2017.03.29,

Նյուսրում

Քաղաքական ուժերը նշել են քաղաքական եթերի բացերը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել են հաշված օրեր: Մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունները («Երևանի մամուլի ակումբ», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» ) իրենց նախնական գնահատակներում նշում են, որ հեռուստաընկերությունները քարոզարշավը չեզոք և բալանսավորված են լուսաբանում: Դիտարկված բոլոր լրատվամիջոցները կատարել են օրենքի պահանջը՝ անվճար և վճարովի եթեր տրամադրելով ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին:

Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Ընտրությունների լուսաբանումը հեռարձակվող ԶԼՄ-ում» կոնֆերանսի ժամանակ նախընտրական քարոզչության շրջանում հեռուստատեսության աշխատանքի մասին խոսեցին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Նրանք բոլորը համակարծիք էին, որ այս ընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունները «գլխացավանք չունենալու համար» իրենց եթերաժամանակը կարողացել են հավասարաչափ բաշխել: Սակայն շատ դեպքերում ձևը պահպանելով նրանք կորցրել են բովանդակությունը:

Ներկայացնում ենք քաղաքական գործիչների հիմնական տեսակետները:

Հեռուստաբանավեճ այդպես էլ չեղավ

ՀՅԴ ներկայացուցիչ, «Երկիր Մեդիա» հեռուսաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյան.
«Ցավոք այս քարոզարշավի ժամանակ քաղաքական բանավեճեր չեղան: Ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները խուսափում են եթերում երևալ  այս ֆորմատով: Նրանք միայն առանձին են պատրաստ խոսել, ներկայացնել իրենց քայլերը: Հեռուստաընկերությունն էլ օրենքի պահանջը բավարարելու համար ձևը պահում է և եթերաժամանակ տրամադրում, բայց բովանդակային բանավեճեր ստանալ չի կարողանում»:

Մարզային այցերը վատ լուսաբանվեցին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյան.
«Ընդհանուր առմամբ գոհ ենք լուսաբանումների քանակից և որակից: Այստեղ խնդիր էր միայն մարզային այցերի լուսաբանումը, այն ուժերը, ովքեր ունեն իրենց հեռուստաընկերությունը, նրանց մարզային այցերը լուսաբանվում են, իսկ ովքեր չունեն,  դուրս էին մնում եթերից: Մյուս խնդիրն էլ այն է, որ մարզային թեկնածուներին հեռուստաընկերությունները գրեթե չեն անդրադառնում: Հիմնականում ուշադրության կենտրոնում Երևանում առաջադրված թեկնածուներն են»:

Նույն կադրը, նույն տեքստը տարբեր հեռուստաընկերություններում

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյան.
«Կադրերի կրկնության դեպքում, թաքնված գովազդը ասվածը ոչ թե խմբագրական քաղաքականություն է կամ միտում, այլ լրատվական միջոցների հնարավորության արդյունք: Հավասար լուսաբանման համար լրատվամիջոցներն այդքան ռեսուրս չունեն»:

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյան.
««Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանի հետ, ով Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարն է, ունենք միմյանց կադրեր տրամադրելու ներքին պայմանավորվածություն: Սա ես համարում եմ  նորմալ պրակտիա»:

Սոցիալական մեդիան ավելի էֆեկտիվ է, քան հեռուստատեսությունը

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյան.
«Մեր համաքաղաքացիների մի զգալի մասն այսօր սոցիալական ցանցերից է տեղեկատվություն ստանում, դաշինքն աշխատում է իր ուղերձները նրանց համար ավելի օպերատիվ, ճկուն դարձնել այդ հարթակում»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյան.
«Մեր հաջողությունն ավելի ակնհայտ է սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում:   Ունեցել ենք տեսանյութեր, որոնք 200-300 հազար դիտում են ունեցել: Ակնհայտ է, որ սոցիալական մեդիան ավելի քան արդյունավետ է աշխատում»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Սամվել Կարաբեկյան.
«Ցավալի է, որ հեռուստաընկերությունները հետաքրքրվում են քաղաքական կյանքի միայն այս շրջանով: Միայն որոշ կուսակցական հեռուստաընկերություններ են հետևում քաղաքական զարգացումներին, փորձում տեղյակ պահել իրենց լսարանին, մնացածի դեպքում մեդիա հնարավորություններն ուղղվում են այլ ուղղություններ»:

Էթիկայի հետ կապված դժգոհություն

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյան.
«2008թ-ից հետո սա ամենավատ լուսաբանված ընտրարշավն է, ձևական քաղաքական կողմն ապահովում են, սակայն թույլ տալիս կոպիտ էթիկական խախտումներ: Օրինակ, խոսում են հասարակության ներսում քաղաքական ուժերի հանդեպ դժգոհություններից և կադրում ցուցադրում մեր կուսակցության բուկլետը»:

Հեռուստատեսությունների աշխատանքի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության տեսակետը ներկայացված չէ, քանի որ կոնֆերանսին կուսակցության ներկայացուցիչ Երջանիկ Ղազարյանը ներկա չէր:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *