2015.07.14,

Նյուսրում

«Ես եմ մեդիան». ուսանողները՝ մեդիագրագիտության մասին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Նայեցի հայելու մեջ: Տեսա գզգզված մազերս, փոշոտ կեդերս, հոգնած աչքերս ու հասկացա, որ ես էլ եմ գրելու նյութ: Եթե ինձ հենց հիմա «չըխկացնեն», կլինեմ լուսանկար:

Եթե տեսախցիկի առաջ բլբլացնեն՝ կլինեմ ռեպորտաժ, հարցերին գրավոր պատասխանեմ՝ ամսագրային հարցազրույց:

Ածուխը վերցրի ու հիշելով դասախոսիս հայտնի խոսքը, ճակատիս «կյանք» գրեցի: Որովհետեւ համոզվեցի. ես եմ մեդիան, որովհետեւ կրողն ու փոխանցողն եմ՝ միաժամանակ»,- այսպես է ավարտվում «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթում առաջին տեղը գրաված նյութը, որի հեղինակ Սյունե Սեւադան ներկայացնում է մեդիագրագիտության, մեդիայի կարեւորության եւ ազդեցության իր պատկերացումները:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի նպատակն է ուսանողներին առիթ տալ մտածելու իրենց շրջապատող մեդիայի, դրա ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ, թե ինչպես է մեդիան օգնել կամ հակառակը` մոլորության մեջ գցել իրենց, բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզենային տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:

Առաջին եւ երկրորդ մրցանակակիրները՝ Սյունե Սեւադան եւ Ազատուհի Խաչատրյանը

«Փորձել եմ Գագիկ Հովհաննիսյանի հատնի «Ժուռնալիստիկան կյանքի հայելին է» խոսքի վրա հավաքել նյութս ու բացատրել, թե ինչու է ժուռնալիստիկան կյանքի հայելին, ինչու է պետք մարդկանց սոցիալական վիճակը պատկերացնելու համար ավտոբուսում նայել նրանց կոշիկներին: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը ու համարում եմ, որ եթե մի բան անում ես, պետք է անես շատ լավ կամ ընդհանրապես չանես: Ես փորձում եմ անել հնարավորինս լավ, դրանում օգնում են թե՛ իմ դասախոսները, թե՛ իմ խմբագիրները»,- ասում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սյունե Սեւադան:

ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը

Ստացված 14 հայտերից հաղթող են ճանաչվել 4-ը (1-ին մրցանակ՝ Սյունե Սեւադա, 2-րդ մրացանակ՝ Ազատուհի Խաչատրյան, 3-րդ մրացանակը կիսել են Ամալի Խաչատրյանը եւ Լիլիթ Հովհաննիսյանը), խրախուսական մրցանակ է ստացել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ռուբինա Դավթյանը, ով ներկայացրել է գիտական լրագրության խնդիրները:

«Ես եմ մեդիան» մրցույթին միակ տեսանյութը ներկայացրած եւ 3-րդ տեղը զբաղեցրած Լիլիթ Հովհաննիսյանը անդրադարձել է մեդիա մանիպուլյացիաներին եւ իրականությունը տարբեր կերպ մեկնաբանելու երեւույթին:

Երրորդ մրցանակակիր Լիլիթ Հովհաննիսյանը եւ Media.am-ի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը

«Իմ տեսանյութով փորձել եմ ներկայացնել մեդիայի իրավիճակը Հայաստանում եւ հորդորել բոլոր մարդկանց քննադատել եւ քննել այն ամենը, ինչ տեսնում են մեդիայում: Դա ավելի կրթված կդարձնի բոլոր մարդկանց եւ կօգնի փոխել մեդիայի այսօրվա վիճակը: Շատ ցավում եմ, որ ընդհանրապես չեմ հավատում մեդիային, եւ ուզում եմ փոխել դա»,- ասում է Հայաստանում Ամերիկյան համալսարանի Անգլերեն եւ հաղորդակցություն ֆակուլտետի ուսանող Լիլիթ Հովհաննիսյանը:

«Ես կարդացի անկախ Հայաստանի զավակների տեքստերը` ազատ, անկաշկանդ, հնարավորինս զերծ կարծրատիպերից, երբեմն թաքնված, երբեմն` անթաքույց նուրբ հումորով, որը բնորոշ է այս սերնդին: Ինչ վերաբերում է խորությանն ու ամբողջականությանը, դա տեխնիկայի հարց է, որը ժամանակի ընթացքում կշտկվի, դա մեզ չի անհանգստացնում: Մենք ուզում ենք այդ տողերի տակ տեսնել մտածող մարդու, ինքնուրույն կարծիք եւ հայացք ունեցող անհատի»,- ասում է մրցույթի ժյուրիի անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը:

Մրցույթի ժյուրիի անդամ Լեւոն Գալստյանը եւ Ազատուհի Խաչատրյանը

Լեւոն Գալստյանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերից մեդիագրագիտություն հատուկ դասընթաց կներդրվի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսում:

«Դա օգտակար կլինի հետագայում առարկան աստիճանաբար հանրակրթության համակարգ ներդնելու համար: Մեդիագրագիտությունը՝ մեդիա սպառնալիքներից զերծ մնալու, տեղեկություների հոսքի մեջ կողմնորոշվելու, լավը վատից զատելու կարողությունը, շատ բարդ եւ կարեւոր հարց է, եւ ես ուրախ եմ, որ այն զարգանում է»,- ասում է Լեւոն Գալստյանը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ կազմակերպության մեդիագրագիտության ծրագրերում ընդլայնվել է թիրախային լսարանի շրջանակը:

«Մի քանի տարի առաջ տպելով Մեդիագրագիտություն ձեռնարկը ուսուցիչների համար՝ մենք հիմնականում աշխատում էինք դպրոցների եւ ուսուցիչների հետ: Հետագայում ու հատկապես այս տարի հասարակության տարբեր խմբերի հետ ենք աշխատում՝ ՀԿ-ներ, գրադարաններ, համայնքային կազմակերպություններ, բուհեր: Ակտիվացրել ենք մեր ուսանողական ծրագրերը, բուհերում անցկացնում ենք կարճ դիտում-քննարկումներ, անցկացրեցինք ուսանողական մրցույթ, դրան զուգահեռ փորձում ենք ներդնել մեդիագրագիտության կամընտրական կուրսեր ուսանողների համար: Մեր գործընկեր Ինֆոտների միջոցով մեդիագրագիտության դասըթնացներ ու միջոցառումներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում: Հաջորդ տարիներին նախատեսվում է նոր համակարգչային խաղի մշակում»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը:

Մրցույթի ժյուրիի անդամ Լիլիթ Գալստյանը եւ երրորդ մրցանակակիր Ամալի Խաչատրյանը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է Հայաստանում մեդիագրագիտության տարածմամբ՝ համագործակցելով դպրոցների, բուհերի, պետական ու հասարակական կազմակերպությունների հետ: «Ես եմ մեդիան» մրցույթը եւս մի քայլ էր՝ երիտասարդների շրջանում մեդիայի ու տեղեկատվության թեմայով քննարկում նախաձեռնելու: ՄՆԿ-ի մեդիագրագիտության նախագծերը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մաս են, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ժյուրիի անդամ Մեսրոպ Հարությունյանը եւ առաջին մրցանակակիր Սյունե Սեւադան

Մրցույթին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Օրանժ» եւ «Յուքոմ» ընկերությունները: Նախաձեռնությանը սատարել է նաեւ Բարքեմփ Երեւան նախաձեռնությունը:

Media.am-ը հուլիս ամսվա ընթացքում Vox Populi բաժնում կհրապարակի «Ես եմ մեդիան»-ի հաղթողների աշխատանքները:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *