Հեռուստառադիոընկերությունների լիցենզիան կասեցնելու իրավունքը, որը խորհրդարանում շրջանառության դրված օրինագծով վերապահվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, նախագծի հեղինակը համարում է օրենքների շրջանակում, իսկ ձևակերպումների հարցում պատրաստ է ընդունել դիտողություններ և առաջարկություններ:
Կառավարությունը մարտի 10 -ին խորհրդարան է ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում լրացումների նախագիծ, որով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկնակի խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությունների հեռարձակման լիցենզիան կասեցնում է մինչև տվյալ ընտրության քվեարկության ավարտը:
Նախագծում ձևակերպված այդ խախտումներից երկուսը բավական դժվար գնահատելի են և կամայականորեն մեկնաբանելի. օրինակ, խտրականության դրսևորումը և քարոզչության վերաբերյալ անկողմնակալ, գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը:
Նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը: Նախարար Արփինե Հովհաննիսյանից Media.am-ը գրավոր հարցով հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա չի նշանակում ինչ-որ իմաստով դատարանի իրավունք վերապահել Հանձնաժողովին:
Նախարարության լրատվական վարչությունից ստացված գրավոր պատասխանում ասվում է.
«Կասեցման կարգի առանձնահատկությունները նախատեսվում են Լիցենզավորման մասին օրենքով, որի համապատասխան, լիցենզիայի կասեցում իրականացվում է լիցենզավորող մարմնի կողմից. այս դեպքում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից: Այսինքն, մեր օրենսդրությամբ արդեն իսկ ճանաչվում է լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի կասեցման հնարավորությունը»:
Ինչ վերաբերում է ձևակերպումներին, օրինագծի հեղինակ գերատեսչության ղեկավարը փոխանցում է, որ քանի դեռ նախագիծը քննարկումների փուլում է՝ «պատրաստ ենք ընդունել դիտողություններ և առաջարկություններ, սակայն ուզում եմ ընդգծել, որ լիցենզիան կասեցվում է ոչ թե միանգամից, այլ այն դեպքում, երբ արդեն մեկ անգամ տուգանք նշանակվել է և կրկին խախտում է թույլ տրվել: Բացի դրանից, մի կարևոր փաստ ևս կա. հեռուստառադիոընկերություններն իրավունք ունեն դիմելու դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով»:
Մի դիտարկում. 2000թ. Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի ընդունմանը նախորդած երկարատև ու բուռն քննարկումներում հատկապես շեշտվում էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չպետք է ունենա հեռուստառադիոընկերությունների հեռարձակման լիցենզիան կասեցնելու կամ դրանից զրկելու իրավունք՝ եթե չկա դատարանի համապատասխան որոշում: Դա էին պնդում նաև եվրոպական փորձագետները:
Իսկ որ լիցենզիայի կասեցման որոշումը կարելի է բողոքարկել դատարանում, այս նախագծի առիթով Media.am-ին ավելի վաղ տված հարցազրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասել է. «Ընտրությունների ժամանակ հեռարձակողները դժվար թե հասցնեն դատարանում վիճարկել կասեցման որոշումը և , փաստորեն, «կլռեն» մինչև քվեարկության ավարտը»:
Մելիքյանը նախագծի այս լրացումները բնորոշել է որպես դատարանի լիազորությունների վերապահում ՀՌԱՀ-ին և Դամոկլյան սուր՝ կախված մալուխային հեռարձակողների գլխին ( մալուխային հեռարձակողների դեպքում նախագիծն ամրագրում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ նրանք կարող են հեռարձակել վերգետնյա հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը):
Ռուզան Խաչատրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: