2016.02.23,

Նյուսրում

Հանրապետականները «չեն լսել» կուսակցի հայհոյանքը լրագրողին

«Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա», «Լրագրողների միավորում» հասարակական կազմակերպություններն Ազգային ժողովի դարպասների մոտ փետրվարի 23-ին նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ավելի քան 120 ստորագրություններով իրենց պահանջը ներկայացրին խորհրդարանի բոլոր խմբակցություններին: «Կոչ ենք անում հրապարակավ դատապարտել Մհեր Սեդրակյանի՝ ԱԺ պատգամավորին անհարիր վարքը… Կարծում ենք, որ պատգամավորների համար նույնքան վիրավորական պետք է լինի, որ իրենց գործունեությունը «նախիրն» է լուսաբանում»,- նշված է տեքստում:

 

Պահանջի տակ, բացի լրագրողներից, ստորագրել են նաև խորհրդարանի ոչ իշխանական մի քանի պատգամավորներ: Նրանց մեջ է նաև նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):

 

Բողոքի պատճառն Ազգային Ժողովի միջանցքում փետրվարի 19-ին տեղի ունեցած միջադեպն է, որին ներկա եղած լրագրողները պնդում են, որ Սեդրակյանն իրենց տեսնելով ասել է՝ էս ի՞նչ նախիր ա: Իսկ միջադեպի մի հատվածն արձանագրած տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է պատգամավորը հայհոյանք հնչեցնում

 

«Հարգիր, որ հարգեն», « Ով լրագրողի ծառը, մենք՝ նրա անտառը», «Պատգամավո՞ր, թե՞ գողական», «Աժ-ն թաղ չէ, ԱԺ-ն Թոխմախ չէ» և ներողություն կամ պատիժ պահանջող այլ ցուցապաստառներով հավաքված մի քանի տասնյակ լրագրողներին ( մի մասը՝ լուսաբանող), ակցիայի տարբեր հատվածներում միացան նաև ոչ իշխանական մի քանի պատգամավորներ:  (Թոխմախը Երևանի այն թաղամասի ոչ պաշտոնական անունն է, որտեղ երկար տարիներ բնակվել, ապա նաև ղեկավարել է Մհեր Սեդրակյանը):

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր մոտ 40 րոպե առանձնազրույց է ունեցել իր խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Խմբակցության ղեկավարը  Media.am-ին ասաց, թե Սեդրակյանը «նախիր» արտահայտությունն արել է գործընկերներին անկեդոտ պատմելիս ու ոչ թե լրագրողների հասցեին, և որ կտրականապես ժխտել է իր հայհոյելու փաստը.

 

«Մենք նման երևույթները միշտ դատապարտել ենք: Բայց ես էլ եմ դիտել տեսանյութը, բառացի նման բան չեմ լսել: Ինքն էլ է ժխտում: Ամեն դեպքում, խմբակցության նիստ եմ հրավիրել, թե ինչ եմ հորդորել մեր պատգամավորներին, մեր ներքին խնդիրն է: Հաջորդ նիստում ընդհանուր պահելաձևի խնդիրները պիտի բարձրացնեմ ոչ միայն լրագրողների, այլև հանրության հետ շփումներում»:

 

Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ, Սեդրակյանն այդ վիճելի կադրում ասում է՝  ես քու մարդ ասողի: Դիտարկմանը, որ նույն 1in.am-ի տեսանյութի 30-րդ վայրկյանում ակնհայտորեն լսվում է հայհոյանքը, Բաղդասարյանը պատասխանեց՝ գուցե մենք տարբե՞ր բաներ ենք ցանկանում լսել:

 

Այն, որ Հանրապետականները տեսանյութում ուրիշ բան են լսել, Ազգային ժողովի դարպասների մոտ բողոքի ակցիային մասնակցող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ գուցե լսողության խնդիր է:

 

Վահրամ Բաղդասարյանը նեղսրտեց նաև որոշ լրագրողների պահելաձևից՝ ակնարկելով, թե ոմանք հատուկ են մոտենում հունից շուտ դուրս եկող պատգամավորներին. «Որովհետև սենսացիա են ուզում: Ես խմբակցության ղեկավար եմ, իմ հետևից համարյա չեն վազում, այս պատգամավորների հետևից միշտ մի տասը լրագրող վազում է»:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը Media.am-ին փոխանցեց, որ ուզում էր, բայց չհասցրեց միանալ ակցիային: Նա, այնուամենայնիվ, ՀՀԿ-ից միակն է, որը հրապարակավ դատապարտեց կոնկրետ դեպքը և ոչ միայն ընդհանրապես երևույթը:

 

«Տեսանյութը դեռ չեմ դիտել: Բայց լրագրողների հանդեպ ցանկացած կոպիտ, վիրավորական արտահայտություն և պահվածք ինձ համար միանշանակ դատապարտելի է՝ անկախ նրանից, որ թիմի ներկայացուցիչն է արել: Լրագրողներից ոմանք երբեմն չեն փայլում պահվածքով, սա նույնպես դատապարտելի է: Բայց եթե մարդը պատգամավոր է կամ այլ պաշտոնյա՝ ցանկացած սադրանքի դեպքում չպետք  կորցնի ինքնատիրապետումը»:

 

Մարգարիտ Եսայանը Սեդրակյանի բացատրությունը փոխանցեց, թե իրեն դրդել են կոպիտ պատասխանի (ոչ հայհոյանքի). « Բայց դա կապ չունի. անկախ նրանից՝ լրագրողը դրդել է, չի դրդել, միկրոֆոնը մտցրել է բերանը, թե չի մտցրել, գործիչը չպետք է կորցնի ինքնատիրապետումը»:

Ինչ վերաբերում է դրդել-չդրդելուն, մինչ այժմ շրջանառվող տեսանյութերում չկա այն հատվածը, թե ինչ է ասել լրագրողը, որից հետո Սեդրակյանը բարկացած պատասխաններ է տվել: Լրագրող Փայլակ Ֆահրադյանը Media.am-ին ասաց, թե ոչինչ վիրավորական չի եղել ոչ իր տոնի, ոչ էլ հարցի մեջ. «Մի քանի լրագրողներ փորձում էին Սամվել Ալեքսանյանից հարցազրույց վերցնել, ես շատ մոտ էի կանգնած, լսեցի, որ մի քանի այլ պատգամավորների հետ, երևի դեպի իր աշխատասենյակ անցնող Մհեր Սեդրակյանն ասաց՝ էս ի՞նչ նախիր ա: Ընդամենը հարցրի՝ ինչու՞ եք նման կերպ արտահայտվում… Իսկ հայհոյանքն, այո, այդ պահին չեմ լսել. տեսանյութում լսեցի»:

 

Իսկ որ ասում են, թե Մհեր Սեդրակյանի դեմ բողոքելը հեշտ է, թույլատրված, Ֆահրադյանը պատասխանեց. «Ծիծաղելի է ինձ համար, քննարկել անգամ չեմ ուզում: Եվ մեր բողոքն ավելի շատ ոչ թե անձի դեմ է, այլ երևույթի. Մհեր Սեդրակյանի նմանները պետք է իրենց տեղն իմանան ու նորմալ շփվեն լրագրողներիս հետ»:

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի ուղերձն էր բողոքի ակցիայի հավաքվածներին՝ «Եթե դուք լինեք միասնական, համերաշխ, ամբողջ ժողովուրդը ձեր կողքին կլինի»: Media.am-ի հարցին, թե որը կարող է լինել այսօրվա ոչ շատ կուռ համախմբման պատճառը, Մանուկյանը պատասխանեց. «Զուտ կազմակերպական խնդիր է: Քիչ են տեղեկացրել ակցիայի մասին: Այսօր առավոտվանից զանգում եմ մի քանի լրագրողների, որ ժամն իմանամ, լրագրողների մի մասն էլ չգիտեր»:

 

Ազգային Ժողովի ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագծի դեմ բողոքի ակցիա հրավիրած լրագրողների նախաձեռնող խումբը մտադիր է նրա դեմ նաև դատական հայց ներկայացնել: Եվ ոչ միայն վիրավորանքի, այլև զրպարտության հատկանիշներով: «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունից լրագրող Լիլիթ Լալայանը Media.am-ի հետ զրույցում բացատրեց՝ «Կայքերից մեկին Սեդրակյանն ասել է, թե չի վիրավորել լրագրողին ու ավելացրել, թե հացի խնդիր լուծելու համար լրագրողները պատվեր են կատարում: Մենք պահանջելու ենք փաստեր ու անուններ հրապարակել, եթե ոչ՝ պատասխան տալ զրպարտության համար»:

«Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» և «Լրագրողների միավորում» հասարակական կազմակերպությունները միջադեպի առիթով ուրբաթ օրը դիմել են նաև խորհրդարանի էթիկայի հանձնաժողով, որտեղից դեռևս պատասխան չունեն, թե արդյո՞ք դիմումն ընդունվում է վարույթ:

 

Ամեն դեպքում, եթե նույնիսկ հանձնաժողովը վարույթ ունի հարցը և ավելին, որոշի, որ պատգամավորը կարգազանցություն է թույլ տվել՝ խախտելով էթիկայի կանոնները, որևէ այլ հետևանք դա չի ունենում: Ակցիային մասնակցող ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս առիթով Media.am-ին ասաց, որ դա էլ քիչ չէ, ամոթանք է: Նիկոլ Փաշինյանն էլ նույն կարծիքին է, բայց այն տարբերությամբ, որ պատգամավորի կարգազանց լինելու եզրակացությունը պետք է ընթերցվի հրապարակային, ինչպես նախկինում և ոչ թե տեքստի տեսքով բաժանվի, ինչպես հետագայում սկսեցին անել: Հրապարակայինի դեպքում արդյունքը հստակ է:

 

Հեղինակ՝ Ռուզան Խաչատրյան
Լուսանկարներ և տեսանյութ՝ Հակոբ Հովհաննիսյան, Լևոն Տաքսիլդարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *