2015.08.24,

Նյուսրում

Երկու լուսինը մեկից լավ է կամ էզոթերիկ-գիտնականների դարը

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Հաճախ քննարկման առարկա է դառնում՝ արդյոք լրագրողները պետք է լուսաբանեն էզոթերիկ-պայծառատեսների ասուլիսները, որտեղ ներկայացվում են մոտակա ամիսների եւ վերջին մի քանի հազարամյակների պլանները՝ կախված հայ ժողովրդի եւ Սիրիուսի կողքերն ապրող քաղաքակրթությունների շահերից։

Տարօրինակ բան կասեմ, բայց, իմ կարծիքով, լրագրողները օկուլտիստներին պետք է լուսաբանեն նույն կերպ, ինչ գիտնականներին։ Լրագրողը պետք է գոնե մի քիչ հասկանա թեմայից, որը լուսաբանում է։

Ինչ օգուտ, եթե լրագրողը առանց հասկանալու է ներկայացնում մաթեմատիկոսի կամ ֆիկիզկոսի ասածները. դա շատ չի տարբերվում էզոթերիկի ասուլիսի լուսաբանումից։ Երկու դեպքում էլ ընթերցողին պատմվում է բացարձակ այլ պատմություն, որը կապ չունի իրական ասվածի հետ։ Գրված նյութերը բոլոր դեպքերում ստանում են գերանհասկանալի էզոթերիկ հայտնության տեսք։

Մի քանի տարի առաջ դասընթացների շարք անցկացվեց գիտական թեմաները լուսաբանող լրագրողների համար։ Ցավոք, այդ թրեյնինգներն անցած լրագրողները մեր լրատվական դաշտում ծանրակշիռ մաս չկազմեցին։ Եվ այսօր գիտական թեմաներով գրվող նյութերի մեծ մասը ԼԱՎԱԳՈՒՅՆ դեպքում բրիտանական գիտնականների զառանցանքի՝ Google Translate-ով արված թարգմանությունն է։

Էլ չեմ խոսում «Շախ եւ մատ աթեիստներին» շարքի նյութերի մասին, որտեղ պատմվում է Աստծո տան վերջին նկարահանումների կամ Մարսի վրա լուսանկարված տխուր կնոջ մասին։ Այս նյութերի մասին քննադատաբար խոսելը բերում է իշխանությունների պատվերը կատարելու համար մեղադրանքների։ Շախ եւ մատ քննադատողներին։

Բայց դպրոցում վատ սովորողը, եթե օգտվում է զանգվածային լրատվությունից, իր անգրագիտությունը տարածում է ուրիշների շրջանում։ Նման նյութերը լուրջ հետեւանքներ կարող են ունենալ, քանի որ այսօրվա երիտասարդությունը, դժբախտաբար թե բարեբախտաբար, հաճախ գիտելիքները քաղում է դպրոցից դուրս։

Բայց սա դեռ մի կողմ։ Անգրագետ հոդվածները կարող են ավելի բարդ հետեւանքներ ունենալ։ Ցանցը հաճախ հեղեղվում է աննպատակ նյութերով, որտեղ, օրինակ, չինացի դոկտոր-պրոֆեսորը խորհուրդ է տալիս ինսուլտի ժամանակ ոչ թե զանգել շտապ օգնություն, այլ ներարկիչի ասեղով ծակել հիվանդի տասը մատները:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *