2016.01.15,

Նյուսրում

Ինչպես է հեռուստատեսությունը լուսաբանում #չեմվճարելու 150 դրամ ակցիան

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հուլիսի 19-ին Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել տրանսպորտի գինը բարձրացնելու մասին՝ 1 ուղեւորի համար նախկին 100 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացիական ընդվզում է սկսվել քաղաքապետարանի որոշման դեմ: Օգտատերերի նախաձեռնած #չեմվճարելու150դրամ ակցիան, որով նրանք ուղեւորներին հորդորում են շարունակել 100 դրամ վճարել երթեւեկության դիմաց, վիրտուալից տեղափոխվել է փողոցներ: Ինչպե՞ս է տրանսպորտի թանկացման դեմ շարժումը լուսաբանում հեռուստատեսությունը:

Պետրոս Ղազարյան

«Կենտրոն» հեռուստա- ընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ

 

Երեկ կենտրոնական ալիքներից մեկով, դեռ պատկերը չտեսած, լսեցի, որ ցուցարարների մասին է հաղորդվում: Ուրախացա, ասացի՝ ինչ լավ է՝ փաստորեն ցույց են տալիս, թե ինչ է եղել, բայց երբ նայեցի, տեսա, որ խոսքը Եգիպտոսի ցույցերի մասին է: Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների մասին լուրը եթեր գնաց որպես 4-րդ-5-րդ լուր՝ մեկ նախադասությամբ, Եգիպտոսի ցույցերից հետո: Դա նորմալ չէ:

 

Որոշ ալիքներ շատ ադեկվատ են լուսաբանում, իրադարձությունը ներկայացնում են ամբողջ ծավալով, բայց ընդհանուր առմամբ հեռուստաընկերությունները լուսաբանում են ձեւի համար, որովհետեւ այս իրադարձության լրջությունը, խորությունը եւ այն ծավալը, որով հեռուստաընկերությունները ցույց են տալիս ակցիաները որպես չորրորդական կամ հինգերորդական լուր, մակերեսորեն, իհարկե, ադեկվատ չէ:

Գեւորգ Ալթունյան

Հանրային հեռուստա- ընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն

 

Կարծում եմ՝ տրանսպորտի թանկացման հետ կապված ակցիաները նորմալ են լուսաբանվում հեռուստաընկերությունների կողմից: Այլ խնդիր է, որ, երեւի, զուտ ակցիայի մեկ կենտրոնից կազմակերպված չլինելու պատճառով այն տարրերային բնույթ է կրում, եւ բոլոր միջոցառումները ամբողջապես լուսաբանել չի ստացվում օբյեկտիվ պատճառներով:

 

Եթե լիներ մեկ կազմակերպչական կենտրոն, որը մամուլի հաղորդագրությունների միջոցով լրատվամիջոցներին կտեղեկացներ, թե որ ժամին ինչ է տեղի ունենալու, երեւի, լուսաբանումը շատ ավելի ադեկվատ կլիներ:

 

Ամեն դեպքում չեմ կարծում, որ հասարակությունը լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների միջոցով չի տեղեկանում, թե ինչ է կատարվում՝ կապված այս գործընթացի հետ: Ու եթե կան խնդիրներ, կարծում եմ՝ դա մասամբ պայմանավորված է նաեւ միջոցառումների անցկացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *