2016.01.15,

Նյուսրում

Պաշտպանության նախարարի տեսանյութին արձագանքը միանշանակ չէ

Epress.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի պահ ննջել: Ավելի ուշ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն էր զանգահարել Epress.am-ի խմբագրություն եւ պահանջել կայքից հանել տեսանյութը: Ճի՞շտ է վարվել խմբագրությունը հրապարակելով մի պահ զգոնությունը թուլացրած նախարարի տեսանյութը եւ ինչպե՞ս մեկնաբանել մամուլի խոսնակի գործողությունները: Ներկայացնում ենք Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի՝ այս հարցադրումների վերաբերյալ հոդվածից հատվածներ, ինչպես նաեւ մեդիա փորձագետ Հայկակ Արշամյանի կարծիքը:

Հայկակ Արշամյան, մեդիա փորձագետ

 

Նորմալ է, որ epress.am-ը տեղադրել է տեսանյութը: Ցանկացած փաստ, որը հետաքրքիր է լրատվության եւ լրագրողական աշխատանքի տեսակետից, կարող է տեղադրվել, որովհետեւ Ազգային ժողովի նիստերը բաց են եւ լրագողը դրա իրավունքն ունի միանշանակ:

 

Եթե գաղտնի խորհրդակցության ժամանակ նկարեին նախարարին քնած կամ արթուն, դա ուրիշ հարց է, բայց եթե բաց տեղեկատվություն է, ապա բոլորը դրա իրավունքն ունեն: Ես, որպես քաղաքացի, իրավունք ունեմ տեսնելու, թե Ազգային ժողովում ինչ է կատարվում, այդ թվում նաեւ նախարարի քնելը կամ ելույթ ունենալը:

 

Ինչ վերաբերվում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի կողմից տեսանյութը կայքից հանելու պահանջին, ապա դա բացարձակապես արդարացված չէ: Նախարարի իրավունքն է քնելը, լրագրողի իրավունքը` նկարելը եւ լրատվամիջոցի իրավունքը կայքից այն հանելը կամ չհանելը:

Արա Թադեւոսյան, Մեդիամաքսի տնօրեն

 

Միանգամայն անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պահանջում է հանել տեսանյութը: Նա կարող է նման պահանջ ներկայացնել «Հայ Զինվոր» թերթին կամ «Զինուժ» հաղորդմանը, որոնք գտնվում են ՊՆ անմիջական ենթակայության ներքո: Տվյալ դեպքում մամուլի քարտուղարը կարող էր միայն խնդրել հանել տեսանյութը: Կարծում եմ, որ խնդրանքինխմբագրությունը կարող էր ավելի հաճույքով ընդառաջ գնալ, քան պահանջին:Միանգամայն անընդունելի է նման տեսանյութի հայտնվելը լրատվամիջոցում, որն իրեն «դեղին» չի համարում: Փորձում եմ հասկանալ` ի՞նչ է փորձել խմբագրությունը հաղորդել իր ընթերցողներին` այդ տեսանյութը տեղադրելով: Ո՞րն է դրա արժեքը: Միթե՞ խմբագրության աշխատակիցներից ոչ մեկի աչքը երբեք չի կպել որեւէ հանրային վայրում:

 

Լավ հասկանում եմ, որ պետական պաշտոնյաները, մանավանդ` կառավարության անդամները, պետք է գիտակցեն, որ գտնվում են «խոշորացույցի ներքո»: Ու երբ մեկ այլ նախարար «շարիկ է գլորում» ԱԺ-ում, իսկ մեկ այլ նախարարության վարչության պետ բջջային հեռախոսով էրոտիկ նկարներ է նայում` այս դեպքում այդ «խոշորացույցի» աշխատանքը միանգամայն արդարացված է: Բայց եթե հոգնած մարդու աչքը մի պահ կպնում է, միթե՞ դա հրապարակման թեմա է: Նորից եմ ուզում հարցնել` ո՞րն է այս նյութի օգտակար գործողության գործակիցը: Սովորական, ոչ թե լրագրողական, էթիկան պահանջում է քնած մարդուն չպատկերել: Դա չգրված օրենք է: Բոլորս սխալական ենք, ու երբեմն գործում ենք մեծ ու փոքր մեղքեր: Լրագրողները եւս, քաղաքական գործիչների նման, ապրում են «խոշորացույցի ներքո»:

 

Վստահ եմ, որ հիշյալ խմբագրության աշխատակիցներից շատերը եւս կյանքում արել են քայլեր կամ հայտնվել են իրավիճակներում, որոնք հանրային դարձնելը հաճելի չէր լինի: Միգուցե արժե՞ դրա մասին մտածել:Խոսքի ազատությունը չի նշանակում, որ այլեւս չկան «կարմիր գծեր», որոնք հատել չի կարելի: Չի կարելի ոչ թե օրենքով, այլ դաստիարակության ու բարոյականության մասին սեփական պատկերացումներից ելնելով: Իմ կարծիքով, կարմիր գիծն այս դեպքում այն է, որ չի կարելի պատերազմի հերոսին ու պատերազմում ծանրագույն վերքեր ստացած մարդուն ներկայացնել նման ձեւով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *