2017.06.08,

Նյուսրում

Միշտ չէ, որ ջրանշումը լուծում է

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում լուսանկարների անօրինական վերահրապարակման մասին օնլայն և օֆլայն քննարկումներն անընդհատ են: Տեղեկատվական կայքերը, չհարգելով գործընկերների աշխատանքը՝ առանց պատշաճ հղման, գրավոր կամ բանավոր համաձայնության, հաճախ կտրելով ջրանշումը (watermark), օգտագործում են հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող լուսանկարները:

Ընդհանրապես, Հայաստանում լուսանկարների օրինական օգտագործման մշակույթի պակաս կա: Քիչ են այն լրատվամիջոցները, որոնք լուսանկարներ ստանալու և օգտագործելու համար վճարում և բաժանորդագրվում են որևէ գործակալության:

 Լուսանկարիչները, ֆոտոգործակալությունների խմբագիրները նշում են, որ խնդիրը միայն ֆինանսական չէ, կա ուրիշի արտադրանքը օգտագործելիս էթիկան պահպանելու խնդիր:

Օրենքով կարգավորման պահանջ

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն ասում է, որ գրեթե ամեն օր, հիմնականում նույն լրատվական կայքերն վերահրապարակում են իրենց գործակալության իրադարձային լուսանկարը՝ հանում ջրանշումը:

«Զանգահրում ենք, հարցնում՝ ինչու են նման կերպ վարվել: Ասում են՝ մենք ինտերնետից կտրած ենք գտել ֆոտոն, չենք իմացել, որ ձերն է: Չնայած եղել են նաև իրավիճակներ, երբ զանգահարել թույլտվություն են խնդրել»,- պատմում է Մելիք Բաղդասարյանը:

Նրա խոսքով, եթե անգամ հղում արվի գործակալությանը, դա չի փրկի ընդհանուր իրավիճակը, քանի որ դաշտը օրենսդրորեն չի կարգավորվում.

«Օրինակ, հոդվածների վերատպման դեպքում օրենքը հստակ կարգավորումներ ունի, մի մասը տեղադրվում է, հղում է կատարվում սկզբնաղբյուր կայքին, որտեղ ընթերցողը շարունակում է արդեն ամբողջական հոդվածի ընթերցանությունը: Այսպիսի մի կարգավորում է պետք նաև լուսանկարների անօրինական օգտագործումը նվազեցնելու համար»:

Մելիք Բաղդասարյանը պատմում է, որ «Ֆոտոլուր»-ի շատ լուսանկարներ համացանցում հայտնվում են իրենց բաժանորդների անբարեխղճության հետևանքով, քանի որ վերջիններս, խախտելով համաձայնությունը, դրանք տրամադրում են երրորդ կողմին.

«Աշխատում ենք լուսանկարի ամբողջական տեսքը ջրանշումից չխախտել (ջրանշումը կատարվում է լուսանկարի աջ և ձախ անկյուններում), իսկ մեր պաշտոնական կայքում, որը նախատեսված է հաճախորդների համար, ջրանշումը լուսանկարի կենտրոնում է, որը երբեմն վիզուալ խանգարում է դիտողին»:

Կամ պետք է վճարել կամ հեռացնել կայքից

Գևորգ Ղազարյանն անկախ լուսանկարիչ է, հիմնականում լուսանկարում է ֆուտբոլային հանդիպումներ: Բազմաթիվ լուսանկարներ է վաճառել միջազգային լրատվամիջոցներին և այս խնդիրը լուծելու իր տարբերակն ունի:

«Միշտ հետևում եմ իմ լուսանկարների հետագա օգտագործման ընթացքին: Եթե նկատում եմ, որ օգտագործվել է, անկախ նրանից, թե ինձ հետ կապ հաստատել են, թե ոչ, խնդրում եմ, որ այն հեռացնեն: Վստահաբար հայտարարում եմ, որ մեր լրատվական կայքերը չեն ընկալում, որ ֆոտոն արժեք ունի: Շատերի կարծիքով, դա պարզապես մի «չըխկ» է»,-ասում է նա՝ համոզված լինելով, որ եթե մի քանի անգամ կտրուկ ասես հեռացնեն լուսանկարը, կսկսեն ավելի ուշադիր լինել:

Իր գործունեության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ հատկապես սոցիալական մեդիայի իր էջից վերցրել են լուսանկարը, կտրել ջրանշումը և օգտագործել. «Այս հարցում շատ հետևողական եմ, չեմ թողնում օգտագործեն, մինչև վերջ դիմադրում եմ ու հատկապես հունից դուրս եմ գալիս երբ ասում են՝ հա ինչ է մի հատ ֆոտո է էլի… Բայց չէ՞ որ ես մի մեքենայի արժողության տեխնիկա եմ օգտագործում այն ստանալու համար: Պե՞տք է հարգվի այդ աշխատանքը, վճարվի դրա դիմաց»:

Ջրանշումը, ըստ լուսանկարչի, ոճի և էսթետիկայի հարց է, բայց իր արտադրանքի վրա ժամանակ ու գումար ծախսած մասնագետի համար ջրանշումը առաջնային խնդիր չէ: Լուսանկարիչը նախևառաջ ֆինանսական սպասելիք ունի:

Ուղիղ դատարան

Եթե ֆոտոների անօրինական օգտագործման համար դատական գործեր հարուցվեն, գուցե մեդիադաշտում ավելի ուշադիր դառնան: Նման կարծիք է հայտնում «Sputnik Արմենիա»-ի ֆոտոխմբագիր Արփի Բեգլարյանը.

«Այս պահին ջրանշումը միակ տարբերակն է, որով կարողանում ենք պաշտպանել մեր սեփական արտադրանքը: Հիմնականում այնպես ենք ջրանշում, որ ֆոտոյի  ամբողջականությունը չխախտվի: Ունենում ենք նաև բացառիկ շարքեր, որոնք այնպես են ջրանշվում, որ անհնար լինի կտրել և օգտագործել»:

Արփին օրվա մեծ մասն անցկացնում է խմբագրություններ զանգահարելով՝ լուսանկարներն օգտագործելու դեպքում պարտադիր հղում տեղադրելու պահանջով. «Երբեմն ասում են՝ չենք իմացել, որ ձեր ֆոտոն ենք օգտագործել, փնտրել ենք համացացնում թեման, գտել ենք առանց ջրանշման տարբերակ և օգտագործել: Զրույցից հետո կամ տեղադրում են հղում կամ հեռացնում այն»:

«Sputnik Արմենիա»-ում կարծում են, որ հեռախոսազանգերով խնդիրը լուծելու եղանակը ժամանակատար է ու ոչ արդյունավետ: Գործակալությունում որոշել են իրենց ֆոտոարտադրանքը պաշտպանելու համար հետագայում դատարան դիմել ու այնտեղ պաշտպանել հեղինակային իրավունքները:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *