2017.03.27,

Նյուսրում

Նոր հայկական հարթակ՝ անգլալեզու տիրույթում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիան մեր հանրապետությունում հիմնականում աշխատում է տեղական շուկայի, այսինքն՝ հայաստանյան համատեքստին ծանոթ հայաստանցիների համար: Ու թեև լրահոսը թարգմանվում է այլ լեզուներով, շատ դեպքերում թարգմանված նյութերի որակը լինում է ոչ բարձր, իսկ թիրախային լսարանը՝ անորոշ:

Ի վերջո, դրսի և ներսի լսարանները տարբեր ընկալումներ ունեն, և հաճախ մեխանիկական թարգմանությունը չի օգնում Հայաստանից դուրս գտնվողներին հասկանալու իրավիճակի նրբերանգները: Սովորաբար, երբ շեշտադրումն արվում է ներսի լսարանի վրա, բովանդակությունն այլ լեզուներով թարգմանելու հարցը դառնում է երկրորդական, ավելի շուտ իմիջային առավելություն, և ոչ՝ անհրաժեշտ կամուրջ:

Անցյալ տարի իր գոյությունը դադարած armenianow.com կայքը որոշ իմաստով հենց այդպիսի կամուրջ էր՝ Հայաստանի մասին անաչառ, բայց ոչ պաշտոնական տեղեկություն որոնողների համար:

Անգլերենով մատուցվող նյութերի պակասը որոշ դեպքերում լրացնում են անգլերենին լավ տիրապետող ակտիվ ցանցային օգտատերերը, որոնք թե՛ իրենց բլոգներում, թե՛ սոցցանցերում փորձում են Հայաստանի ձայնը լսելի դարձնել աշխարհում ու տեղեկության շրջանառություն ապահովել միջազգային մեդիայում:

Այդպիսի մարդկանցից է Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Մարիա Թիթիզյանը, ում նախաձեռնությամբ վերջերս ստեղծվեց «Երևան Ռիփորթ» օնլայն հարթակը, որը հրապարակելու է նյութեր բացառապես անգլերենով ու բացառապես Հայաստանի ու Արցախի մասին:

Նման հարթակի ստեղծման գաղափարն առաջացավ ապրիլյան պատերազմի օրերին, երբ աշխարհի ուշադրությունն ուղղվել էր Հայաստանին և ինֆորմացիայի բաց էր նկատվում:

«ԱԳՆ-ն լռում էր, նախարարն էլ Հայաստանում չէր, միակ աղբյուրը ՊՆ խոսնակն էր, որը պաշտոնական հաղորդագրություններ էր տարածում և այն էլ՝ Ֆեյսբուքում: Օրը մի քանի անգամ հայտնվում էին պաշտոնական հայտարարություններ, որոնք ես թարգմանում էի ու տեղադրում սոցցանցերում, քանի որ տեսնում էի, որ անգլերենով լրատվություն պարզապես չկար»,- ասում է Մարիա Թիթիզյանը:

Այդ օրերին Ֆեյսբուքով և Թվիթերով նրան հետևողների քանակը մի քանի հազարով աճեց. «Շատերը գրում էին, որ իմ էջը մտնելով կամ իմ բլոգը կարդալով են հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում ու Արցախում: Անգամ ավելին՝ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունը իմ թարգմանությունները տեղադրում էր իրենց պաշտոնական կայքում»:

Արդյունքում՝ շատ միջազգային լրատվամիջոցներ՝ BBC, Al Jazeera և այլն, որոնք տեղեկատվական աղբյուրներ էին փնտրում, դիմում էին իրազեկ ու անգլախոս ցանցային օգտատերին:

«Նույնը տեղի ունեցավ նաև «Սասնա ծռերի» դեպքում: Նորից սկսեցի տեղեկություն տարածել Թվիթերով, Ֆեյսբուքով, նույնիսկ ստիպված եղա Al Jazeera-ի լրագրողին ասել, որ չի կարող գիշերվա ժամերին զանգահարել ինձ ու մեկնաբանություն խնդրել: Հասկանալի էր, որ այլևս հնարավոր չէ այդպես լրացնել տեղեկատվության բացը, և մեզ հարկավոր է անգլալեզու հարթակ: Թե չէ ստացվում էր, մենք աշխարհի հետ չենք խոսում, այլ միայն կուրծք ծեծելով՝ միմյանց հետ ենք շփվում», – պատմում է Մարիան, ով 16 տարի ապրում է Հայաստանում և իր խոսքերով՝ մխրճվել է Հայաստանի մեջ՝ այրելով բոլոր կամուրջներն ու ընդունելով, որ այստեղ է իր տեղը:

Հեղինակներ և ֆինանսներ

Evnreport.com հարթակը մի քանի համախոհների գաղափարի արդյունք է, ունի տնօրենների խորհուրդ, երկու հիմնական աշխատակից ու տարբեր հեղինակներ: Այն աշխատելու է օնլայն ամսագրի ֆորմատով՝ շաբաթական հինգ-վեց հոդված հրապարակելով հանրային հնչեղություն ունեցող տարբեր թեմաների շուրջ:

«Հնարավորություն չունենք օրաթերթի նման ամեն օր լրահոս հասցնել մարդկանց: Ճիշտն ասած՝ դրա կարիքն էլ չկա: Մեզ ավելի շատ պակասում են անգլերենով գրված վերլուծությունները, ավելի խորքային հոդվածներն ու քննարկումները, որոնք կօգնեն ըմբռնել հակասական իրավիճակը: Հայաստանում կարծես միջանկյալ գույներ չկան, ամեն բան կամ սև է, կամ՝ սպիտակ: Մտածեցինք, որ գուցե անգլերենով գրված կշռադատված նյութերը կբարձրացնեն դիսկուրսի մակարդակը»,- ասում է Մարիա Թիթիզյանը, ով կատարում է այդ հարթակի գլխավոր խմբագրի դերը:

Նա կարևորում է ոչ միայն լեզվի հարցը, այլև գրելու մշակույթն ու նյութերի կառուցվածքը: Եվ ցանկացած ակտուալ թեմա լուսաբանելիս, փորձելու են չլինել ռադիկալ.

«Պիտի նաև ցույց տանք, որ լավն էլ կա, միևնույն ժամանակ ազատ լինենք վարդագույն ակնոցներից ու չներկայացնենք կյանքն այնպես, ինչպես, ասենք, Հանրային հեռուստատեսությունը: Ես միշտ այդպես եմ վարվել, և ոմանց թվացել է, որ դա կեցվածքի բացակայություն է: Պիտի հավասարակշռություն լինի: Եթե միայն վատ բանի մասին գրենք, կզրկենք դրսի մարդուն հույսի նշույլից: Մինչդեռ մարդիկ վերադառնում են Հայաստան, քանի որ այստեղ են տեսնում հնարավորությունները. Եվ առաջին հերթին կառուցելու հնարավորությունը»:

Նա փորձում է իր ծանոթներին, ծանոթների ծանոթներին և Ամերիկյան համալսարանի դասախոսներին դրդել գրելու: Նպատակը թե՛ լավ բիզնես մոդել, թե՛օգտակար հարթակ ստեղծելն է:

Ընդհանրապես, ցանկացած մեդիա հարթակ երկու հիմնական խնդիր ունի՝ հեղինակներ ու ֆինանսներ:

Ֆինանսական հարցը այս նորաստեղծ հարթակում դեռ անորոշ է: «Մի քիչ ծիծաղելի է, բայց ես ասացի հեղինակներին, որ իրենց առաջին նյութերը պետք է լինեն անվճար: Եթե ուզեն՝ նաև երկրորդը, երրորդը, հինգերորդը … Այսպես աներեսաբար փորձեցի առաջին քայլերն անել: Եվ շատ ուրախ ու զգացված եմ, որ մինչ այսօր ոչ մի հեղինակ մեզ չի մերժել: Իհարկե, հուսով ենք, որ հայաստանաբնակ հեղինակներին կկարողանանք վարձատրել շուկայական արժեքից մի քիչ ավելի բարձր հոնորարով»,- ասում է Մարիան:

«Երևան ռիփորթ» հարթակը չցանկացավ հայտարարել քրաուդֆանդինգ, թեև Մարիա Թիթիզյանի կարծիքով՝ եթե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անգլերեն լուրեր որոնող յուրաքանչյուր օգտատեր մի չնչին գումար վճարեր, հիմա բավականին մեծ ֆինանսական պաշար կունենային:

Հարթակի տնօրենների խորհուրդը որոշեց, որ սկզբից պետք է համեստորեն մտնել շուկա, հետո միայն մտածել ընդլայնվելու և դրամահավաքի մասին: Այժմ այն աշխատում է խորհրդի անդամների ֆինանսական օժանդակությամբ, հետո ներդրումներ անելու կոչ կանեն սփյուռքին:

Մարիա Թիթիզյանն ափսոսում է, որ Հայաստանի մեդիայում տարածված չէ բաժանորդագրության մշակույթը, թեև դա լսարանի հետ հաղորդակցվելու ամենալավ, բայցև դժվար ճանապարհն է: Հիմա կայքն ունի պոդքասթ, որը կարելի է ներբեռնել ու հեռախոսով լսել:

«Կայքի բացման օրը լուր ստացվեց, որ մահացել է Արթուր Սարգսյանը (Հաց բերողը): Մտածեցինք, տարակուսեցինք, թե ինչպես վարվել: Եվ Արտո Վանը շատ արագ մի հոդված գրեց, որը մեծ դիտելիություն ունեցավ: Այսինքն, մենք ցույց տվեցինք, որ մտնում ենք դաշտ՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է կատարվում մեր շուրջը և պատրաստ ենք արագ արձագանքել»,- ասում է Մարիան:

Եվ հիշեցնում է, որ այսօր մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որն ամեն վայրկյան կարող է բռնկվել, և աշխարհի ուշադրությունը կուղղվի մեզ: Եվ կարևոր է, որ հակասական իրականության մասին Հայաստանի տեսանկյունը լսելի լինի աշխարհում:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *