2017.06.01,

Նյուսրում

Նոր ռադիոընկերություններ՝ ավելի լայն սփռմամբ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2017թ. հուլիսի 20-ից հետո ռադիոհեռարձակողները լիցենզիա ստանալու համար մրցույթի մասնակցելիս պետք է օրենքով սահմանված թեմատիկ ուղղվածություն առաջարկեն: Այս մասին հայտարարվել է մայիսի 30-ին Ազգային Ժողովում նոր օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ:

Լիցենզավորման արդյունքում նախատեսվում է ստեղծել մեկ ժամանցային, մեկ երաժշտական, մեկ երիտասարդական ուղղվածության և  ընդհանուր ուղղվածության 10 մասնավոր ռադիոընկերություն: Իրենց գործունեությունը շարունակելու համար մրցույթին մասնակցելու են հիմնականում գործող ռադիոկայանները: Այն բաց է նաև ոլորտում աշխատել ցանկացող այլ ընկերությունների համար:

Զեկուցողը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանն էր: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ։

Ըստ գործող օրենքի, հեռուստահաղորդումների թվային հեռարձակումը գործարկվել է 2010 թ-ից, իսկ ռադիոհեռարձակման համար ժամկետը 2017թ-ի հուլիսի 20-նն է։

ՀՌԱՀ-ի իրավաբանական և լիզենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանն ակնկալում է, որ նոր մրցույթը հնարավորություն է տալու ունենալու նոր ռադիոընկերություններ, իսկ գործողների դեպքում՝ ընդլայնելու սփռման տարածքը:

«Գործող ռադիոընկերությունները հեշտորեն կարող են բավարարել ուղղվածության պահանջը, քանի որ եղած ռադիոալիքներն ունեն ցանկի բոլոր թեմատիկ ուղղվածությունները՝ ժամանցային, երիտասարդական, երաժշտական, ընդհանուր: Մյուս կողմից մրցույթը հնարավորություն է ունենալ նոր ռադիոընկերություններ»,-ասում է Մարգարյանը՝ հավելելով, որ սփռման տարածքի ընդլայնմանը զուգահեռ պետք է բարելավել նաև որակը:

Ռադիոհեռարձակման թվայնացումը, ըստ Մարգարյանի, սպասված իրադարձություն է, թեև մի քանի անգամ տեխնիկական պատճառներով հետաձգվել է, սակայն այժմ հրատապության կարգով ներառվել է ԱԺ օրակարգ:

Վարչության պետը նշում է, որ սահմանամերձ բնակավայրերում նոր հաճախականությունների հեռարձակման խնդիր կա, քանի որ ադրբեջանական և թուրքական ռադիոալիքների սփռումը հասանելի է այս շրջաններում. «Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան տեղեկություն ստանալ հայկական ռադիոընկերություններից»:

Թուրքական և ադրբեջանական հաճախականությունների դեմ պայքարի իր տարբերակն է առաջարկում «Ռադիո Վան»-ի հիմնադիր տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: Նա առաջարկում է լիցենզիայի տրամադրման պայման դարձնել ռադիոընկերությունների համար իրենց սեփական ռեսուրսներով մարզային երկու հաճախականություն ծածկելը:

«Մեր սեփական ծրագրերով, առանց հավելյալ աջակցության ակնկալիքի, պատրաստ ենք մարզային հեռարձակման, այն պայմանով, որ նույն ռադիոկայանի մարզային հաճախականություններն ազատվեն պետական տուրքերից: Պետությունը լուծում է թուրքական-ադրբեջանական ռադիո հեռարձակման հարցը, իսկ ես մեծացնում եմ իմ լսարանը»,- ասում է Արևշատյանը՝ ավելացնելով, որ սա փոխշահավետ համագործակցություն է:

Ինչ վերաբերում է ռադիոյի թվայնացման գործընթացին, վերջինս կարծում է, որ պետության համար պարզ չէ թվայինի անցնելու տրամաբանությունը, ֆորմատի ընտրությունը, ուղղվածությունների որդեգրումը. «Ամեն կողմից սեղմում են, չեն թողնում ինքնուրույն առաջ շարժվել, ասենք ես ունեմ երաժշտական ռադիոկայան, ինչո՞ւ պետք է քաղաքական գովազդ եթեր հեռարձակեմ»:

Փոփոխություններ են նախատեսվում նաև  «Պետական տուրքի մասին» օրենքով՝  Երևանում և մարզերում բարձրանալու են հեռարձակման տարեկան տուրքերը՝ հանրապետական սփռման դեպքում 500 հազար դրամ` ներկայիս 150 հազարի փոխարեն, Երևանում 200 հազար դրամ՝ ներկայիս 100 հազարի փոխարեն, մեկ մարզի տարածքում հեռարձակման համար  50 հազար դրամ՝ 25 հազարի փոխարեն։

ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահոգվեց, որ պետական տուրքերը բարձրացնելով դաշտում ստեղծվում են խոչընդոտներ: Նա առաջարկեց մարզային հեռարձակման համար բացառություններ անել: Կառավարությունն ընդունեց առաջարկը:
 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *