2017.02.01,

Նյուսրում

Արտաքին գովազդի շուկայում զգալի անկում կա

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վերջին երկու տարիներին արտաքին գովազդի ծավալները կրճատվել են: Երևանի  փողոցներում նկատելի են դատարկ կամ սոցիալական գովազդներով վահանակներ (բիլբորդեր): Բիզնեսի այս տեսակով զբաղվողներն անկման պատճառները պայմանավորում են երկրի թույլ տնտեսությամբ և գալիք ընտրությունների հետ կապված անորոշ վիճակով (գործարարները սպասում են քաղաքական վերադասավորումներին, որպեսզի հասկանան իրենց բիզնեսի ապագան): Մյուս կողմից պետք չէ թերագնահատել արտաքին գովազդի ոլորտում համեմատաբար նոր կրիչների և ոչ ստանդարտ մոտեցումների անցման միտումները:

Շուկայի անկումը տոկոսներով

Արտաքին գովազդի շուկայում խաղացողները շատ չեն, խոշորներն են «Բիգբորդը», «Զեբրան», «Միկ Մետալը», «Յունիքորնը», «Նուշիկյան ասոցացիան», «ԲիԲի Մեդիան», «Յունիվերսալ Գրաֆիքս» և այլն: Թեև գովազդների դատարկ վահանակները վկայում են, որ գովազդի ծավալներն ընկել են, սակայն ընկերությունների ղեկավարներն իրենց ֆինանսական կորուստների մասին թվերով չեն սիրում խոսել:

Արտաքին գովազդի շուկայի մասնակիցների առաջարկները և գովազդային ծածկույթը ներկայացնող Outdoormarket.am նախագծի ղեկավար Դավիթ Մեհրաբյանը Media.am-ի հետ զրույցում նշում է, որ 2016թ-ին արտաքին գովազդի քանակը կտրուկ նվազեց, զբաղեցված էր վահանակների մոտ 30%. «2015թ-ից էր սկսվել անկումը, գովազդային գործակալությունները բավականին ճկուն եղան, սկսեցին ոչ ստանդարտ մոտեցումներով առաջարկներ անել, զեղչեր անել, որոշ ժամանակ անվճար աշխատել»:

«Բիգբորդ» գովազդային գործակալությունը, որ գովազդների տեղադրման կայուն աճ ուներ 2012, 2013 և 2014թթ-ին, վերջին երկու տարիներին անկում ունեցավ: 2016թ-ին 2015թ-ի համեմատ 7.5%-ով նվազեցին գովազդները:

Շենքերի մուտքերի և վերելակների գովազդի շուկայում մասնագիտացված «Ապոլլոնիա» գովազդային գործակալությունը վերջին երկու տարիներին շրջանառության մոտ 40-45% անկում է ունեցել: Ընկերության տնօրեն Ներսես Սահակյանը Media.am-ին պատմում է, որ ընկերությունները տնտեսության մեջ կայունություն չեն տեսնում, դրա համար խուսափում են երկարաժամկետ գովազդներից:

«Նախկինում խոշոր գովազդատուները կես տարվա կամ մի տարվա պայմանագիր էին կնքում, հիմա նույն ընկերությունները՝ երկու կամ երեք ամսվա, այսինքն այն ժամանակ, երբ նոր պրոդուկտ ունեն»,- ասում է նա:

Ըստ գործակալությունների՝ և՛ վերելակների, և՛ վահանակների դեպքում գովազդի գները չեն փոխվել: Վահանակները դատարկ չթողնելու համար ընկերությունները գործընկերներին զեղչեր և  արտոնյալ պայմաններ են առաջարկում, որպեսզի կարողանան վճարել տեղական տուրքերը: Հաճախ են տեղադրում նաև սոցիալական գովազդ, քանի որ այս դեպքում նրանք ազատվում են այդ վճարներից:

Գովազդային նոր կրիչներ

Արտաքին գովազդի շուկայում հաճախորդ չկորցնելու համար գործակալությունները սկսեցին ոչ ստանդարտ մոտեցումներ առաջարկել, օրինակ, 3D գովազդ, վահանակների վրա բաց թողնված պատկեր կամ վահանակից դուրս՝ ավելացող պատկեր: Առաջինը միջազգային ընկերությունները սկսեցին պատվիրել ստանդարտից դուրս գովազդներ, քանի որ դրանք հետաքրքիր են և միանգամից ուշադրություն են գրավում: Ոչ ստանդարտ լուծումներով գովազդները հավելալ կոնստրուկցիաների պատճառով վահանակներից թանկ արժեն և քանի որ բանկերը վճարունակ են և գովազդի հարցում պահանջկոտ, նույնպես պատվիրեցին դրանցից:

Զուգահեռաբար ընկերությունները սկսեցին լայնորեն կիրառել մինչև այդ Հայաստանում ոչ այդքան օգտագործվող կրիչներ: Պատճառներից մեկն այն էր, որ  քաղաքապետարանի որոշմամբ Երևանի կենտրոնի որոշ փողոցներ բեռնաթափվել էին վահանակների գովազդներից: Բացը լրացնել էր պետք: Այսպես, Երևանի կենտրոնում վահանակներին արագ փոխարինեցին գովազդներ տրանսպորտի կանգառներում (busstop), կամուրջներին (bridge), մայթեզրերին (city format), խաչմերուկներով տեղադրված վահանակներին, որտեղ գովազդները թերթվում են որոշակի հերթականությամբ (scroll), լուսային վահանակներին (light box) և այն:

Արտաքին գովազդի չափումը

«Արտաքին գովազդը չի չափվում, չնայած փորձագիտական գնահատականներ կան, թե որ խաչմերուկում է գովազդը, բնակչության ինչ խտություն կա, մեքենաների և հետիոտնի հոսքը, անգամ թե ինչքան ժամանակ է լուսակիրը պահում վարորդին և հետիոտնին»,- ասում է «Բի-Թի-Էլ սերվիսիս» ընկերության Մեդիա և մարքեթինգի տնօրեն Լիանա Խանդանյանը:

Չափման տեսանկյունից այսօր էֆեկտիվ է վերելակների գովազդը: Գովազդատուն ունի տեղեկություն քանի բնակիչ է ապրում տվյալ համայնքում, տվյալ շենքում, տարիքային խումբը, զբաղվածությունը, վերելակից օգտվողների թիվը օրական կտրվածքով: Գնային առումով գովազդի այս տեսակը համեմատաբար էժան է, հետևաբար գովազդատուները տարբեր են՝ բանկերից մինչև ատամնաբուժարաններ, տեխնիկայի խանութներից՝ բեռնափոխադրողներ:

Սպասելիքներ

Տոներից առաջ գովազդային ընկերությունները շունչ քաշեցին, լարված տարվա ավարտին  կարողացան գործընկերային համերաշխությամբ պատվերները տեղաբաշխել: Հիմա առջևում ընտրություններ են, սպասելիքներ կան ընտրություններից հետո ոլորտի կայունացման համար:

Արտաքին գովազդի շուկայում 2017թ-ին դրական տեղաշարժի հնարավորություն կա, քանի որ մարտից վահանակները, վերելակները, ռադիո ու հեռուստաեթերը կողողվեն քաղաքական գովազդով, որը նոր ֆինանսական հոսքեր կապահովի գործակալություններին:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *