«Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը պատրաստվում է բողոքարկել Ոստիկանության Մալաթիայի բաժնի կայացրած որոշումը:
Երևանի ավագանու վերջին ընտրությունները լուսաբանելիս լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ է հնչեցրել թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արայիկ Գևորգյանը՝ ասելով. «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը»:
Հռիփսիմե Ջեբեջյանը Մալաթիայի ոստիկանության բաժնի հետաքննիչին զանգելուց հետո է միայն տեղեկացել, որ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Քրեական գործի մերժման մասին որոշումը, ըստ լրագրողի, իրեն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե գործը հետաքննել են մամուլի հրապարակման հիմա վրա: Նա ստիպված է եղել գրավոր դիմում գրել Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետին, որպեսզի ստանա որոշումը և կարողանա բողոքարկել այն:
Տեղի ունեցածի մեջ հանցակազմ չտեսնելն ու քրեական գործ չհարուցելը Հռիփսիմեի համար առավել քան տարօրինակ է: «Երբ ցուցմունք էի տալիս, հետաքննիչի հարցերից արդեն իսկ ենթադրում էի, որ կա կանխակալ մոտեցում: Օրինակ, ինձ հարցնում էր՝ Արայիկ Գևորգյանը քեզ ասե՞լ է՝ կմորթեմ, կսպանեմ կամ առողջությանը այդպիսի վնաս հասցնելու մասին սպառնալիքներ եղե՞լ են: Ես բնականաբար պիտի պատասխանեի՝ ոչ, չի եղել, որովհետև ինչ ասել է՝ կա տեսագրությունում: Այսինքն, ստացվում է, որ մռութս ջարդելը քիչ է, պիտի անպայման մորթեր»,- ասում է նա:
Հռիփսիմեն միակ լրագրողը չէ, որի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել կամ խոչընդոտել մասնագիտական գործունեությունը վերջին երկու ընտրությունների ժամանակ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպք, իսկ Երևանի ավագանու ընտրությունների օրը համապատասխանաբար՝ 2 և 4 դեպք:
Խորհրդարանական ընտրությունների օրը Կոնդ թաղամասում մի շարք քաղաքացիներ հարձակվել են Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի և օպերատորի վրա, երբ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ կուտակումներ են նկատել: Նրանք փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում շտաբի ներսում, ինչու են մարդիկ հերթով ելումուտ անում։
Նույն պահին այդտեղ է եղել նաև «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը, որը կարողացել է նկարահանումներ կատարել շտաբի ներսում:
Փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում Շողիկ Գալստյանի և Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար թաղամասի բնակիչներ Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Գործը մեղադրական եզրակացությամբ արդեն դատարանում է, և քննությունը կշարունակվի հուլիսի 3-ին: Առաջին նիստը, որ նշանակված էր մայիսի 30-ին, հետաձգվեց՝ մեղադրյալներից մեկի ու տուժողներից մեկի ու նրա փաստաբանի բացակայության պատճառով:
Շողիկն ասում է, որ իր համար այժմ էական չէ, թե ինչ պատիժ կկրի իր նկատմամբ բռնություն գործադրած անձը, չնայած կարծում է, որ «խիստ պատիժ չի լինի»:
Նրա համար կարևոր էին դեպքի այլ հանգամանքները, որոնք պետք է լուրջ քննության առիթ լինեին: Խոսքը շտաբում բաժանվող գումարների մասին է. քննչական հատուկ ծառայության գնահատականով՝ բաժանվող գումարները ոչ թե ընտրակաշառք էին, այլ աշխատավարձ:
Շողիկ Գալստյանին տխրեցնում է նաև այն, որ նախաքննության արդյունքում չի պարզվել, թե ում հրահանգով են այդ քաղաքացիները գործել ու խոչընդոտել իրենց աշխատանքը․«Քննչականում գտան, որ մենք իրավունք չունեինք այդ տարածքում (շտաբում) աշխատել: Մնաց միայն այն մասը, որ մեզ խոչընդոտել են, մեր ձեռքից խլել տեսախցիկը, հրել և վերջ: Սա շատ հիասթափեցնող և տխրեցնող է: Եթե այդ դեպքը ուշադրության չի արժանացել, ապա թե ինչ պատիժ կկրի իմ նկատմամբ բռնություն գործադրած կինը, մեծ հաշվով այդքան էլ էական չէ»:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը մեկ անգամ «տուժել է» խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դարձյալ Կոնդ թաղամասում։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: «Քննիչի որոշմամբ՝ աշխատանքս չի խոչընդոտվել, իսկ մեղադրանք առաջադրված կնոջ արարքում հանցակազմ չեն գտել, քանի որ, նրա պնդմամբ, ինքը չի հարվածել, այլ հրել է երկու անգամ տեսախցիկս։ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, ըստ ցուցմունքների, միջադեպի ականատեսը չի եղել»,- ասում է լրագրողը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահը պնդել է, թե լրագրողն է խանգարել ընտրական գործընթացին․«Մեղադրյալի ու հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ առերեսման եմ մասնակցել, որից հետո գործը կարճել են»։
Մյուս դեպքի մանրամասները, որ տեղի է ունեցել ավագանու ընտրությունների ժամանակ, քննչական մարմնում դեռևս ուսումնասիրում են. «Մեկ անգամ հարցաքննվել եմ ավելի քան 20 օր առաջ, դեռ նորություն չկա»։
Տիրայր Մուրադյանը, հաշվի առնելով նախորդ գործի հետ կապված զարգացումը, մեծ հույսեր չի կապում ՀՔԾ-ի վարույթում քննվող այս գործի հետ․«Եթե պետք է փակել գործը, ապա դրա համար իրավական բոլոր հիմնավորումները կգտնեն: Այսինքն, եթե պետք լինի, գործով ներգրավված անձանց պատասխանատվության չենթարկել, ապա դա կանեն օրենքների իրենց հարմար մեկնաբանությամբ»:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: