2016.02.29,

Նյուսրում

Մեդիայի մասին 5 լավագույն TED ելույթները

Հնարավո՞ր է տպագիր թերթերի վերածնունդը, ինչպե՞ս պայքարել քլիք և լայք հավաքող կայքերի դեմ, և ինչպիսի՞ն կարող է լինել մեդիայի կողմից որևէ մեկին «ամոթանք» տալու արժեքը. TED խոսնակները նաև այսպիսի՝ լրագրողական թեմաներով ելույթներ են ներկայացնում։

TED-ը (Technology, Entertainment and Design) համաշխարհային կոնֆերանսներ կազմակերպող նախագիծ է։ TED-ի շնորհիվ տաբեր մասնագետներ, փորձագետներ, իրենց ոլորտում ճանաչված կամ սկսնակ մարդիկ ներկայացնում են «տարածման արժանի գաղափարներ»՝ վերաբերող գիտությանը, արվեստին, քաղաքականությանը, բիզնեսին, տեխնոլոգիաներին և այլ թեմաներին։

Media.am-ը ներկայացնում է մեդիայի մասին TED ելույթների իր ընտրանին:

1. Ջոնաթան Քլեյն. «Լուսանկարներ, որոնք փոխեցին աշխարհը»

«Getty Images» մեդիա կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Ջոնաթան Քլեյնը խոսում է առաջին հայացքից «կյանքն ինչպես որ է» ներկայացնող լուսանկարների կարևոր դերի մասին։ Ըստ Քլեյնի՝ շատ լուսանկարներ, որոնք տարածվել են աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցներով, մեծ ազդեցություն են ունեցել ընթերցողների պատկերացումների և գաղափարների վրա։  

Մեդիա փորձագետի հետազոտությունները ցույց են տալիս, թե որոնք են մարդու երկու ամենակարևոր հետաքրքրությունները. 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարները վերաբերել են կա՛մ մահվանը (Երկրորդ համաշխարհային պատերազմ, հրեաների Հոլոքոստ, Վիետնամի պատերազմ), կա՛մ հասարակական գործիչներին և հայտնի մարդկանց (Մահաթմա Գանդի, Մերիլին Մոնրո, Ջոն Քենեդի)։

2. Յացեկ Ուտկո. «Կարո՞ղ է դիզայնը փրկել թերթերին»

 
Յացեկ Ուտկոյին Արևելյան Եվրոպայում լավ են ճանաչում, քանի որ նա անում է գրեթե անհնարը. միայն թերթի դիզայնը բարեփոխելով կրկնապատկում է դրա տպաքանակը։

Ազգությամբ լեհ այս դիզայները համոզված է, որ թերթերի դարն ավարտին է հասել՝ շնորհիվ այֆոնների, թաբլեթների և ծառերի փրկությանն ուղղված էկոլոգիական նկրտումների։ Բայց, այնուամենայնիվ, կան նորարարություններ, որոնք կարող են փրկել անգամ տպագիր թերթի պես մեռած օրգանիզմը։

Ըստ Ուտկոյի՝ թերթը պետք է նման լինի երաժշտության. այն իր առաջին էջից մինչև վերջինը պետք է ներքին ռիթմ ունենա։ Իսկ ռիթմը հնարավոր է ստեղծել դիզայնով…

3. Մոնիկա Լևինսկի. «Ամոթի արժեքը»

Թոփ ամենադիտված TED talks-ում հայտնված այս ելույթը մարդկանց ուշադրությունը գրավել է ոչ թե իր թեմայով, այլ խոսնակով։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակցուհի, համատեղությամբ նաև սիրուհի Մոնիկա Լևինսկին երկար տարիների լռությունից հետո պատմում է աշխարհին, թե որքան բացասական է եղել մեդիայի դերն իր կյանքում։

Ըստ Լևինսկու՝ մեդիայի կողմից ճնշման ենթարկված լինելը դեռևս անինտերնետ տարիներին իրեն շատ անգամ է հասցրել ինքնասպանության մտքին։  Լևինսկին ասում է, որ իրեն ամեն օր տասնյակ տեղերից հիշեցնում էին իր սխալի մասին. դրա մասին գրում էին թերթերը, խոսում էին ռադիոն և հեռուստատեսությունը, լրագրողները պարբերաբար զանգում էին իրենց տուն։

Լևինսկին անդրադառնում է «bullying» երևույթին՝ շեշտելով, որ ամենաարդյունավետ և վնասակար «bullying»-ով զբաղվում է հենց մեդիան…

4. Մեգան Կամերիկ. «Մեդիայում կանայք պետք է ներկայացնեն կանանց»

Լրագրող Մեգան Կամերիկը խոսում է լրատվամիջոցներում կանանց և կանանց վերաբերող խնդիրների՝ քիչ լուսաբանման մասին։ Ըստ Կամերիկի՝ հենց կին-լրագրողները պետք է բարձրաձայնեն կանանց խնդիրները, որպեսզի մեդիայում գենդերային բալանսը վերականգնվի։

Մեգան Կամերիկը խոսուն օրինակներ է բերում, թե որքան տարբեր են տղամարդ և կին լրագրողները լուսաբանում մանկահասակ աղջիկների բռնաբարության դեպքերը, ինչ տերմիններ են օգտագործում կանանց նկատմամբ կատարվող բռնությունները նկարագրելիս։ Կամերիկը համոզված է, որ եթե թերթերի խմբագիրների մեծ մասը կանայք լինեին, մեդիայում պատկերը լրիվ այլ կլիներ:

5. Սալի Կոն. «Չե՞ք սիրում քլիք մուրող կայքերը՝ մի՛ քլիքեք»

Ընդամենը 4 րոպե տևողությամբ այս ելույթը պատասխան է սոցիալական մեդիայում հնչող բողոքներին՝ ուղղված քլիքների և լայքերի կուտակմանը: Սալի Կոնը խոսում է ինտերնետում մարդկանց արած քլիքների և լայքերի հանդեպ պատասխանատվության մասին:

Մեդիա վերլուծաբան Սալի Կոնը պարզ կերպով ասում է՝ եթե չեք ուզում ձեր կյանքը նեգատիվով լցնել, մի՛ լայքեք այն կայքերը, որոնք քլիքներ են մուրում։ Իսկ եթե չեք ուզում ամեն օր լուրեր կարդալ Քարդաշյանների կամ Դոնալդ Թրամփի մասին, ապա ուղղակի մի՛ քլիքեք նման նյութերը։
 

Ժաննա Պողոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *