Նախընտրական ողջ շրջանում եւ քվեարկության օրը հեռարձակող մեդիան մոնիտորինգի ենթարկվեց Երեւանի մամուլի ակումբի եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից:
Երկու կառույցների մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ հեռուստաընկերություններն ընդհանուր առմամբ լավ աշխատեցին եւ նախագահի թեկնածուների նկատմամբ խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չդրսեւորեցին:
Ինչպե՞ս օնլայն մեդիան աշխատեց ընտրությունների շրջանում: Մեկնաբանում են Դավիթ Ալավերդյանն ու Սուրեն Դեհերյանը:
Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր
Կարծում եմ՝ լուսաբանումը նախորդ ընտրությունների համեմատ (նաեւ նախագահական) ավելի ծավալուն էր: Դա պայմանավորված էր ինֆորմացիայի ծավալի մեծացմամբ եւ լրատվամիջոցների քանակի ավելացմամբ:
Բոլոր թեկնածուները, այդ թվում՝ նաեւ նրանք, ովքեր սկզբից ուզում էին առաջարդվել, բայց հետո հրաժարվեցին հետագա պայքարից, իրենց մտքերն արտահայտելու հնարավորություն ունեցան թե՛ ասուլիսների, թե՛ լրագրողների հետ անմիջական շփման միջոցով:
Կարծում եմ, որ հասարակությունը՝ հատկապես օնլայն մեդիայի ընթերցողները, թեկնածուների գաղափարներին ծանոթանալու առումով որեւէ խնիդր չեն ունեցել:
Շատ մանրամասն լուսաբանվեց նաեւ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը՝ կապված Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ: Օնլայն մեդիան շատ օպերատիվ էր աշխատում, որոշ դեպքերում նույնիսկ ավելի օպերատիվ, քան հեռուստատեսությունը:
Լուսաբանումն էլ շատ համաչափ էր, առանձնակի ծայրահեղ դրսեւորումներ չկային՝ չհաշված այն խնդիրները, որոնք կան նաեւ ոչ ընտրական շրջանում. խոսքս մեկը մյուսից ինֆորմացիա գողանալու կամ copy-paste անելու մասին է:
Շատ դրական եմ գնահատում նաեւ նոր տեխնիկական միջոցները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում օնլայն մեդիայի համար, օրինակ, առցանց հեռարձակումը՝ live stream-ը, որը թույլ է տալիս ինտերնետին միացած համակարգչի միջոցով հետեւել, օրինակ, հանրահավաքում կատարվող իրադարձություններին:
Սա, իհարկե, վկայում է այն մասին, որ նախընտրական քարոզարշավին եւ հետընտրական ընթացքին հետեւելու առումով շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց միայն կարելի է ողջունել:
Սուրեն Դեհերյան
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ
Այս անգամ բազմաթիվ էին հարթակները, որոնք պատրաստ էին եւ մատուցում էին քաղաքական թեմաներին, հատկապես՝ թեկնածուներին եւ ընտրություններին վերաբերող նյութեր:
Սակայն կարծում եմ՝ բաց էր մնացել վերլուծական հատվածը. լրատվամիջոցները ուշադրություն չդարձրին կամ ռեսուրսներ չօգտագործեցին ավելի շատ վերլուծական նյութեր մատուցելու վրա:
Օնլայն մեդիան դարձյալ շեշտը դրեց օպերատիվության, այսինքն՝ այստեղից-այնտեղից եկած ինֆորմացիան արագ փոխանցելու վրա, եւ ժամանակ չծախսեց այդ նույն տեղեկատվությունը վերլուծելու վրա:
Կարծում եմ՝ քանի որ օնլյան տիրույթում ակտիվ օգտատերերը ՀՀ քաղաքացիների ավելի կողմնորոշված զանգվածն են, նրանց կողմնորոշելու խնդիր չկար: Նրանց ավելի շատ վերլուծական նյութեր էին անհրաժեշտ, որոնք կարող էին նաեւ անդրադառնալ նրանց որոշումը փոխելու վրա: Նման քննարկումներ գնում էին սոցիալական ցանցերում եւ Twitter-ում, որն այս անգամ ավելի ակտիվ էր, քան ԱԺ ընտրությունների ժամանակ:
Շատ էր լուրի տեսքով ինֆորմացիան, որտեղ օբյեկտիվություն կամ սուբյեկտիվույթուն փնտրելը դժվար է. ինչպես նախորդ անգամ, աղբյուր կար կամ չկար, որոշ դեպքերում դարձյալ հղում էր կատարվում սեփական աղբյուրներին:
Այս անգամ ռեսուրսներ չօգտագործվեցին թեկնածուներին փնովելու համար. քանի որ մրցակցությունը հավասար էր, բայց թվում էր, թե համազոր ուժեր չկային, որոշ թեկնածուների դեմ սեւ PR անելու կարիք չկար:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: