2016.01.15,

Նյուսրում

Քաղաքացիական ակտիվության եւ լրագրողական էթիկայի սահմանը. կարծիքներ

Ազգային ժողովում Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերի վավերացման վերաբերյալ քվեարկության ընթացքում լրագրողները խորհրդարանի դահլիճում եւ լրագրողական օթյակում պաստառներով քաղաքական ակցիա են անցկացրել:

 

«Գազպրոմ»-ի հետ համաձայնագրերին դեմ լրագրողների պաստառների վրա գրված են եղել «Խելքի եկեք, արա», «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք», «Մի քվեարկեք ռուսական գազի համար»:

 

Արդյո՞ք այս քայլը լրագրողական էթիկայի խախտում է. մեկնաբանում են մեդիա փորձագետները:

Հրայր Թամրազյան

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն

 

Կարծում եմ՝ լրագրողները տվյալ դեպքում բողոքի ակցիան արել են իբրեւ քաղաքացիներ: Ի վերջո, նրանք էլ են քաղաքացի, եւ երբ համարել են, որ իրենց իրավունքները, տվյալ դեպքում՝ ինքնիշխանության սահմանադրական իրավունքը խախտվել է, վայր են դրել գրիչները, բարձրախոսները, ձայնագրիչներն ու տեսախցիկները եւ սկսել են բողոքել: Այդ պահին նրանք լրագրող չեն, այլ քաղաքացի, բայց լավ քաղաքացի: Կարեւորը՝ բողոքի պահին լրագրողը պարզ հասկացնի, որ այդ պահին նա քաղաքացի է:

 

Երբ վերադառնա խմբագրություն, որպես լրագրող՝ պետք է կարողանա տեղ տալ նաեւ մյուս կողմի տեսակետին, սակայն իբրեւ քաղաքացի, չի կարող անտարբեր լինել այդ գործարքի նկատմամբ: Դա նույնն է, թե խորհրդարանը որոշի, ասենք, արգելել նիստերի լուսաբանումը կամ լրագրողների մուտքը խորհրդարան:

 

Լրագրողը չի կարող չարտահայտել իր տեսակետը: Լրագրողը պարտավոր է իր ռեպորտաժում ընթերցողների եւ ունկնդիրների համար պարզել, թե ընդունված որոշումն ինչպես կանդրադառնա նրանց կյանքի, բարեկեցության եւ ապագայի վրա: Պետք է դա անի մասնագետի միջոցով, քաղաքական շահագրգիռ ուժերի օգնությամբ: Ընդ որում՝ չպետք է մոռանա ցույց տալ նաեւ այն տեսակետը, որը հակառակ է տվյալ դեպքում հասարակության լայն խավերի շահերին:

 

Հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերում լրագրողը չի կարող բավարարվել միայն «Նա այսպես ասաց, իսկ սա՝ այսպես»: Այս դեպքում շատ լավ վերլուծություն է պետք: Պետք է լինի բովանդակային, համատեքստային բացատրական լրագրություն:

Դավիթ Ալավերդյան

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր

 

Այստեղ մենք ականատես ենք լրագրողական էթիկայի բացահայտ ոտնահարման, քանի որ թե՛ միջազգային փորձի, թե՛ լրագրողական էթիկայի ցանկացած դասագրքի համաձայն՝ լրագրողը չի կարող իրադարձության ակտիվ կողմ հանդիսանալ, հատկապես երբ այդ իրադարձությունը լուսաբանում է:

 

Ես համամիտ չեմ հնչող այն տեսակետների հետ, թե լրագրողներն առաջին հերթին քաղաքացիներ են: Լրագրողներն Ազգային ժողով չէին գնացել որպես քաղաքացիներ, գնացել էին որպես լրագրողներ:

 

Եթե լրագրողն ուզում է իր տեսակետն արտահայտել այս կամ այն իրադարձության վերաբերյալ, ունի որոշակի քաղաքական դիրքորոշում, ապա այստեղ կարող է լինել երկու լուծում. առաջինը՝ նա ժամանակավորապես հրաժարվում է լրագրողի կարգավիճակից եւ միանում է բողոքող զանգվածին, երկրորդր՝ նա ընդհանրապես հրաժարվում է լրագրող լինելուց եւ զբաղվում է քաղաքական կամ հասարակական գործունեությամբ:

 

Հայտնի են բազմաթիվ միջազգային նախադեպեր, երբ լրագրողները զրկվել են իրենց աշխատանքից այն պատճառով, որ սկսել են համակրել կամ համագործակցել այն երեւույթների հետ, որոնց մասին գրում են: Դա համարվել է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *