2016.01.15,

Նյուսրում

Ինչպե՞ս լուսաբանել դժբախտ պատահարները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Վանաձորի բնակչուհի Մարիամ Եփրեմյանը դատական հայց է ներկայացրել Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության ու News.am լրատվական կայքի դեմ վրաերթի հետեւանքով ամուսնու մահվան մասին պատմող Youtube-ում տեղադրված տեսանյութերի համար:

 

Կնոջը հատկապես վրդովեցրել են մահացած ամուսնու մարմինը ցուցադրող կադրերը: Մարիամը դատարանից պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցներին համացանցից հանել տեսանյութերը եւ ամուսնու պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վիրավորելու համար յուրաքանչյուրից բռնագանձել 500 հազար դրամ որպես փոխհատուցում:

 

Ինչպե՞ս պետք է լուսաբանել դժբախտ պատահարները, մեկնաբանում են մեդիա խմբագիրներն ու փորձագետը:

Դավիթ Ալավերդյան

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր

 

Էթիկական կանոնները, որոնք գոյություն ունեն ժուռնալիստիկայում, օրենքներ չեն: Դրանք ընդամենը բարի ցանկությունների մի ցանկ են, որոնք խորհուրդ են տալիս լրագրողին այս կամ այն իրավիճակում վարվել այս կամ այն կերպ: Բայց էթիկական կանոններից բացի՝ գոյություն ունի նաեւ օրենսդրություն, որը կոնկրետ այս դեպքում քաղաքացուն իսկապես թույլ է տալիս բողոքարկել լրագրողների գործողությունները, որովհետեւ խախտվել է նրա ընտանիքի անդամի privacy-ի՝ անձնական կյանքի պաշտպանության իրավունքը:

 

Խնդիրն այն է, որ կինը դատարան է դիմել ոչ թե անձնական կյանքի պաշտպանության, այլ պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վիրավորելու հոդվածով, որն ամենեւին էլ չի համապատասխանում տվյալ դեպքին:

 

Իմ անձնական կարծիքն այն է, որ նման դեպքերը լուսաբանելիս պետք է շատ զգույշ լինել, պետք է խուսափել խոշոր պլաններից, հատկապես մահացած անձին պատկերելուց: Որովհետեւ նույնիսկ ընդհանուր պլանները, որոնք ընդունված են էթիկապես իդեալական համարվող լրատվամիջոցներում, բավական են իրադարձության ամբողջ ողբերգությունը հասկանալու համար, եւ ամենեւին կարիք չկա խոշոր պլանով ինչ-որ բաներ ցույց տալու:

 

Իհարկե, լրատվամիջոցը կարող է հակադարձել, թե նպատակը արագ երթեւեկելու կամ փողոցը սխալ անցնելու ճակատագրական հետեւանքները ցույց տալն է: Սակայն կարծում եմ, որ այս դեպքերում միջոցն այնքան էլ չի արդարացնում նպատակը, նույն նպատակին կարելի է հասնել ավելի անցավ ճանապարհով:

 

Իրավիճակն այլ է, երբ գործ ունենք հանրային անձանց հետ՝ քաղաքական, հասարակական գործիչների, շոու բիզնեսի նեկայացուցիչների, հայտնի մարդկանց: Երբ հասարակության կողմից տվյալ մարկանց նկատմամբ համապատասխան հետաքրքրություն կա, լրագրողի գործողությունները որոշ չափով արդարացված են համարվում:

 

Մի ունիվերսալ բանաձեւ կա՝ հանրային մարդը հանրային վայրում լրագրողների համար բացարձակ բաց պատուհան է: Երբ հանրային մարդը ոչ հանրային տարածքում է, արդեն կախված է լրատվամիջոցի քաղաքականությունից. լրատվամիջոցն է որոշում, թե ինչքանով են իր գործողությունները համապատասխանում իր էթիկական կանոններին:

 

Մյուս իրավիճակն այն է, երբ մասնավոր անձի հետ դեպք է տեղի ունենում հանրային տարածքում: Եվ այս դեպքում յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն է որոշում լուսաբանել, թե ոչ, եւ ինչպես լուսաբանել ու ինչպիսի մանրամասնություններ ցույց տալ:

Սասուն Խաչատրյան

Tert.am-ի փոխխմբագիր

 

Կարծում եմ՝ լրատվամիջոցը չպետք է գնա «սենսացիոնիզմի» (sensationalism) հետեւից, ինչը, ցավոք, երբեմն նկատվում է հայկական մամուլում։ Լրատվամիջոցը, լրագրողը պետք է առաջնորդվի «մի՛ վնասիր» սկզբունքով։ Կարեւոր է կոնկրետ անձի ինքնությունն ամբողջությամբ չբացահայտելը։ Լրատվամիջոցները երբեմն գրում են տվյալ անձնի անուն ազգանունն ամբողջությամբ, տարիքը, փողոցի անունը եւ բնակարանի հասցեն, ինչը կարծում եմ՝ սխալ է։

 

Կոնկրետ դժբախտ պատահարների/վթարների մասով կարծում եմ՝ այստեղ վիճելի պահեր կան, քանի որ վթարը տեղի է ունեցել հանրային տարածքում, հետեւաբար, լրագրողն իրավունք ունի լուսաբանել, սակայն մյուս կողմից՝ լրագրողը պետք է աշխատի մասամբ բացահայտել մարդու ինքնությունը կամ չցուցադրել լուսանկար, տեսանյութ, որում տվյալ քաղաքացին կարող է երեւալ այնպիսի վիճակում, որն էլ ավելի ցավ կպատճառի նրա հարազատներին, ընկերներին, ովքեր այս կամ այն կերպ կարող են տեսնել այդ նյութերը (օրինակ՝ արնաշաղախ վիճակում)։

 

Բերեմ կոնկրետ օրինակ. վերջերս ծանոթներիցս մեկը վրաերթի էր ենթարկել մի մարդու, որը, ցավոք, մահացել էր։ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում վարորդի ինքնությունն ամբողջությամբ չէր բացահայտվում, եւ քանի որ հայրս հիվանդ է, որոշել էինք նրան այդ մասին կա՛մ չասել, կա՛մ էլ ասել ավելի ուշ։ Սակայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցադրել էր եւ՛ մեքենայի պետհամարանիշը, նշել եւ՛ վարորդի հասցեն, եւ՛ անունը ազգանունը, եւ հայրս, դիտելով «Կենտրոնի» լուրերը, սարսափած զանգահարեց ինձ եւ հարցրեց՝ արդյոք դա ճիշտ է։

 

Լրատվամիջոցները լուսանկարների հարցում նույնպես պետք է զգույշ լինեն։ Օրինակ՝ լրատվամիջոցը տեղեկացել է, որ տեղի է ունեցել դանակահարություն, սակայն լրատվամիջոցը չունի կոնկրետ այդ դանակահարության ժամանակ օգտագործված դանակի լուսանկարը եւ համացանցից վերցնում է արյունոտ դանակ։ Սա իրադրությունը դրամատիկ դարձնելու փորձ է, եւ կարծում եմ՝ սխալ։

 

Պատահարները լուսաբանելիս կարեւոր է նաեւ բառերի ընտրությունը։ Լրատվամիջոցները երբեմն օգտագործում են բառեր, որպեսզի ավելի դրամատիկ դարձնեն իրադրությունը կամ խղճահարություն առաջացնեն կոնկրետ դժբախտ պատահարի ենթարկված մարդու նկատմամբ, ինչը կարծում եմ, նույնպես ընդունելի չէ, եւ հարկավոր է օգտագործել հնարավորինս չեզոք բառեր, արտահայտություններ, որոնք չունեն բացասական, ծաղրական, հեգնական երանգ, այսինքն՝ պարզապես հաղորդել փաստերը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *