2017.03.22,

Նյուսրում

Քարոզարշավի մասնակիցներն ու սոցիալական մեդիան

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Նախընտրական քարոզարշավի գովազդն ամենուր է, եթերում, սոցցանցերում, կանգառներում, շենքերի պատերին, անգամ ջրհորդանների վրա: Առանց այն էլ քաղաքականացված Հայաստանում, այսօր չես գտնի հարթակ, որտեղ քարոզչություն չի իրականացվում: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց ծրագրերն ու ուղերձները ներկայացնում են բոլոր հնարավոր մեդիամիջոցներով: Բացի օրենքով տրամադրվող անվճար գովազդից, նրանք ակտիվորեն օգտվում են նաև վճարովի գովազդի հնարավորություններից:

Քարոզարշավի ուղղակի ծախսերի ֆինանսավորման համար (տարածքների վարձակալություն, տպագրություն, պաստառների պատրաստում, եթերաժամանակ և այլն) կուսակցություններն ու դաշինքներն ունեն հիմնադրամներ, որտեղ նախընտրական այս շրջանում հանգանակություններ են կատարվում:

Որպեսզի գործընթացը թափանցիկ լինի, բանկերը հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում տեղադրվում են ԿԸՀ կայքում:

Անհատ թեկնածուների դեպքում որևէ բանկում կարող է բացվել հաշվեհամար, սակայն օրենքով վերջիններս չեն կարող նախընտրական քարոզչության համար նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից ավելի չափով գումար ծախսել: Օրենքը խախտելու դեպքում սահմանված է տուգանք` ինչպես անհատ թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների և դաշինքների համար:

Ընտրական օրենսգրքի համաձայն, քարոզչության համար մատուցված ծառայութjունների բոլոր ծախսերը պետք է կատարվեն միմիայն այս նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցներից:

Օրենքը չի կարգավորում ինտերնետային գովազդը: Քարոզչության համար կատարված ծախսերի ցանկում սոցիալական մեդիայում ներդրված միջոցները չեն արտացոլվում:

Նաև սա հաշվի առնելով՝ քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուներն այս ընտրարշավում ակտիվ օգտագործում են ինտերնետի հնարավորությունները:

Թեկնածուներն ավանդաբար ակտիվ են Ֆեյսբուքում ու Youtube-ում: 2017թ-ի ընտրարշավում նորություններից է Instagram-ի, Google AdSense-ի կիրառումը:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը ինտերնետում ակտիվ քարոզչական նյութեր տարածելուն առաջին հերթին պատրաստվել է իր նորաստեղծ կայքով:

«Մեր կուսակցության ծրագրի, թեկնածուների և այլ տեղեկատվական նյութերի կարող եք հանդիպել Google-ում, Ֆեյսբուքում, Instagram-ում, Mail.ru-ում, Youtube-ում, կարելի է ասել բոլոր ռեսուրսներն օգտագործված են»,- ասում է կուսակցության ցուցակով 22-րդ համարով առաջադրված թեկնածու Արեգ Գևորգյանը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, այս ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը ուզեն, թե չուզեն պետք է ներկայացված լինեն նաև համացանցում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքը վերակառուցման փուլում է, փոխարենը գործում է «Ծառուկյան» դաշինքի նորաստեղծ՝ tsarukyan.am կայքը:

«Տեղեկատվությունը, որը նախատեսված է ինտերնետ լսարանի համար ավելի դինամիկ է, օպերատիվ, հակիրճ, օրինակ մենք 15 ծրագրային կետերը ներկայացնելու համար ընտրել ենք ֆոտոպաստառներ, որոնք ավելի մատչելի և հասկանալի են տեսողական ընկալման համար: Ինտերնետային տարբեր հարթակներով տարածում ենք հրապարակային ելույթների տեսքտեր, տեսանյութեր՝ ընտրելով հիմնականում դրանց ամենադիպուկ հատվածները»,- ասում է Իվետա Տոնոյանը:

«Ազատ դեմոկրատները» օգտագործում են արտաքին գովազդը, բուկլետները, պաստառները: Օգտվում են նաև հանրային հեռուստաընկերության և ռադիոյի անվճար եթերաժամանակից:

«Ֆեյսբուքը ևս կարևորում ենք, չնայած միշտ կուսակցության էջն ակտիվ է եղել, բայց այժմ եռակի թափով է աշխատում: Սոցիալական ցանցերով կարողանում ենք  հասնել հասարակության տարբեր շերտերի, քանի որ հանրային հեռուստատեսություն դիտողը Facebook ակտիվ օգտատեր չէ»,-ասում է կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը» ինտերնետային կայք չունի, ունի Ֆեյսբուքյան էջ:

«Մեր կուսակցության համար հեռուստատեսությունն ամենամեծ և ազդեցիկ լսարանն ունեցող լրատվամիջոցն է, որից և այժմ օգտվում ենք ընտրողների հետ կապ հաստատելու համար: Երկրորդ շեշտադրված հարթակը գովազդային պաստառներն են, հետո ռադիոն: Էջ ունենք նաև Facebook-ում, բայց ինչքան տեղյակ եմ ինտերնետում այլ գովազդ չունենք»,-ասում է կուսակցության քարոզչության հարցերով պատասխանատու Արմեն Մանուկյանը:

«Ելք» դաշինքը կազմող կուսակցությունները նախընտրական կայք չեն ստեղծել: Բավարարվել են Ֆեյսբուքի էջով: Ընդ որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում «Ելքի» մասին տեղեկատվություն չկա: «Լուսավոր Հայաստանի» կայքը ակտիվ տեղեկացնում է նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին: «Հանրապետություն» կուսակցությունը կայք չունի:

«Ելք»-ի իրավաբանական հարցերով համակարգող, թիվ երկու ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանի խոսքով, իրենք գովազդի համար նախատեսված բյուջեն կազմում են հիմնադրամի հաշվեհամարին հավաքված հանգանակություններին համապատասխան:

«Բացի դրանից, անհատ թեկնածուներն իրենց միջոցներով քարոզչական նյութեր են տարածում ինչպես տպագիր տարբերակով, այնպես էլ եթերով ու հատկապես համացանցով»,- ասում է Վահագն Հովակիմյանը:

«Հայկական վերածնունդն» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ասում է, որ իրենք նախօրոք չեն պլանավորել, թե առավելապես որ մեդիա հարթակները պետք է օգտագործեն: Նրա խոսքով, վճարովի հեռուստաեթերից կուսակցությունն այս պահին չի օգտվում, քանի որ թանկ արժե, նախընտրում են տպագիր նյութերը, պաստառները:

«Առաձին թեկնածուների մասին չեմ կարող ասել, սակայն կուսակցությունն այս ընտրությունների ժամանակ կարևորել է նաև Ֆեյսբուքը:  Բացի Youtube-ից համացանցային այլ հարթակներում ներկայացված չենք, սակայն մեր անձնական էջերն օգտագործում ենք տարածելու տարբեր քարոզչական նյութեր»- ասում է խոսնակը:

«Հայ հեղափոխական դաշնակցության» ցուցակից թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Բագրատ Եսայանի խոսքով, իրենք քարոզչական նյութերը տարածում են հեռուստաեթերով, ռադիոեթերով, էլեկտրոնային լրատվամիջոցներով, տպագրական նյութերով:

Կուսակցության պաշտոնական կայքին զուգահեռ աշխատում է ընտրություններին ընդառաջ բացված հատուկ կայքը:

Բագրատ Եսայանի կարծիքով, համացանցում հաջողության հասնելու համար կարևոր է, որպեսզի տեղեկատվությունը լինի կարճ, մի քանի տողով կամ պատկերով, քանի որ այն պետք է արագ գրավի դիտողի ուշադրությունը. «քաղաքականացված լինելու պատճառով մեր մոտ հիմնականում Ֆեյսբուքն է ակտիվ, որոշ չափով Twitter-ը: VKontakte-ում, Odnoklassniki-ում քարոզչությամբ չենք զբաղվում»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առանձին կայք չի ստեղծել: Նախընտրական շրջանում դաշինքը քարոզչական նյութեր տարածելու համար օգտագործում է «Ժառանգություն» կուսակցության կայքը: Այս պահի դրությամբ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը դժվարանում է գնահատել, թե որ հարթակն է ավելի էֆեկտիվ, սակայն կարծում է, որ հաջող քարոզարշավի համար բոլոր ուղղություններով պետք է աշխատել:

«Դաշինքն իր հերթին, առանձին թեկնածուներն իրենց հերթին համացանցում ակտիվորեն տարածում են ելույթներ, նախընտրական ծրագրի դրույթներ և այլ նյութեր: Համացանցի հիմնական ռեսուրսն մեզ համար Ֆեյսբուքն է»,- ավելացնում է Մանուկյանը:

Ինտերնետային բոլոր հարթակների համատեղ օգտագործումը կարևորում է նաև Հանրապետական կուսակցությունը: Կուսակցության քարոզչական հարցերով պատասխանատու, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ իրենք այս ընտրություններին օգտագործել են եվրոպական փորձը, ակտիվ ներկայացված են ոչ միայն ավանդական մեդիայում, այլև մի շարք նորարարություններով՝ համացանցի բոլոր ռեսուրսներում:

«Մեր կուսակցությունն այսօր համացանցում ամենաուժեղն է ներկայացված: Առաջատար է նաև մեր բրենդային վեբկայքը՝ lovearmenia.am-ը, որը մարտի 5-ից է գործում և արդեն հասցրել է 100 հազար այցելություն ունենալ: Տեսանյութերի դիտումների քանակն անցնում է 1 մլն-ի սահմանը»,-ասում է Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով, լավ է աշխատում նաև #LoveArmenia հեշթեգը, ՀՀԿ կարգախոսով կոնֆետները. «նախընտրական քարոզարշավ բերած մեր նորարարությունների էֆեկտիվությունը ցույց կտա ընտրությունների արդյունքը»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *