IP Marketing ընկերության սեյլս հաուզը ինտերնետային գովազդը սկսել է վաճառել նոր մոդելով:
Սեյլս հաուզում ներառված 16 կայքերում, որոնց թվում են նաեւ Tert.am-ը, Blognews.am-ը, Panarmenian.net-ը, Lragir.am-ն ու ITtrend.am-ը, գովազդի՝ նախկին ռոտացիոն վաճառքից անցում է կատարվել ցուցադրություններով վաճառքին:
«Նախկինում գովազդը վաճառվում էր ամսական կտրվածքով, իսկ այժմ ցուցադրությունների քանակով: Մինչեւ այս տարվա փետրվար, ամսական գինը վերափոխում էինք ցուցադրությունների գնի, որպեսզի միջազգային գովազդատուներին հասկանալի լիներ: Այժմ, երբ անցել ենք վաճառքի մասնագիտացված մոդելի, նման խնդիր այլեւս չկա»,- ասում է IP Marketing ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանը:
Վաճառքի նոր մոդելին անցումը հնարավորություն է տվել նաեւ հավասարակշռել կայքի տարբեր գոտիներում տեղադրվող գովազդի գինը:
«Երբ անցանք այս մոդելին, պարզ դարձավ, որ որոշ գոտիներում չափազանց էժան էր վաճառվում գովազդը, որոշներում՝ չափազանց թանկ: Կայքում եղան գովազդային գոտիներ, որտեղ գները բարձրացան եւ հակառակը»,- ասում է Արսեն Սուլթանյանը:
Սեյլս հաուզում ներգրավված կայքերում գովազդի 1000 ցուցադրության գինը տատանվում է 50-600 դրամի սահմաններում՝ կախված կայքի տեսակից եւ գովազդային գոտիներից (կայքում դիրքից): Նվազագույն փաթեթը միջինում 1 միլիոն ցուցադրությունն է:
Արսեն Սուլթանյանի խոսքով՝ դոլարի փոխարժեքի տատանման հետեւանքով գովազդային շուկան այսօր ճգնաժամ է ապրում:
«Շատ գովազդատուներ կրճատել են իրենց բյուջեները: Այժմ ռեաբիլիտացիոն փուլն է, շուկան դանդաղ քայլերով վերադառնում է իր դիրքերին: Մեծ հույս ունեմ, որ 2015-ի վերջում կուենանք 2014-ի կեսերի մակարդակը»,- ասում է նա:
Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում ինտերնետային գովազդի շուկան կազմում է մոտ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: