Եթե անգամ դուք սերիալ չեք դիտում, ապա, միևնույն է, լսած կլինեք Իչայի, Չակորի և մյուս կինոհերոսների անունները: Հեռուստացույցը ձեր ականջին հասցրած կլինի հնդկական ինքնատիպ երաժշտության ձայները: Հիմա դրանք հայկական հեռուստատեսային եթերի մաս են:
Հայկական երեք հեռուստաընկերություններ 2016թ.-ի աշնանից հնդկական հեռուստանովելներ են ցուցադրում:
«Շանթը» ցուցադրում է «Մերժվածը»: «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի (PAMG) մաս կազմող «Արմենիա»-ն ցուցադրության համար ընտրել է «Ինչ կոչել այս սերը» ու «Թռիչք» հեռուստանովելները: «ՊանԱրմենիան»-ի մեկ այլ հեռուստատեսություն՝ ATV-ին, ցուցադրում է «Կնոջ ուժը»:
Հեռուստատեսային ալիքները հնդկական արտադրանքը հիմնականում փրայմ թայմ են հեռարձակվում, ինչն արդեն հեռուստատեսային բարձր ռեյտինգի ու մրցակցության վկայություն է: Ընդ որում՝ «Մերժվածը» «Շանթ»-ի եթերում մեկնարկում է 20:45, իսկ դրանից 15 րոպե հետո, 21:00-ին «Արմենիա»-ն է հեռուստադիտողին առաջարկում «Ինչ կոչել այս սերը» սերիալը:
Հնդկական հեռուստանովելների ու հայկական հեռուստատեսությունում դրանց տարածման հեռանկարների մասին զրուցել ենք «Շանթ» հեռուստաընկերության և «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հետ:
«Շանթ»-ի PR մենեջեր Ծովինար Կարապետյան.
– Այս տենդենցը նոր չէ, հնդկական սերիալները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում արդեն շատ վաղուց: Այդ թվում՝ եվրոպական երկրներում ու նաև հարևան Վրաստանում: Մենք միայն վերջերս ենք թևակոխել այդ փուլը: Հնդկական սերիալները դաստիարակչական մեծ ներուժ ունեն, դրանցում առկա են մի շարք արժեքներ, որոնց կարիքն այսօր իրոք զգացվում է:
– Ինչո՞վ է նախընտրելի հնդկական սերիալներ ձեռք բերելը: Լատինա-ամերիկյան սերիալների համեմատ՝ դրանք ավելի էժա՞ն են, թե՝ հակառակը:
– Լատինա-ամերիկյան սերիալները հիմնականում սպառել են իրենց և հիմա կարելի է ասել, որ առավել մեծ համբավ են վայելում հնդկական սերիալները:
«Շանթ» հեռուստաընկերությունն առաջինն էր, որ սկսեց հնդկական սերիալ ցուցադրել Հայաստանում: Պատճառներից մեկը նաև այն բացառիկ հաջողությունն էր, որ «Մերժվածը» սերիալը գրանցել է աշխարհում (շուրջ 2.5 միլիարդ հեռուստադիտող): Լատինա-ամերիկյան սերիալների հետ համեմատության մեջ՝ հնդկականները գնային առումով հիմնականում համազոր են:
– «Շանթն»-ն ինքը սերիալների արտադրությամբ է զբաղվում, և ֆիլմերից մի քանիսը տարիներ շարունակ բարձր ռեյտինգներ են ունեցել: Հնդկական սերիալների հեռարձակման իրավունքի ձեռք բերումը որքանո՞վ է ազդել սեփական ֆիլմարտադրության վրա, և ինչպիսի՞ համամասնությամբ են հնդկական ֆիլմերը «Շանթ»-ի եթերում փոխարինել սեփական արտադրության սերիալներին:
– Հնդկական սերիալների հեռարձակման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ չի անդրադարձել սեփական ֆիլմարտադրության վրա, և շուտով «Շանթը» իր հեռուստադիտողին է ներկայանալու սեփական արտադրության նոր հեռուստանովելներով:
Իսկ հնդկական սերիալների եթերում հայտնվելն առավելապես տեղի է ունենում լատինական սերիալների հաշվին:
– Ֆինանսական տեսանկյունից ո՞րն է ձեռնտու՝ արտադրե՞լ հեռուստանովել, թե՞ գնել հնդկականը:
– Ֆինանսական տեսանկյունից՝ ընդհանրապես արտասահմանյան սերիալներ ձեռք բերելը մի քանի անգամ ավելի մատչելի է:
– Տեղեկություններ կան, որ որոշ սերիալներ բաղկացած են մի քանի հազար մասերից: «Մերժվածը» հեռուստասերիալը քանի՞ մասից է բաղկացած, մինչև ե՞րբ կցուցադրվի:
– «Մերժվածը» հեռուստասերիալը բաղկացած է շուրջ 1500 մասից, սակայն կապված ցուցադրման օրական քանակից՝ տևողությունը կարող է տատանվել:
– Նոր հնդկական հեռուստանովելներ գնելու բանակցություններ ընթանու՞մ են: Եթե այո, ապա՝ ո՞ր ընկերության հետ, ո՞ր սերիալի վերաբերյալ, ե՞րբ այն կլինի եթերում:
– Ժամանակը ցույց կտա` երկրորդ կամ երրորդ հնդկականի կարիքը կունենք, թե ոչ:
«ՊանԱրմենիան» մեդիա գրուպի հանրային կապերի բաժինը նույն հարցերին պատասխան նամակում նշել է.
««Արմենիա Թի-Վի»-ն և «ATV»-ն տարիներ շարունակ ցուցադրում են բարձր վարկանշային հաղորդումներ, սերիալներ, որոնք մեծ սեր են վայելում հեռուստադիտողների շրջանում: Խոսքը վերաբերում է և՛ տեղական արտադրության սերիալներին, և՛ միջազգային հեղինակավոր ձևաչափերի ցուցադրման իրավունքը ձեռք բերելուն, և՛ արտասահմանյան սերիալների ցուցադրմանը»:
«…«Արմենիա Թի-Վի»-ն և «ATV»-ն առաջարկում են բազմաֆորմատ հաղորդումներ՝ քաղաքական նախագծերից մինչև սեփական արտադրության հեռուստասերիալներ, որոնք ամենադիտվողն ու վարկանիշայինն են մեդիա ոլորտում:
Հնդկական հեռուստասերիալներն էլ բացառություն չեն, դրանք բարձր վարկանիշ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: «Արմենիա TV»-ի եթերում այժմ ցուցադրվում է երկու հնդկական հեռուստանովել՝ «Ի՞նչ կոչել այս սերը» և «Թռիչք»: Եվս մեկ հեռուստանովել՝ «Կնոջ ուժը»-ը «ATV»-ի եթերում է:
«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստանովելը նվաճել է ամբողջ աշխարհը, այն վերջին տարիներին նկարված հնդկական սերիալների վերին տասնյակում է»,- ասվում է PAMG-ի PR բաժնի պատասխանում:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: