2016 թ. մայիսի 10-14-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Անցում թվային հեռարձակման․ Վրաստանի փորձը» ճանաչողական այցելություն։ Վրաստան այս այցին մասնակցելու էին հրավիրվել Հայաստանի մարզային հեռուստաընկերությունների, Ազգային ժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի, ինչպես նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները։
Կազմակերպիչների նպատակն էր մասնագետներին ծանոթացնել հարևան երկրի հեռարձակման թվայնացման փորձին՝ հաշվի առնելով շուկաների, աշխարհագրության, տնտեսական իրավիճակի նմանությունը։ Բազմաթիվ հանդիպումներ կայացան ոլորտի պատասխանատուների, մասնագիտական հասարակական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։
Այցի ընթացքում հին հարցերի պատասխաններ հնչեցին, նոր հարցեր ծագեցին, ինչպես նաև ծնվեց հոդվածների այս շարքը, որը մոտակա շաբաթների ընթացքում կներկայացնի media.am-ը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի ռեգիոնալ հեռարձակողների ասոցիացիայի (GARB) գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլիին՝ շրջայցի ընթացքում խմբին աջակցելու համար:
2015 թվականի ամռանը Վրաստանի ռեգիոնալ հեռուստաընկերությունները սկսեցին հեռարձակվել թվային ազդանշանով: Այս հեռուստաընկերությունները հեռարձակման հաճախությունների լիցենզիան ստացան անվճար և հնարավորություն ունեցան նաև կառուցելու իրենց սեփական փոքր մուլտիպլեքսները: Տեղական մուլտիպլեքս օպերատոր դառնալով՝ նրանք կարող են իրենց ցանցով եթերի հնարավորություն տրամադրել նաև այլ հեռուստաընկերությունների:
Ռուսթավիի «Քվեմո Քարթլի»-ն ու Թելավիի «Թանամգզավրի»-ն ռեգիոնալ հեռուստաընկերություններից երկուսն են միայն և 21 այլ հեռուստաընկերությունների հետ միասին Վրաստանի Ռեգիոնալ հեռուստաընկերությունների ասոցիացիայի անդամ են: Նրանք թվայնացման տարբեր ճանապարհներ են անցել, երկուսն էլ՝ հաջողությամբ:
«Քվեմո Քարթլի»
Քվեմո Քարթլին Վրաստանի հարավ-արևելյան ռեգիոններից մեկն է՝ Ռուսթավի վարչական կենտրոնով: Մայրաքաղաքից՝ Թբիլիսիից մոտ 30 րոպեում հասնում ենք Ռուսթավի՝ 500.000 բնակչությումբ նախկին ինդուստրիալ քաղաք-արբանյակ: Այստեղ գործող «Քվեմո Քարթլի» հեռուստաընկերությունը ռեգիոնալ հեռուստաընկերություններից առաջինն է, որը միացրել է թվային ազդանշանը, ընդ որում՝ նվազագույն ծախսերով ու կարճ ժամանակում: Ռուսթավիում հիմնված հեռուստաընկերությունը թվային հեռարձակվելու սկզբնական փուլում նորագույն տեխնիկա գնելու փոխարեն «թյունինգ» է արել անալոգային հաղորդիչները՝ դրա համար ծախսելով մոտ 5000 ԱՄՆ դոլար:
Ավելի ուշ կառուցել է նաև սեփական 3 մուլտիպլեքսները, որոնցով եթերի հնարավորություն կարող է տալ տասնյակ հեռուստաընկերությունների ոչ միայն Ռուսթավիում, այլև Քվեմո-Քարթլիի այլ քաղաքներում՝ Մառնեուլում, Բոլնիսում ու Գարդաբանում: Յուրաքանչյուր մուլտիպլեքսի կառուցման համար հեռուստաընկերությունը մոտ է 15.000 ԱՄՆ դոլար է ծախսել:
Թվային ազդանշանի անցման շրջանում «Քվեմո Քարթլի»-ն միացել է էկոնոմիկայի նախարարության ու հասարակական կազմակերպությունների «շարժմանն» ու սեփական թեժ գիծն է ստեղծել՝ հեռուստադիտողներին տեղեկացնելով թվային կցուրդների և դրանց տեղադրաման ձևերի մասին՝ հաճախ նաև այցելելով հեռուստադիտողների տներ՝ օգնելու տեղադրել կցուրդները:
37 աշխատակից ունեցող հեռուստաընկերությունը եթերում է օրական 19 ժամ և ունի 12 հեղինակային ծրագիր: Օրական կես ժամանոց 2 լրատվական թողարկումներում լուսաբանում է ոչ միայն տեղական լուրերը, այլև մայրաքաղաքային ու միջազգային անցուդարձը: «Քվեմո Քարթլի»-ի աշխատակիցները խոշոր հեռուստաընկերություններին որպես մրցակից չեն դիտարկում, ասում են՝ ռեգիոնի մասին նորություններ նրանց եթերում ամեն օր չես հանդիպի:
«Մեր հեռուստադիտողներին ամենից առաջ հետաքրքրում են հենց տեղական լուրերը: Եվ մենք կարողանում ենք այնպիսի հաղորդումներ ու լրատվական թողարկումներ պատրաստել, որոնք բավարարում են տեղացիների պահանջը»,- ասում է հեռուստաընկերության տնօրեն Ռոլանդ Մգալոբլիշվիլին:
«Թանամգզավրի»
Թբիլիսիից մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող Թելավի քաղաքը Վրաստանի Կախեթի ռեգիոնի վարչական կենտրոնն է: Այստեղ աշխատող «Թանամգզավրի» (թարգմանաբար՝ արբանյակ) հեռուստաընկերությունը 220 000 պոտենցիալ լսարան ունի և օրական 18 ժամ եթեր: Ի տարբերություն «Քվեմո Քարթլի»-ի՝ այս հեռուստաընկերությունը թվայնացումը դիմավորել է նոր տեխնիկայով. մեկ ու կես ամսում կառուցել է հեռարձակման ենթակառուցվածքը՝ մուլտիպլեքսը, և ծախսել մոտ 20 000 եվրո: Թվայնացման աշխատանքները ավարտին հասցնելու համար հեռուստաընկերությանը անհրաժեշտ կլինի ևս 80.000 եվրո՝ ոչ միայն տեխնիկապես վերազինվելու, այլև լեռնային այս շրջանում ազդանշանը լավ տարածելու համար ռեգիոնի տարբեր հատվածներում «gap filler*»-ներ տեղադրելու համար:
Գրեթե ողջ ռեգիոնով սփռում ունեցող հեռուստաընկերության եթերում կարելի է դիտել տարբեր ֆիլմեր ու սերիալներ, ժամանցային հաղորդումներ ու թոք շոուներ, ինչպես նաև լրատվական թողարկումներ, որոնք, «Թանամգզավրի»-ի տնօրենի կարծիքով, իրենց հեռուստաընկերության հիմնական մեխն են:
«Կախեթցիները նույնիսկ եթե այլ ալիքներ են դիտում, միևնույն է, լուրերը դիտում են մեր ալիքով, քանի որ նրանց հետաքրքրում են տեղական նորությունները: Եվ հանրապետական կամ տեղական լուրերի միջև ընտրություն կատարելիս որոշումը կայացնում են հօգուտ մեզ»,- ասում է հեռուստաընկերության տնօրեն Էնրի Կոբախիձեն:
Թվային հեռարձակման անցնելուց հետո հեռուստաընկերություններն ունեն տեխնիկապես ավելի բարձր որակով պատկեր և թվային հզոր ազդանշան:
Նրանցից շատերն այսօր ֆինանսական խնդիրների առջև են կանգնած թվայնացման գործընթացի շրջանում գովազդի պակասի և հեռուստաընկերության հզորացման համար ներդրումների պատճառով, սակայն հեռուստաընկերությունները շարունակում են աշխատել՝ վստահ լինելով, որ թվային ցանցի հնարավորությունները գովազդային նոր հոսքի առիթ կդառնան:
Փոքր տեղական հեռուստաընկերությունների կյանքի համար պայքարը հեշտ չէր, սակայն Վրաստանի Ռեգիոնալ հեռուստաընկերությունների ասոցիացիան (այսինքն՝ հենց իրենք՝ հեռուստաընկերությունները), մեդիա և մի քանի այլ հասարակական կազմակերպությունները արեցին ամենը՝ հեռուստաընկերությունները պահպանելու համար: Դրա հետ մեկտեղ կար նաև քաղաքական կամք. կառավարությունը, որը նոր էր փոխվել երկրում, պատրաստ էր բարեփոխումներ իրականացնել և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ: Արդյունքում Վրաստանում թվային ազդանշանով հեռարձակվելու հնարավորություն ստացան շուկայում գործող բոլոր հեռուստաընկերությունները՝ անկախ քաղաքական նախապատվություններից ու դիրքորոշումներից:
Gap filler-ը* թվային հեռուստատեսային ազդանշանի փոխանցման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռարձակման թվային ազդանշանի թույլ հասանելիություն ունեցող կամ ընդհանրապես հասանելիություն չունեցող շրջաններում ստանալ ազդանշանը:
(Շարունակելի…)
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: