Լույս է տեսել «Բացահայտումների հետագծով» լրագրողական ձեռնարկը, որում տեղ են գտել 2016 թվականի դեկտեմբերի 6-8-ը Երեւանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Թվապատում հետաքննություն. Մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսի բանախոսների թեմաները:
Գրքում ներկայացված 12 հոդվածների հեղինակները տարբեր երկրներից են՝ Լիտվա, Չեխիա, Ուկրաինա, Մոլդովա, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:
«Հնարավոր է մարդիկ հուսախաբ են եղել համակարգից կամ այլևս չեն հավատում, որ պետական նշանակության հարցերում իրենց ձայնը կշիռ ունի: Բայց երբ այդքան մեծ քանակությամբ մարդիկ որոշում են չկիրառել ժողովրդավարության ամենակարևոր իրավունքներից մեկը, դա արդեն ավելի մեծ խնդրի ախտանիշ է»:
Լուիս Լիֆ (ԱՄՆ)
Նրանք գրել են իրենց փորձի, լրագրողական բացահայտումների, միջսահմանային համագործակցության կարևորության ու ազդեցության մասին:
«Այն լրագրողներին, որոնք փորձում են բացահայտել ու մերկացնել կոռուպցիան, միշտ էլ դժվարին ու ծանր պայքար է սպասում: Նրանք հետապնդում են փող և իշխանություն ունեցող մարդկանց, որոնք իրենց կեղտոտ հաշվիներն ապահով կերպով թաքցնելու համար ի զորու են վճարել հաճոյակատար իրավաբանների, հաշվապահների և բանկիրների խմբերի»:
Դեյվիդ լի (Մեծ Բրիտանիա)
Ներկայացրել են հետաքննական լրագրության ժամանակակից միտումները, հարթակներն ու գործիքները, խոսել հնարավորությունների ու խոչընդոտների, արգելքների ու ճնշումների մասին:
«Կոռումպացված պաշտոնյաները շատ խելացի չեն: Բայց տեսնելով բծախնդրորեն համադրված ու ստուգված նյութերը, զգուշանում են: Իսկ երբ տեսնում են, որ հրապարակված նյութերը թերի կողմեր ունեն, միանգամից կարող են օգտագործել լրագրողների դեմ: Չստուգված տեղեկություն հրապարակած լրագրողը միշտ խոցելի է»:
Կորնելիա Կոզոնակ (Մոլդովա)
«Բացահայտումների հետագծով» ձեռնարկը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում:
Այն նախատեսված է լրագրողների, մեդիա փորձագետների, լրագրության ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի համար:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը նոր ձեռնարկի խմբագրակազմի անդամ է: Նա ասում է, որ գիրքը մասնագիտական փորձի, վերլուծությունների, կարծիքների ու խորհուրդների ուշագրավ հավաքածու է;
«Տարբեր երկրներից երևանյան կոնֆերանսին մասնակցած հետաքննող լրագրողները ներկայացնում են համօգտագործման և համագործակցության տեղային ու գլոբալ ռեսուրսներ, որոնք բազմապատկում են լրագրողական հետաքննությունների ազդեցությունն ամբողջ աշխարհում։
Նրանց պատմությունները ոգևորում են, սովորեցնում, արժևորում, նաև՝ համախմբում լրագրողական հետաքննություններով զբաղվող երիտասարդ և փորձառու լրագրողներին»,- ասում է Նարինե Սաֆարյանը։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: