ԱԺ ընտրությունների քարոզարշավի մոնիթորինգի արդյունքներով հեռուստաեթերում անդրադարձների քանակով առաջատար են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:
Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) հրապարակել է քարոզարշավի՝ մարտի 5-18-ի ժամանակահատվածի հեռուստատեսային մոնիթորինգի միջանկյալ արդյունքները: Հետազոտությունը վերաբերվում է հինգ հեռուստաընկերությունների՝«Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հ1» լրատվական-վերլուծական ծրագրերին, հարցազրույց-բանավեճերին:
Գերակշռողը չեզոք գնահատականն է, սակայն առայժմ ամենաշատ բացասական նշանով լուսաբանումը ստացել է ՀՀԿ-ն, ամենաշատ դրականը՝ «Ծառուկյան» դաշինքը:
Քարոզարշավը լուսաբանող ակտիվ հեռուստաընկերությունները
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ նախորդ տարիների քարոզարշավների համեմատ, 2017-ին եթերաժամանակը բալանսավորված է: Նախկինում, երբ որևէ կուսակցություն կամ թեկնածու քիչ ժամանակ էր ստանում եթերում, լրագրողները և խմբագիրները պատճառաբանում էին, որ վերջիններս քիչ են միջոցառումներ անցկացնում կամ ներգրավվում տարբեր իրադարձություններում: Այժմ, ըստ Նավասարդյանի, լրագրողներն իրենք են ստեղծում տեղեկատվական առիթ և հարցազրույցներ կամ մեկնաբանություններ ստանում թեկնածուներից:
Անդրադառնալով հեռուստաընկերությունների ակտիվությանը՝ Նավասարդյանը նշում է, որ «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենակտիվ են: Ընդ որում, նրանց մոտ նախընտրական տրամադրություններ էին դեռ նախաքարոզչական շրջանում՝ փետրվար-մարտ ամիսներին: Հաղորդումների ֆորմատը թույլ չի տալիս ակտիվ լինել «Արմենիա» հեռուստաընկերությանը (լրատվական-վերլուծական հաղորդումների թիվը մեծ չէ): Եթերաժամանակի առումով պասիվ է նաև «Հ1»-ը: «Շանթն» ակտիվ է, սակայն համեմատած «Կենտրոն»-ի և «Երկիր մեդիայի» բալանսավորված:
«Այս գնահատականները վերջնական չեն, քանի որ 18-ին հաջորդող երկու շաբաթների ընթացքում պասիվ հեռուսատաընկերությունները կարող են ակտիվանալ: Ապրիլի 4-ին միայն մեր դիտարկած բոլոր հեռուստաընկերություններին հնարավոր կինի ամբողջական գնահատական տալ»,-ասում է Բորիս Նավասարդյանը:
Եթերաժամանակի բաշխման տեսանկյունից անբարենպաստ վիճակում են կուսակցությունների կողմից առաջադրված անհատ թեկնածուները: Նախ օրենքը չի պարտադրում նրանց համար ևս հավասար պայմաններ ապահովել, մյուս կողմից էլ հեռուստաընկերությունների համար օբյեկտիվորեն խնդիր է 1500-ի հասնող թեկնածուներին անդրադառնալը:
Ոչ ստանդարտ դեպք
Երևանի մամուլի ակումբի մոնիթորինգի համար ոչ ստանարտ մոտեցում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կապված լուսաբանման գնահատականը: ԵՄԱ-ն մոնիթորինգի է ենթարկում կուսակցությունների, դաշինքների համապետական ցուցակի առաջին երեք դեմքերի հետ կապված հիշատակումները (կարծիքներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ, երրորդ կողմի հիշատակումներ և այլն): Վարչապետը ՀՀԿ ցուցակում ընդգրկված չէ, սակայն կուսակցության քարոզարշավի բեռն դե ֆակտո իր ուսերին է: Այս դեպքում վարչապետի բոլոր ՀՀԿ-ամետ գործողությունները, որոնք արտացոլվում են եթերում, դիտարկվում են որպես ՀՀԿ-ին տրամադրված եթերաժամանակ:
«Կարեն Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր, որտեղ հնչում են արտահայտություններ կուսակցության նախընտրական ծրագրի շուրջ կամ հետևի ֆոնին կուսակցության խորհրդանիշներն են, համարվում է կուսակցության քարոզչություն: Այլ է կառավարության նիստերի դեպքում, այն կապ չունի քարոզչության հետ, եթե իհարկե նիստի մասնակիցները չեն կրում կուսակցական կրծքանշաններ»,-ասում է Բորիս Նավասարդյանը:
Էթիկայի խախտման ոչ միտումնավոր դեպք
Խորհրադարանական ընտրությունների ժամանակ ԵՄԱ-ն առաջին անգամ մշտադիտարկել է նաև հինգ հեռուստաընկերություններիլրատվական-քաղաքական հաղորդումների էթիկան: Համաձայն հաշվետվության քարոզարշավի երկու շաբաթների ընթացքում հինգ հեռուստաընկերությունների եթերում գրանցվել է էթիկական խախտման 9 դեպք:
Ըստ մոնիթորինգի արդյունքների էթիկայի խախտման օրինակ է, երբ կուսակցությունների մասին ընդհանուր քննադատական տեսանյութի ժամանակ կադրում օգտագործվել է կոնկրետ կուսակցության կամ քաղաքական ուժի խորհրդանիշը կամ ցուցադրվել են կուսակցության առաջին դեմքերը:
Բորիս Նավասարդյանն ասում է, որ այս խախտումը անգիտակացաբար է թույլատրվել, սակայն տվյալ քաղաքական ուժի կամ կերպարի նկատմամբ ընտրողի մոտ ձևավորվել է բացասական վերաբերմունք:
ԵՄԱ-ն մշտադիտարկումն իրականացնում է նախաքարոզչական շրջանից՝ փետրվարի 15-ից սկսած: Այդ ժամանակահատվածում հինգ հեռուստաընկերությունների եթերում ակումբն արձանագրել է 31 էթիկական խախտման դեպք, որից միայն 21-ը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Այս խախտումներից 11-ը եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից «Ծառուկյան» դաշինքի ծրագրային 15 կետերի քննադատության վերաբերյալ դաշինքի հակադարձման կոնտեսքտում:
«Նույն օրվա մեջ 11 անգամ հեռուսաընկերության եթերում ներկայացվել է «Ծառուկյան» դաշինքի այսպես կոչված պատասխանը «Ազատ դեմոկրատներ»-ին»,- պատմում է Բորիս Նավասարդյանը:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: