Հայաստանյան մեդիան, անկախ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներից, ակտիվորեն լուսաբանում է աշխարհում կատարվող իրադարձությունները:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Աշխարհի պատկերի ձեւավորման հնարավորություններն ու պրակտիկան հայաստանյան մեդիայում» հետազոտության համաձայն՝ հայաստանյան մեդիայում հրապարակված կամ հեռարձակված յուրաքանչյուր երեք նյութից առնվազն մեկը միջազգային լուր է:
«Եղել է օր, երբ մեկ առանձին լրատվամիջոցի նյութերի քանակը հասել է 160-ի: Սա տպավորիչ թիվ է մեկ լրատվամիջոցի համար, որը սուղ հնարավորություններ ունի արտաքին քաղաքական էքսկլյուզիվ լուրեր ստանալու»,- ասում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Հետազոտությունն իրականացվել է 2015 թվականի հունիսին: Միջազգային թեմաներով տեղեկատվություն ստանալու եւ մշակելու հնարավորությունները պարզելու համար «Ռեգիոն»-ը հարցում է անցկացրել Հայաստանի 50 լրատվամիջոցների ղեկավարների շրջանում եւ ուսումնասիրել դրանցից 15-ի բովանդակությունը (Առաջին ալիք, Հ3, «Կենտրոն», «Շանթ», Հանրային ռադիո, «Արմենպրես, «Նովոստի Արմենիա», «168 ժամ», «Առավոտ»,News.am, 1in.am, A1plus.am, Civilnet.am, Panorama.am, Lragir.am):
Լրատվամիջոցների ամենօրյա լրահոսում բավական մեծ տեղ են զբաղեցնում արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների մասին նյութերը:
Հետազոտության համաձայն՝ լրատվամիջոցները հաճախ բարձր արտադրողականության են հասնում միջազգային թեմաներով նյութեր հրապարակելու հաշվին:
Միջազգային թեմաներով նյութերի երեքից մեկն է սեփական արտադրության: Նյութերի կեսից ավելիի աղբյուրները արտասահմանյան լրատվամիջոցներն են: Լրատվամիջոցները հիմնականում օգտվում են ռուսական, ամերիկյան եւ բրիտանական տեղեկատվական աղբյուրներից:
Միջազգային թեմաներով նյութերի աշխարհագրությունը բազմազան է: Կան լրատվամիջոցներ, որոնք մեկ ամսվա ընթացքում անդրադարձել են մոտ 100 երկրների:
Ռուսաստանը անդրադարձների քանակով առաջին տեղում է, ընդ որում՝ եւ՛ Հայաստանի հետ կապ չունեցող, եւ՛ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում նյութերի քանակով:
Թուրքիային հայաստանյան մեդիան ավելի շատ անդրադարձել է ներթուրքական խնդիրների, քան հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:
Ուկրաինայի մասին լուսաբանելիս հիմնականում ներկայացվել են ոչ թե հայ-ուկրաինական հարաբերությունները, այլ ուկրաինական ճգնաժամը:
Վրաստանն առավել ինտենսիվ լուսաբանված երկրների առաջին տասնյակում հայտնվել է գլխավորապես ուսումնասիրության ժամանակահատվածում երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքների բերումով:
Հետազոտությունը պարզել է նաեւ, որ հայաստանյան լրատվամիջոցները, որպես կանոն, պատշաճ հղում չեն տալիս արտասահմանյան լրատվական աղբյուրներին:
Հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներում միջազգային թեմատիկայով զբաղվում է 2-9 աշխատակից, ռադիոընկերություններում՝ 2-5 աշխատակից, ինֆորմացիոն գործակալություններում՝ 2-12 աշխատակից, տպագիր մամուլում՝ 1-6, ինտերնետային լրատվամիջոցներում 1-10:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: