2015.11.04,

Նյուսրում

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատերը կփոխվի

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Դատարանի որոշմամբ փոխվել է վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատերը: Վրացի մեդիա փորձագետների համոզմամբ՝ հեռուստաընկերության շուրջ իրադարձությունները սպառնում են մեդիա դաշտի անկախությանը եւ ժողովրդավարությանը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը վերադարձնել հին սեփականատիրոջը:

2015 թվականի օգոստոսին գործարար Քիբար Խալվաշին, որը 2004-2006 թվականներին եղել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատերը, հայց է ներկայացրել դատարան, որով պահանջել է հետ վերադարձնել իրեն հեռուստաընկերությունը:

Նա հայտարարել էր, որ իրեն ստիպել են վաճառել բաժնեմասերը նախկին կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Թբիլիսիի քաղաքային դատարանը անվավեր է ճանաչել այն պայմանագրերը, որոնցով գործարարը 2005-2006 թվականերին վաճառել է հեռուստաընկերության բաժնետոմսերը, չեղարկել է «Ռուսաթվի 2»-ի ներկա սեփականատարերի իրավունքը եւ որպես սեփականատեր է ճանաչել Քիբար Խալվաշիին եւ նրան պատկանող «Պանորամա» ՍՊԸ-ն:

Մեդիա համայնքը մտահոգված է դատարանի որոշմամբ, քանի որ սա համարում է երկրի ամենախոշոր եւ ամենավարկանշային ընդդիմադիր հեռուստաընկերությանը լռեցնելու փորձ՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մեդիա փորձագետների համոզմամբ՝ դատարանի որոշումն անօրինական է, եւ դրա հետեւում կանգնած է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որի հիմնադրած «Վրացական երազանք» կոալիցիան այսօր իշխում է երկրում:

«Այսօր «Ռուսթավի 2»-ը Վրաստանի ամենահանրածանոթ եւ ամենաքննադատող ընդդիմադիր մեդիան է: Միեւնույն ժամանակ սա մի լրատվամիջոց է, որն արդեն 20 տարի է՝ գոյություն ունի: Ունեցել է թե՛ վերելքներ, թե՛ վայրէջքներ, եղել է թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ, սակայն միշտ եղել է ամենադիտվող ու ամենավարկանշային ալիքը Վրաստանում: Ինչպես նախկին վարչապետ Իվանիշվիլին է ասում հաճախ, սա լրատվամիջոց է, որը «ընդդիմադիր տոն է հաղորդում» մնացածին: Եվ հենց «Ռուսթավի 2»-ը փակվի կամ, ավելի ճիշտ, փոխի տոնը, այն հարմար կդառնա իշխանությունների համար»,- ասում է Վրաստանի Մեդիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Խորբալաձեն:

Նրա կարծիքով` «Ռուսթավի 2»-ի դեպքը կանդրադառնա ողջ վրացական մեդիա դաշտի վրա եւ ամբողջությամբ կգցի Վրաստանում մեդիայի քննադատության որակը:

«Սա նշանակում է, որ 2016 թվականի ընտրությունները Վրաստանում կանցնեն առանց քննադատող լրատվամիջոցի»,-ասում է Խորբալաձեն:

Մեդիա փորձագետ Նինո Դանելիայի խոսքով՝ «Ռուսթավի 2»-ի գործը ոչ թե մասնավոր վեճ է երկու անձանց միջեւ, այլ իշխանությունների պայքար՝ ընդդեմ անկախ մեդիայի:

«Իշխանությունները նախընտրական շրջանում ուզում են լռեցնել ամենաբարձր վարկանիշ ունեցող եւ իրենց մասին քննադատաբար արտահայտվող լրատվամիջոցին, որպեսզի լսարանին քննադատական խոսք չհասնի: Եվ եթե հաշվի առնենք, որ նախընտրական տարում իշխանությունների վարկանիշը շատ ցածր է, եւ, իմ կարծիքով, նրանք որեւէ ռեսուրս չունեն վարկանիշը բարձրացնելու, սա այն քաղաքական խնդիրն է, որը փորձում են լուծել: Նման քայլերով մենք կարող ենք ժողովրդավարական հասարակարգից անցում կատարել ավտորիտար հասարակարգի, որտեղ իշխանությունները պայքարում են անկախ մեդիայի դեմ, եւ դատարանը օրինականացնում է իշխանությունների անօրինական ցանկությունները»,- ասում է Նինո Դանելիան:

Մեդիա փորձագետի խոսքով՝ 2013 թվականից սկսած՝ մեծ թվով լրագրողներ են ազատվել իշխանությունների հետ համագործակցող լրատվամիջոցներից, քանի որ ղեկավարությունը միջամտել է խմբագրական քաղաքականությանը` կանխելով իշխանությունների հասցեին քննադատական խոսքը:

«Իշխանությունները միշտ փորձում են վերահսկել եւ թուլացնել իրենց նկատմամբ քննադատորեն տրամադրված լրատվամիջոցին: Հենց նման փորձ է արվում «Ռուսթավի 2»-ի հետ կապված, ինչի մասին վկայում են դատարանում եւ դատարանից դուրս տեղի ունեցող գործընթացները»,- ասում է Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիայի նախագահ Նատա Ձվելիշվիլին:

Նատա Ձվելիշվիլիի համոզմամբ՝ հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ինքնագրաքննության վտանգ են պարունակում:

«Երբ ամենավարկանշային, ֆինանսապես հզոր հեռուստաընկերության շուրջ նման գործընթացներ են զարգանում, եւ այսքան հարցականներ կան դատավարության հետ կապված, ակնհայտ է, որ այս ամենը չի կարող բացասաբար չանդրադառնալ ողջ մեդիա դաշտի վրա: Սա այլ լրատվամիջոցների համար նշան կարող է լինել, որ նրանց հետ նույն բանը կպատահի, եթե քննադատություն հնչեցնեն իշխանությունների հասցեին, ինչը, իհարկե, ինքնագրաքննություն կմտցնի մեդիայում»,- ասում է նա:

Թեեւ դատարանը որոշում է կայացրել հեռուստաընկերությունը վերադարձնել նախկին սեփականատիրոջը, այդ որոշումը ենթակա չէ անհապաղ կատարման, քանի դեռ չկան վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների որոշումները:

1994 թվականին հիմնադրված «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը Վրաստանի ամենամեծ եւ ամենավարկանշային լրատվամիջոցն է: Այն հանրապետական սփռում ունեցող ամենաառաջատար հեռուստաընկերությունն է, որի եկամուտը կազմում է երկրի բոլոր հեռուստաընկերությունների ընդհանուր եկամտի մոտ 50%-ը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *