան թողարկումները մշտադիտարկվել են սեպտեմբերի 8-17-ը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշում է, որ կազմակերպությունը մշտադիտարկում է տարբեր պոտենցիալ քարոզչական թեզեր: «ԵԱՏՄ-ի քարոզչությունը մեր հիմնական ուղղությունը չի, բայց քանի որ վերջին շրջանում նկատվեց ակտիվ միակողմանի լուսաբանում Հանրային հեռուստատեսությամբ, որոշեցինք հանրությանը տեղեկացնել այդ մասին արտահերթ միջանկյալ զեկույցով»,- ասում է Իոննիսյանը:

«Որևէ այլ տեսակետ քան Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում և Հայաստանը օգուտներ է քաղում ԵԱՏՄ-ից  Հ1-ի՝ գոնե «Օրակարգի» երեկոյան եթերում չի եղել»,- ասում է Իոննիսյանը: Նրա խոսքով՝ ցանկացած լրատվամիջոց պարտավոր է բազմակողմանի անդրադարձ կատարել բոլոր հարցերին, բայց «երբ խոսքը գնում է մի լրատվամիջոցի մասին, որը հանրային միջոցներով, մեր վճարած հարկերից է նաև սնվում, այս դեպքում բազմակողմանիության պահանջն ավելի ծանրակշիռ է»:

Հանրային հեռուստատեսությունում տեղյակ չեն եղել, որ իրենց մշտադիտարկում են: Հեռուստաընկերության լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանը մշտադիտարկման արդյունքներին ծանոթ չի և այն լուրջ չի համարում՝ «էլ ավելին՝ զարմացած եմ, որ դուք լուրջ եք ընդունում ոչ մասնագիտացված կառույցի գործողությունը»:

Հարությունյուն Հարությունյանը «ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությամբ» զեկույցն այսպես է մեկնաբանում.

«Ձեր հարցից հասկացա, որ զեկույցում դատավճիռ կա: Նորմալ է, Հայաստանի դեպքում նույնիսկ շատ նորմալ է: Առաջին անգամը չէ, որ հանդիպում եմ սուբյեկտիվ կարծիքի: Այս առիթով մի դեպք հիշեցի, պատմեմ. Մի անգամ Լոնդոնի հասարակության վիճակագրական վարչության տնօրեն Յեյստին լրագրողներից մեկը դիմել էր հարցով, թե Թյոդորների դինաստիայի բոլոր հզոր թագավորները, որոնց անունը Հենրիխ է եղել, մահացել են ուրբաթ օրերին: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ուրբաթ օրը համարվում է ճակատագրական Հենրիխների համար»: Ուշադրություն դարձրեք, լրագրողը հարցնում է «Կարելի՞ է արդյոք եզրակացնել…»: Հարցնում է, ոչ թե միանգամից դատավճիռ կարդում ինչպես Ձեր հերոսը: Մեծ մաթեմատիկոսը պատասխանել էր. «Ձեր հիփոթեզը չի հակասում վիճակագրական տվյալներին: Առաջարկում եմ շարունակել հսկողությունը»:

«Թող շարունակեն մշտադիտարկումը: Մի բան էլ՝ շնորհակալ եմ, որ մեզ այսպես ուշադիր հետևում են»,- եզրափակում է Հարություն Հարությունյանը:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *