2015.09.30,

Նյուսրում

10 խաղարկային ֆիլմեր լրագրողների ու նրանց գործի մասին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կինոյի պատմության մեջ շատ են այն ֆիլմերը, որոնց գլխավոր հերոսները լրագրողներ են, իսկ գործողությունը պտտվում է լրագրողական հետաքննության շուրջ:

Դասական դրամատուրգիայի օրենքների համաձայն՝ պիտի լինի բախում անձնականի (զգացմունքի) ու մասնագիտականի (պարտքի) միջեւ:

Լրագրությունը հենց այդպիսի մասնագիտություն է, որը թույլ է տալիս հակադրել անձնականն ու մասնագիտականը եւ կոնֆլիկտ ստեղծել: Եվ բնական է, որ կոնֆլիկտի կամ երկընտրանքի կիզակետում հայտնված լրագրողները կինեմատոգրաֆի տեսակետից շատ գրավիչ են:

Նրանք քաջ են, գործունյա, ազնիվ, նպատակասլաց, ի վերջո, հմայիչ: Չէ՞ որ այն մարդը, ով զբաղված է հանրօգուտ գործով ու այդ գործն անում է նվիրումով եւ ներքին տվայտանքները հաղթահարելով, միշտ էլ համակրանք է առաջացնում:

Բացի այդ՝ երբ լրագրողը էկրանին բացահայտումներ է անում ու խճճված ինֆորմացիայի կծիկը դանդաղ բացում է, նա միաժամանակ առաջ է տանում ողջ ֆիլմի սյուժեն: Հաճախ կինոպատմությունը մենք տեսնում ենք նրա աչքերով ու նրա պեղած տեղեկատվության փշրանքներից հավաքում իրադարձության ողջ պատկերը:

Իրականում դա շատ հարմար մասնագիտություն է կինոյի համար, քանի որ լրագրողները սիրում են ռիսկը եւ պատրաստ են տարբեր արկածախնդիր դեպքերի մեջ ներթափանցել: Ընդ որում՝ ֆիլմերի ժանրերի ամպլիտուդան կարող է շատ մեծ լինել՝ ռոմանտիկ կատակերգությունից մինչեւ քաղաքական թրիլլեր: Եվ, իհարկե, լրագրողների մասնակցությամբ շատ են դետեկտիվները:

10 ֆիլմերը, որոնք առաջարկում ենք դիտել, նկարահավել են տարբեր տարիներին եւ տարբեր ժանրի են: Տասնյակը սուբյեկտիվ է, սակայն փորձել ենք առանձնացնել այն ֆիլմերը, որոնք շրջադարձային էին կինոյի պատմության եւ միաժամանակ լրագրության համար:

Միակ խնդիրը, թերեւս, տեխնոլոգիաների արագ ընթացքն է, ինչի պատճառով լրագրողների մասին ֆիլմերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝ մինչինտերնետային եւ ինտերնետային դարաշրջանի:

1. «Քաղցր կյանք», «La Dolce vita», 1960 (ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի)

«Քաղցր կյանքը» անջնջելի հետք թողեց ոչ միայն կինոյի պատմության, այլեւ լրագրության վրա շնորհիվ մի երկրորդական պերսոնաժի, որը հետապնդում էր աստղերին ու անսպասելի լուսանկարում նրանց: Նրա ազգանունն էր Պապարացցո (թարգմանաբար՝ «աներես մոծակ»):

Պապարացցո ազգանունը շատ արագ զրկվեց անհատականությունից ու մի նոր մասնագիտության (կամ ավելի ճիշտ՝ լրագրողական ժանրի) սկիզբ դրեց: Այսուհետ պապարացիներ կոչվեցին աստղերի անձնական կյանքի սկանդալային ու վարկաբեկող մանրամասներ որոնող ու վաճառող լուսանկարիչները:

«Քաղցր կյանքի» գլխավոր հերոսը, Մարչելո Մաստրոյանիի կատարմամբ, նույնպես լրագրող է: Նա հասել է այն ամենին, ինչի մասին կարելի է երազել՝ բոհեմական կյանք է վարում, տարբեր գեղեցկուհիներ սիրում են նրան: Հռոմը լի է արկածներով ու սիրով, իսկ կյանքը համեղ է եւ քաղցր:

Մարչելոն ոգեւորվում ու սառչում է, որոնում ու ըմբոշխնում: Լայն իմաստով՝ ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է հոսում ժամանակը եւ մարդիկ՝ այդ ժամանակի մեջ:

Մի բան է պարզ. գոյաբանական հավերժ հարցերը ծագում են անսպասելի: Հոգեբանները դա անվանում են ճգնաժամ: Ոմանք էլ՝ քաղցր կյանքով հագեցում: Երկու դեպքում էլ ներքուստ սկսում է կրծել դատարկությունը:

Այս դասական ֆիլմի հերոսը դասական մասնագիտություն ունի: Նա գործ ունի բառերի հետ, որոնց միջոցով փորձում է արտահայտել մարդկային ճակատագրերը: Իսկ բառերը երբեմն խցանվում են, կանգ են առնում ու այլեւս չեն ենթարկվում իրենց հեղինակին: Եվ մնում են հարցերը: «Քաղցր կյանքը» այդպիսի մի մեծ ու գեղեցիկ հարց է: Առանց երջանիկ ավարտի:

2. «Հռոմեական արձակուրդներ», «Roman Holiday», 1953 (ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր)

Այս ռոմանտիկ կատակերգությունը շատերն են դիտել ու առիթ եղած դեպքում կրկին են դիտում: Նրբագեղ արքայադստեր (Օդրի Հեփբըրն) եւ առնական լրագրողի (Գրեգորի Փեք) սիրային պատմությունը Հռոմի ֆոնին մագնիսական ներգործություն է թողնում:

Դա գեղեցիկ մարդկանց գեղեցիկ սիրո պատմություն է, որը, թեեւ ավանդական երջանիկ ավարտ չի ունենում (հարսանիքով չի ավարտվում), սակայն մեծահոգության ու սիրո էտալոն է համարվում:

Երբ ամերիկացի լրագրողը հասկանում է, որ պատահմամբ հանդիպել է առեղծվածային պետության արքայադստերը, նա փորձում է այդ հանդիպումը լրագրողական նյութ դարձնել՝ վստահ լինելով, որ դա իրեն փառք ու գումար կբերի:

Այս շատ նուրբ ֆիլմը կառուցված է այնպես, որ երկու գլխավոր գործող անձինք անհավասար պայմաններում են: Լրագրողը գիտե, թե ում հետ է հանդիպել, իսկ արքայադուստրը՝ ոչ: Լրագրողը կարող է հայտնի ու հարուստ դառնալ՝ հրապարակելով արքայադստեր սկանդալային լուսանկարները, բայց գալիս է մտերմության այն պահը, երբ զգացմունքը հաղթում է մասնագիտությանը:

Լրագրողը որոշում է բաց թողնել իր աստեղային ժամը, քանի որ իր փառքը կկործանի արքայադստեր կյանքը:

Լրագրողի համար իր միջի լրագրողին լռեցնելը (եւ այն էլ ինքնակամ) շատ բարդ է: Համաձայնեք, որ դա եթե իսկական սխրանք չէ, ապա շատ մոտ է այդպիսին համարվելուն:

3. «Արջամկան օրը», «Groundhog Day», 1993թ., (ռեժիսոր Հարոլդ Ռեմիս)      

Այս տրագիկոմեդիան հիմնված է կրկնության վրա: Ինքնասիրահարված հեռուստալրագրող Ֆիլ Քոնորսը (Բիլ Մյուրեյ) պետք է հեռուստառեպորտաժ նկարահանի ձմռան գալուստը գուշակող արջամկան մասին ու արագ տուն վերադառնա:

Բայց վրա է հասնում բուքը, նրա նկարահանող խումբը կտրվում է աշխարհից ու պատանդ մնում փոքրիկ քաղաքում:

Ֆիլմը ժամանակային ծուղակում է հայտնվում. կրկին ու կրկին ձգվում է նույն օրը, նրա շուրջ ամեն բան մեկընդմիշտ գծագրված սյուժեով է ընթանում, իսկ ինքը միակն է, որ ունակ է փոխվելու: Ժամանակը կանգ է առել, ու մարդն անգամ մահանալ չի կարող: Նա դատապարտված է ապրել այդ չարաբաստիկ օրը կես տարի շարունակ, մինչեւ գտնում է ժամանակն ու շրջապատն իր հետ հաշտեցնելու հնարքը:

Ֆիլմում կա մի դրվագ, որը շատ լավ բնութագրում է լրագրողի աշխատանքի էությունը: Երբ կամակոր ու էգոիստ Ֆիլին հարցնում են, թե ի՞նչ կանի նա, եթե իմանա, որ աշխարհի վերջն է մոտեցել, նա պատասխանում է. «Կընտրեմ ամենահարմար ու բարձր կետը, որից կնկարահանեմ տեղի ունեցող իրադարձությունը»:

4. «Պոչը շարժում է շանը», «Wag the Dog», 1997 (ռեժիսոր Բարրի Լեւնիսոն)

Շատ սրամիտ ու լարված սյուժեով ֆիլմ, որի հիմքում այն համոզմունքն է, թե զանգվածային մեդիան ունակ է կառուցելու զուգահեռ մի իրականություն, եւ այդ իրականությունն ավելի համոզիչ է, քան կյանքը:

Մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, բայց գործող նախագահը լուրջ խնդիրներ ունի. նա մեղադրվում է սեռական ոտնձգության համար, ինչը նշանակում է, որ քվեները պակասելու են: Եվ այս գրեթե անհուսալի իրավիճակում օգնության է գալիս կինո-մեդիա փորձագետը (Դասթին Հոֆման), որն սկսում է վարպետորեն կառուցել նոր՝ վիրտուալ մի իրականություն:

Սկիզբ է առնում ու գնալով ավելի է խորանում ոտքից գլուխ ֆեյքային մի պատմություն ալբանացի ահաբեկիչների, կեղծ պատերազմական գործողությունների ու իրականում գոյություն չունեցող փախստականների մասին:

Դերասանների մասնակցությամբ ռեպորտաժներ են նկարահանվում ու տարածվում լրատվամիջոցներով: Լսարանը (ապագա քվեարկողների բանակը) այս մանիպուլյատիվ հուժկու մեդիա գրոհի շնորհիվ մոռանում է նախագահի «սայթաքումը» եւ տարվում ֆեյքով: Սերիալի պես: Պսեւդո հայրենասիրությունը, կեղծ պատերազմն ու սրտաճմլիկ գերության օրինակները շեղում են բոլորի ուշադրությունը նախագահից:

Գրեթե 20 տարի առաջ նկարահանված այս ֆիլմը զարմանալի արդիական է նաեւ այսօր: Իհարկե, հիմա գլխավոր մեդիա զենքն արդեն հեռուստատեսությունը չէ, բայց, միեւնույն է, հնարված, խելացի բեմադրված ու լավ ֆինանսավորված մեդիա արշավը կարող է սարեր շուռ տալ: Եվ ինչպես տեսնում ենք, շուռ է տալիս:

Ֆիլմի տողատակը սա է. «Ինչու՞ է շունը թափահարում իր պոչը: Որովհետեւ շունն իր պոչից խելացի է: Եթե ավելի խելացի լիներ պոչը, ա՛յն կթափահարեր շանը»:

Why does a dog wag its tail?
Because a dog is smarter than its tail.
If the tail were smarter, the tail would wag the dog.

Այնպես որ, ցանկալի է ավելի խելացի ու գրագետ լինել, քան այն մարդիկ, որոնք մեդիա գրոհներ են ձեռնարկում:

Ֆիլմը զարմանալի ավարտ ունի: Ֆեյքն անմահ է, թեկուզ այն պարագայում, երբ մահանում է ֆեյքի հեղինակը: Այնպես որ, պատերազմ (այդ թվում՝ տեղեկատվական) սկսելը հեշտ է, ավարտելն է անհնար:

5. «Աղջիկը վիշապի դաջվածքով», «The Girl with the Dragon Tattoo», 2011թ. (ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր)

Սթիգ Լարսոնի համանուն վեպի մի քանի կինոտարբերակ կա (նաեւ սերիալ): Պատմությունը պտտվում է լրագրողի ու հաքերի համագործակցության ու հետաքննության շուրջ:

Զրպարտության համար մեղադրված լրագրող Բլումկվիսթը ու տարօրինակ արտաքին ու ճակատագիր ունեցող Լիզբեթը սկսում են մի վտանգավոր ու խճճված գործի մասին նյութ հավաքել, որի արդյունքում գործն ավելի ու ավելի է խճճվում ու սարսռուն մանրամասներով համալրվում:

Սա այն ֆիլմերից է, որի սյուժեն ապահովում է սասպենս (լարված սպասում) ու բավականին դաժան տեսարաններ: Բայց ո՞վ ասաց, որ լրագրողի գործը փափուկ ու հարմարավետ է: Ոչ, այն հաճախ արյունարբու մոլագարների, խարդախ բիզնեսմենների ու դաժան խնամակալների հետ է բախում լրագրողին:

Իսկ եթե լրագրողն իրեն օգնական է ընտրում ըմբոստ ու խելակորույս քաջությամբ օժտված աղջիկների, նրա գործն է՛լ ավելի հետաքրքիր է դառնում:

6. «Ողջ նախագահական շքախումբը », «All the President’s Men» , 1976 (ռեժիսոր Ալան Պակուլա)

Դասթին Հոֆմանի ու Ռոբերտ Ռեդֆորդի հերոսները «Վաշինգթոն փոսթ»-ի լրագրողներ են, որոնք ողջ ֆիլմի ընթացքում հետաքննում են ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի այն հայտնի որոշումը, որով նա ապօրինի գաղտնալսում էր կազմակերպել իր քաղաքական ընդդիմադիրների շտաբում:

«Ուոթերգեյթյան սկանդալը», որն էլ, ի վերջո, հանգեցրեց նախագահի հրաժարականին, իրականում սկիզբ էր առել լրագրողական բացահայտումից՝ դառնալով ամերիկյան պատմության ամենաաղմկոտ լրագրողական գործը:

Հետաքրքիրն այն է, որ նախագահին վարկաբեկող փաստաթղթերը լրագրողները ստանում են հենց ֆիլմի սկզբում, բայց, ինչպես հայտնի է, տիրապետել տեղեկությանն ու կարողանալ այն ապացուցելը բոլորովին տարբեր բաներ են:

Լրագրողներից շատ մեծ ջանք, համառություն ու համբերություն է պահանջվում, մինչ նրանք կարողանում են վկաներ գտնել եւ համոզել նրանց ցուցմունք տալ:

40 տարի առաջ տեղի ունեցած ու իրական փաստերի վրա հիմնված կինոհետաքննությունն այսօր էլ արդիական է: Հիմա էլ լրագրողները ոչ միայն տեղեկություն են պեղում, այլեւ փորձում են ամեն գնով պաշտպանել տեղեկատվության աղբյուրի անվտանգությունն ու շեշտել հանրային իրազեկման անհրաժեշտությունը:

Եթե նախագահը օրինազանց է, նա չպիտի նախագահ լինի, նույնիսկ եթե ամեն ինչ անում է իր դիրքերն անսասան ու անառիկ պահելու համար: Չէ՞ որ լրագրողները զգոն են ու աշխատասեր:

7. «Բլոուափ»՝ «Ֆոտոխոշորացում», «Blowup», 1966, (ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնի)

Ազատության շնչով ներծծված 1960-ականների Լոնդոնում երիտասարդ ու հաջողակ լուսանկարիչը շողարձակող ու անբռնազբոս մոդելների է լուսանկարում: Մի օր նա այգում պատահականորեն լուսանկարում է համբուրվող զույգի եւ, խոշորացնելով պատկերը, տարօրինակ դետալներ նկատում: Կադրում դիակ է:

Կադրը կարող է հանցագործության մասին վկայել, սակայն ժապավենը անհետանում է: Կամ էլ ավելի ճիշտ՝ գողացվում: Բայց մեծ իմաստով՝ դա նշանակություն չունի, քանի որ «Բլոուափ»-ն իր էությամբ հակադետեկտիվ է, որտեղ կարեւորը ոչ թե սյուժեն է, այլ հենց ֆոտոն: Ֆիլմն ինքնին ձոն է ֆոտոյին, ֆոտոմտածողությանն ու կոմպոզիցիայի հմտությանը:

Թվում է, թե ֆիլմի գլխավոր հերոսները ոչ թե մարդիկ են, այլ գույնն ու լուսավորությունը: Այսինքն՝ ինքնին ֆոտոարվեստը: Իրական դեպքերն ընդամենը առիթ են՝ խորհելու անցողիկ ու միշտ միայնակ մարդ էակի մասին: Ի վերջո, արդյոք եղե՞լ է դիակը: Իսկ լուսանկարիչը՞: Միգուցե երկուսն էլ ստվե՞ր էին:

Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Սատանայի լորձունքը» պատմվածքի հիման վրա ստեղծված «Բլոուափ-ը» խաղ է՝ ֆոտոխցիկի խոշորացման դիտակով ֆիքսված:

Անտոնիոնին ստեղծել է կինոկառուցման այն նոր մոդելը, երբ սովորական իրավիճակում ծագում է առեղծվածը, հարցը, տագնապը: Կարեւոր չէ, թե ով է սպանել, ով է մահացել եւ ով է ֆիքսել ժապավենի վրա: Կարեւորն այն է, թե ինչպես ես մեկնաբանում:

Կինոն արագ ծերանալու հատկություն ունի, բայց Անտոնիոնիի այս ֆիլմը կարծես միայն շահում է ժամանակից: Ի վերջո, «Բլոուափ»-ը մի նոր ճանապարհ բացեց գրեթե բոլոր ռեժիսորների համար, քանի որ պատկերն ու պատկերներ արարողներին բոլորովին այլ հարթության վրա դրեց: Այսպես ասած՝ գործի դրեց ենթագիտակցությունը:

8. «Սարդ մարդը», «Spiderman», 2002, (ռեժիսոր Սեմ Ռեյմի)

«Սարդ-մարդը» բազմամաս կինոկոմիքսը բացի այն, որ դրամարկղային ֆանտաստիկ բլոքբասթեր է, նաեւ լրագրողի աշխատանքի յուրատեսակ վերլուծություն է: Ֆիլմի հերոս Փիթեր Փարքերը համեստ, աննկատ ու անհաջողակ լուսանկարիչ է, որը, սակայն, ձեռք բերելով սարդի ունակությունները, դառնում է ուժեղ ու անվախ: Եվ ստացվում է, որ իր անձի մի մասը հերոս է, իսկ մյուսը՝ այդ հերոսի մասին ռեպորտաժներ պատրաստող:

Թույլիկ ու անհայտ լրագրողը լուսանկարում ու գրում է ուժեղ հերոսի մասին, որը հենց ինքն է: Համաձայնեք, որ սա շատ խորհրդանշական իրավիճակ է, քանի որ ցանկացած լրագրող էլ իր նյութերի հերոսներով է դառնում հայտնի: Մանավանդ, երբ այդ նյութերը բառիս բուն իմաստով բացառիկ են:

Կարելի է անգամ ասել, որ ալտրուիստական սխրանքներ կատարող ու կյանքեր փրկող Սարդ-մարդը դա անում է ոչ թե հանուն մարդկության, այլ իր երկատված անձի մյուս մասին՝ լրագրողին էքսկլյուզիվ մատակարարելու նպատակով:

Հիանալի իրավիճակ է բոլոր լրագրողների համար՝ ինքդ գործողություն ես անում, հետո, փոխելով դիմակը, գրում այդ գործողության մասին: Կուզես հակագործողություն էլ կանես: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի մասին ես ուզում գրել:

9. «Մասնագիտությունը լրագրող», «Professione: Reporter» «The Passenger», 1975, (ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնի)

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք փակուղում, հոգնում, զզվում կյանքից ու մասնագիտությունից, փորձում փախչել դրսից ու ներսից մեզ կրծող հարցերից: Բայց, որպես կանոն, փախուստն անհնար է, քանի որ հայտնվում ենք այն նույն կետում, որտեղից սկսել ենք վազքը:

Լրագրողի համար, որն անընդհատ իրադարձությունների կիզակետում է ու ամեն օր ակտիվ աշխատում է, լավագույն փախուստի ձեւը անտեսանելի կամ անճանաչելի դառնալն է:

Հայտնի լոնդոնյան հեռուստալրագրող Դեյվիդ Լոքը (Ջեք Նիքոլսոն) որոշում է հենց այդպես անել: Արդեն երկար ժամանակ է՝ աֆրիկյան երկրներում նա ռեպորտաժներ ու ֆիլմեր է պատրաստում ապստամբների, արյունոտ բռնակալների ու վերջ չունեցող բախումների մասին: Կյանքը, որը նա դիտարկում է հեռուստախցիկով, դադարել է հուզել ու հետաքրքրել, իսկ ցավն ու մահը ընդամենը ռեպորտաժի նյութ են:

Օրերից մի օր նրա մեքենան փչանում է անապատի մեջտեղում, ելք չկա: Եվ այստեղ Անտոնիոնին բեմադրում է այն հայտնի տեսարանը, երբ Ջեք Նիքոլսոնը զզված, նյարդայնացած ու լացակումած բղավում է, որ թքած ունի ամեն ինչ վրա: Այդ տեսարանն անմոռանալի է:

Ճակատագիրը լրագրողին հնարավորություն է տալիս երկրորդ կյանք սկսել՝ ուրիշ մարդու փաստաթղթերով: Այսինքն՝ դառնալ անճանաչելի: Բայց խնդիրն այն է, որ ուրիշ մարդու փաստաթղթերի հետ մեկտեղ նա ստանում է նաեւ այդ մարդու ճակատագիրը: Անգամ այս դեպքում դա ոչ թե փախուստ ու փրկություն է, այլ կարճ մի թաքստոց, քանի որ, ինչպես հայտնի է, ինքդ քեզանից չես փախչի:

Դեյվիդ Լոքն ուզում էր ողջ աշխարհը ցույց տալ իր ռեպորտաժներում, իսկ իր սեփական կյանքի հետ չգիտեր ինչ անել: Հետաքրքիր է, որ ֆիլմում հերոսն անընդհատ շարժման մեջ է՝ միշտ ճամփորդում է, տեղաշարժվում, թվում է, որ եթե հանկարծ կանգ առնի, կյանքը կավարտվի: Երեւի այդպիսին է լրագրողի մասնագիտությունը, որը փոխում է մարդու ներքին ռիթմն ու ստիպում իրադարձությանը նայել որպես անթարթ զննող:

10. «Նյուզրում»՝ «Լուրերի սենյակ», «The Newsroom», 2012-2013 թթ (գաղափարի հեղինակ Ահարոն Սորկին)

«Նյուզրումը» սերիալ է, որը, սակայն, ամբողջական ֆիլմի նման է կառուցված: Հիմքում կաբելային հեռուստատեսության ալիքի լուրերի բաժինն է, որի աշխատակիցները ամեն օր լուրերի թողարկում են պատրաստում եւ միաժամանակ հասցնում սիրահարվել միմյանց, վիրավորվել, ներել, ընկերանալ, ատել ու ամուսնալուծվել:

Եվ գրեթե ամեն օր փրկում են աշխարհը՝ իրենց լսարանին ստուգված, հավասարակշռված ու թեժ տեղեկատվություն մատուցելով:

Այսինքն՝ իրենց գործը ոչ միայն լավ են անում, այլեւ արագ են անում:

Հերոսները նույնն են, տարբեր են լուրերը, որոնք եւ առաջ են տանում յուրաքանչյուր սերիայի սյուժեն: Այս սերիալը մանրակրկիտ ցուցադրում ու հիմնավորում է նյուզրումի յուրաքանչյուր անդամի գործը: Ի վերջո, համերաշխ, պրոֆեսիոնալ ու փոխկապակցված թիմի շնորհիվ են ծնվում այն թողարկումները, որոնք հանրային կարծիք են ձեւավորում: Մանավանդ, որ գրեթե ամեն անգամ թողարկումները եթեր են դուրս գալիս լարված ցայտնոտում:

Հետաքրքիր է, որ, որպես պատումի հիմք, որոշ սերիաներում օգտագործվում են իրականում տեղի ունեցած դեպքերը (Բեն Լադենի սպանությունը, Եգիպտոսի հեղափոխությունը, Ուոլլ Սթրիթի գրավումը):

Եվ, իհարկե, «Նյուզրումը» շատ քաղաքական սերիալ է: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հեռուստատեսությունը ոչ միայն քաղաքական ուժերի ազդեցության տակ է, այլեւ ինքն է քաղաքական օրակարգ ձեւավորում:

Նունե Հախվերդյան,
Շարժական պատկերները՝ Media.am-ի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “10 խաղարկային ֆիլմեր լրագրողների ու նրանց գործի մասին”
  1. Ջեմմա says:

    Գիրք գրելու արվեստը
    Մեր կյանքն իսկական գիրք է պարզապես միակ ընթերցողը և միակ գիրք բացողը մենք ինքներս ենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *