2015.07.31,

Նյուսրում

Գովազդի արխիվային հետքերով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Գովազդը մի իրականություն է, որի մեջ բոլորս ենք ապրում, քանի որ բոլորս էլ նախեւառաջ սպառում ենք տեղեկատվությունն ու դրա հետ միասին՝ այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք կերակրում են մեդիային: Հիմա գովազդն ունիվերսալ պատկերային լեզու է, որով ստեղծված նույնատիպ հոլովակներն ու պաստառները թափանցնում են աշխարհի անխտիր բոլոր անկյունները:

Բայց ընդամենը մեկ դար առաջ գովազդը համատարած բնույթ չէր կրում: Տեխնոլոգիաները զարգացած չէին, հետեւաբար լայն չէին նաեւ սպառման հորիզոններ: Եվ ցանկացած գովազդային հայտարարություն նախեւառաջ խիստ տեղային բնույթ ուներ (հսկա կորպորացիաները դեռ չէին թափանցել առօրյա) եւ ավելի շատ փաստում էր ոչ թե ապրանքի, այլ հասարակության մասին:

Դեռ չխորհրդայնացված Հայաստանը քիչ բան ուներ իր բնակիչներին առաջարկելու ու գովազդելու: Դրանք ավելի շատ մանր ու կոնկրետ դեպքերի վրա հիմնված գովազդ-հայտարարություններ էին:

1920-1921թթ.-ին լույս տեսնող «Ազատ Հայաստան» օրաթերթն, օրինակ, իր վերջին էջերում սովորաբար տեղադրում էր այնպիսի «ազդ»-եր, որոնք հիմա բավականին սրտաճմլիկ են դիտվում:

azat hayastan 21=khot

music class

Այդ տարիներին Երեւանը, որպես ծառայություն, առաջարկում էր բաղնիքն ու «շոֆեռների դպրոցը», եւ սրանք, թերեւս, այն բիզնես նախագծերն էին, որոնք իրոք պիտի գովազդվեին՝ հանրային մասնակցություն ապահովելու համար: Հետաքրքիրը ձեւակերպումն է՝ «ավտոմոբիլիստներ ու շոֆեռներ»…

shofer 21

bagnis

Խորհրդային Հայասատնում արդեն շատ բան է փոխվում, քանի որ առաջ է գալիս գաղափարախոսությունը: Բայց մինչ բուրժուական մնացուկ գովազդի արգելքը, «Ավանգարդ» թերթում (1937թ.) այնպիսի գովազդային տեքստեր են հանդիպում, որոնք կարդալիս թախիծ է իջնում վրադ:

krkes

Թերթերը սովորաբար գովազդում են տարբեր մշակութային իրադարձությունները, հատկապես՝ նորաբաց «Մոսկվա» եւ «Նաիրի» կինաթատրոնների ֆիլմերն ու կրկեսային ներկայացումները:

lenin kino 37

ybish 37

kinonairi 37Իսկ այս օծանելիքի գովազդը, որն առաջարկվում էր գնել 1937-ին, այսօր միգուցե աչքի ընկնի միամիտ մատուցմամբ ու միաժամանակ քաղաքական ենթատեքստով: Ապրանքների դեֆիցիտի ու քաղաքական բռնաճնշումների տարիներին մեդիան արդեն ստեղծել էր իր լեզուն, որը լուսավոր, կուշտ ու երջանիկ կյանքի պատրանք էր ստեղծում: Արժե կարդալ «դուխիների եւ օդեկոլոնների» անվանումները՝ «Կրասնայա Մոսկվա», «Կրասնի մակ», «Դվատցատ լետ Ոկտյաբրյա», «Կրիմսկայա ռոզա», «Կրիմսկայա ֆիալկա»…

krim

Առեւտրային գովազդը խորհրդահայ թերթերում սակավաթիվ է, հիմնականում գովազդվում են այն ապրանքները, որոնք համահունչ են պրոլետարիատի գաղափարախոսությանը: Բայց արդեն 1960-ականների կեսին սկսված գովազդը կարողանում է սողոսկել մամուլ: 1968թ.-ին «Ավանգարդը» տպագրում է «Մելոդիա» վինիլային սկավառակների ֆիրմային խանութի մասին այս գովազդային նյութը: Բայց այն կապում է քաղաքի տոնի ու քաղաքի բնակիչներին ընծայված նվերի գաղափարի հետ: Իսկ «Սովետական Հայաստանը» ներկայացնում է «Սոկոլ» ֆոտոշարքը, որն արտադրվում է Բելոռուսիայում:

vinil- avangard 1968

Իսկ մինչ գովազդը կսփռվեր բոլոր մեդիա հարթակներ ու այնտեղից՝ մեր ուղեղներ, արժե, որպես այս կարճ ակնարկի վերջաբան, հայացք նետել այս «ազդ»-ին, որը տպագրվել է «Ազատ Հայաստանի» էջերին 1920 թվականին:

hangist

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հանգստանալ եւ իր գործով զբաղվել: Բոլոր վաճառականները, խանութները, արհեստավորները, բանվորները առանց ժամանակ կորցնելու զբաղվելու են իրենց աշխատանքով: Անտարբերները ու անսաստողները կպատժվեն ամենախիստ կերպով»:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *