Հայաստանյան մեդիայի դեմ դատական գործերի պատմության մեջ աննախադեպ հայց է ներկայացվել «Հրապարակ» օրաթերթի դեմ: Օրաթերթին դատի տված փաստաբան Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամ է պահանջում օրաթերթի էլէկետրոնային տարբերակում օգոստոսին հրապարակված«Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» նյութի տակ ընթերցողների թողած 6 մեկնաբանությունների համար: Արթուր Գրիգորյանը գտնում է, որ դրանք արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը: Սա մեծ արձագանք է ստացել ինչպես մեդիայի ներկայացուցիչների եւ իրավաբանների, այնպես էլ ինտերնետ օգտատերերի շրջանում: Փորձագետները կարծիք են հայտնում, որ սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ, որը կբերի գրաքննության:

Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը Ա1+-ի եթերում

 

Հրապարակողը, տեղեկություններ տարածողը «Հրապարակ» օրաթերթն է: Քաղաքացիական դատավարությունը ունի հստակ մեխանիզմ այս դեպքում. եթե իրենք գտնում են, որ իրենք [օրաթերթը] կարող են ճշտել, թե ովքեր են թողել այդ քոմենթները, իսկ իրենք պետք է որ կարողանան, իրենք են կայքը ղեկավարում, թող տրամադրեն մեզ այդ մարդկանց հասցեները, եւ կլինի ոչ պատշաճ պատասխանողի փոխարինում պատշաճ պատասխանողներով, եւ թերթը հանգիստ կապրի: Աղբյուրն անհայտ է մեզ համար, օրենքը թույլ է տալիս այդ դեպքում դիմել օրաթերթի դեմ: Իսկ՝ ով կարող է գրած լինել, թող դա մտածի օրաթերթը:

 

Տիկին Օհանյանը հայտարարեց մի հարցազրույցում, որ իրենք քոմենթներից հանում են սեռական բնույթի հայհոյանքները: Այսինքն՝ եթե ինքը վիրավորվում է միայն սեռական բնույթի հայհոյանքներից, նորմալ մարդը կարող է վիրավորավել նաեւ շատ եւ շատ այլ բաներից: Այսինքն՝ մոդերացիա ունեն եւ վերահսկում են եւ գիտակցված էլ դա թողել են:

 

[18 միլիոնի վերաբերյալ] Իմ վստահորդը ընկալել է այդպես վիրավորանքը եւ դա իր պատասխանն է: Իմ վստահորդի դեպքում դա պարզապես վիրավորանքի եւ զայրույթի չափն է եղել այդպես, մաքսիմալ, ինչ որ օրենքն է թույլ տալիս, դա է պահանջել: Զուտ սուբյեկտիվ ընկալում: Ի՞նչ կարող է լինել, եթե հայցը բավարարվի թերթի հետ, չգիտեմ, մեզ համար կարեւոր է, որ մենք հաղթենք, եւ, իմ կարծիքով, նաեւ օգուտ կտանք եւ՛ ժողովրդավարությանը, եւ՛ լրատվությանը:

Գրիգոր Բեքմեզյան, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

1087.1 հոդվածն այնքան անհասկանալի եւ անորոշ է գրված, որ իրականում որոշ դեպքերում կարող է այդպիսի մեկնաբանությունների տեղիք տալ, բայց սա չի նշանակում, որ կայքը պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ վիրավորանքն ու զրպարտությունը ինքը չի հրապարակել կամ տարածել, այլ մարդկանց պարզապես արտահայտվելու հնարավորություն է տվել: Այս նախադեպը կարող է մեծ չարաշահումների բերել. օրինակ՝ իմ ընկերջ մասին հոդված է գրված, մենք պայմանավորվում ենք, որ ես կեղծանունով հայհոյական մեկնաբանույթյուն գրեմ, որ հետո ընկերս դատի տա այդ լրատվամիջոցին:

 

Եթե նախադեպը եղավ, այդպիսի գործեր շատ կարող են լինել: Մոդերատորը կարող է հայտարարել, որ հանելու է սեռական բնույթի հայհոյանքները, բայց չի կարելի ստիպել, որպեսզի ինտերնետային էջի սեփականատերերը ցանկացած միտք ու կարծիք ստուգեն եւ իրենց սուբյեկտիվ կարծիքով դրանք դնեն կամ չդնեն: Մոդերատորը չի կարող ստուգել, թե մեկնաբանությունները որքանով ճիշտ են կամ սխալ: Ասենք՝ ես գրել եմ, որ N.N-ն գող է: Մոդերատորը, այդ միտքը տեսնելով, պետք է հանի՞, թե՞ ոչ:

 

Բայց կարող է ես գրել եմ, որովհետեւ կարող եմ ապացուցել, որ նա գող է: Մոդերատորն ի՞նչ իմանա՝ ես ճիշտ եմ գրել, թե սխալ: Հոդվածը թերություն ունի՝ չի հստակեցնում, թե արժանապատվությունը, պատիվն ու գործարար համբավը ինչպես են գնահատվում: Դատարանը ի՞նչ սկզբունքներից ելնելով պետք է որոշի՝ մեկի վիրավորանքը շատ էր, մյուսինը՝ քիչ: Եվ սա հնարավորություն է տալիս կամայական թվեր գրելու: Այս նախադեպը կբերի գրաքննության, ինչի հետեւանքով ինտերնետային կայքերը այլեւս չեն կարողանա գոյատեւել, քանի որ դրանց իմաստը հենց մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալն է: