2015.05.29,

Նյուսրում

Մի քանի խորհուրդ «Մեդուզա»-ից օնլայնում գրող լրագրողներին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Ուղիղ եթերի լրագրությունը սկսվեց սպորտից: Տարիներ առաջ, երբ ինտերնետի արագությունը թույլ չէր տալիս որակյալ ու արագ առցանց հեռարձակումներ դիտել, մարդիկ սկսեցին սպորտային իրադարձություններին (հատկապես ֆուտբոլային) հետեւալ առցանց գրվող տեքստի միջոցով»,- պատմեց «Մեդուզա» լրատվականի նոր ժանրերի եւ հատուկ նախագծերի պատասխանատու Ալեքսանդր Պոլիվանովը:

«Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսին ներկայացրած «Ինչպես աշխատել ուղիղ եթերում. օնլայն հեռարձակում եւ քրոնիկոն» վարպետության դասի ընթացքում նա ասաց, որ ուղիղ եթերի ռեժիմով գրվող տեքստն այն լրագրողական ժանրն է, որի միջոցով կարելի է պատմել ամեն ինչի մասին.

«Դա կարծես մի անվերջ մետա-մեկնաբանության է, որի ընթացքում կարելի է պատմել ոչ միայն այն, ինչ կատարվում է դաշտում, այլեւ մեկնաբանների խցիկներում, երկրպագուների շարքերում եւ այլն»:

«Քրոնիկոնը հիմնվում է այն իրադարձության վրա, որն ունի սկիզբ, բայց անհայտ է, թե երբ է ավարտվելու: Ասենք` խոշոր աղետները, որոնք անընդհատ նոր մանրամասներով են համալրվում: Քրոնիկոնի դեպքում հեղինակային ձայնի կարիք չկա, քանի որ անընդհատ թարմացվող լրահոսի ու բազմազան աղբյուրների պարագայում հեղինակային մոտեցումը ցանկալի չէ: Օնլայնի դեպքում, երբ իրադարձությունն ավարտուն է, հարկավոր է ընդգծել հեղինակի ձայնը»,- ասում է Ալեքսանդր Պոլիվանովը:

Հեղինակը դառնում է այն ճանաչելի բրենդը, որի օգնությամբ լսարանը «սոսնձվում» է կայքին: Պոլիվանովի կարծիքով` այդ «սոսնձվելու» պրոցեսը չի կարող տեղի ունենալ շատ կարճ, ինչպես նաեւ ինտրիգներից զուրկ իրադարձությունների ժամանակ. 

«Օնլայն գրելն իմաստ չունի, ասենք, զինվորական շքերթի ընթացքում, քանի որ հիմնական գործողությանն ավելացնելու բան չկա: Ինտրիգ չկա»:

Ալեքսանդր Պոլիվանովը խորհուրդ է տալիս օնլայն տեքստը գրել 2-3 լրագրողներով (ավելի շատի դեպքում` շիլաշփոթ կսկսվի), բայց նախապես ու մանրակրկիտ դերաբաշխում անելուց հետո միայն.

«Լսարանը պիտի վստահի օնլայն վարող լրագրողին` զգալով, որ նա անկաշկանդ է, բայց միեւնույն ժամանակ զգոնության չափը չի կորցնում: Հակառակ դեպքում կարող է նմանվել այն ֆուտբոլային մեկնաբանին, որին անհաջող ու անբռնազբոս կատակներից հետո մինչ հանդիպման ավարտը ազատեցին աշխատանքից: Հնարավոր է դերերը կառուցել, օրինակ, բարի եւ չար ոստիկանների նմանությամբ, երբ վարողներից մեկը հիմնականում դժգոհում է, իսկ մյուսը փորձում է դրականը տեսնել: Կամ էլ` մեկը կենտրոնանում է հիմնական գործողության վրա, իսկ մյուսը` ուղեկցում այն հարակից մանրուքներով »,- ասում է Ալեքսանդր Պոլիվանովը: 

Նա զգուշացնում է, որ լրագրողները պետք է խուսափեն օնլայն ռեժիմում միմյանց մանր սխալներն ի ցույց դնելուց: Դա թող անեն հետո, օնլայնից դուրս: Իսկ օնլայնում պիտի զգացվեն ազատ ոճն ու լեզուն, որոնց հիմքում, իհարկե, նախօրոք կատարված հսկայական աշխատանքն է (փաստեր, վիճակագրություն, պատմություն, անգամ հագուստի եւ եղանակի մասին տվյալների հավաքագրում):

«Գլխավոր սկզբունքը սա է. սկսիր օնլայնը, երբ զգաս, որ այն հետաքրքիր կլինի լսարանին, իսկ դու հիմնական իրադարձությանն ավելացնելու բան ունես»,- ասում է Ալեքսանդր Պոլիվանովը: 

Նա պատմեց «Մեդուզա»-ի վերջին` երկար ու աշխատատար օնլայնի մասին, որը սկսվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին լուրը ստանալուց 10 րոպե անց.

«Միանգամից պարզ էր, որ սա գլխավոր նորությունն է, եւ ամբողջ գիշերվա ընթացքում նորանոր տեղեկություններ են հայտնվելու, քանի որ հայտարարվել էր մադասպանին տաք հետքերով բռնելու մասին: Մեծ ռեպորտաժներ պատրաստելու ժամանակ չկար,  եւ մենք քաղաքի մի քանի կետերից տեքստային օնլայն թողարկումներ էինք անում: Նման էքստրեմալ իրավիճակներում ամենաթանկ գործոնը ժամանակն է: Իհարկե, երկար ռեպորտաժներ եւ վերլուծություններ եղան, բայց ավելի ուշ»:

Կարեւորը արագությունն է եւ մեջբերումները տեքստի մեջ ներդնելու հարմար գործիքները: 

«Ես, օրինակ, չեմ կարող ինձ թույլ տալ ամբողջական ծավալով դիտել կենդանի հեռարձակումները`live stream-երը: Լավ է, երբ ներկայացնում են սեղմ` կարեւոր դետալները ընդգծող հատվածները: Կարծում եմ` տեքստային օնլայները շատ հարմար ժանր են թվային միջավայրում բովանդակությունն արագ տեղ հասցնելու տեսակետից»:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *