2015.04.21,

Նյուսրում

«Շանթ»-ը վստահեցնում է, որ «Խոպանի տեսություն»-ը չի վիրավորում ալավերդցիներին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Մի խումբ ալավերդցիներ բոյկոտում են «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսությունը» սերիալը՝ նշելով, որ այն վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը:

«Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երեւան է գնացել: Այն խաղը եւ կերպարը, որ մարմնավորում է աղջիկը, հեռու է ալավերդցու կերպարից»,- նշված է «Ալավերդցիները բողոքում են Շանթի նոր սերիալից» ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

Ալավերդցիները հեռուստաընկերությունից պահանջում են սերիալում չօգտագործել «Ալավերդի» բառն ու ներողություն խնդրել՝ իրենց «գյուղատիպ, անճաշակ, միամիտ եւ այլ բացասական տեսանկյունից ներկայացնելու» համար:

«Եթե սերիալի սցենարիստներն ուզում են ցույց տալ մարզից մայրաքաղաք գնացած ուսանողի կերպար, ինչու են ընտրել հենց ալավերդցուն։ Հարկավոր է ներկայացնել ընդհանրական կերպար եւ ոչ մի դեպքում որեւէ բնակավայրի հետ չասոցացնել։

Բացի այդ՝ աղջիկը ներկայացվում է անճաշակ, գեղջկական ու քաղաքակրթությունից հեռու մոտեցմամբ։ Որքանո՞վ է ճիշտ այս կերպարը ներկայացնել որեւէ բնակավայրի անունից եւ որքանո՞վ է ճիշտ ընդհանրապես նման կերպար ներկայացնել։ Առանց այն էլ մեր հասարակության մեջ կան կարծրատիպեր, որոնք տարիների ընթացքում հազիվ է հնարավոր լինում կոտրել։ Այս կերպ մենք ամրացնում ենք այդ կարծրատիպերը»,- ասում է նախաձեռնության կազմակերպիչներից ալավերդցի լրագրող Մարիաննա Պեպանյանը:

«Շանթ» հեռուստաընկերությունը արձագանքել է Ֆեյսբուքում արտահայտված մեղադրանքներին՝ նշելով, որ «նախագծի ստեղծագործական խումբը մեծ ուշադրություն է դարձնում, որպեսզի որեւիցե վիրավորական խոսք կամ արտահայտություն երբեւէ չհնչի եթերից որեւէ մեկի հասցեին՝ թե՛ լոռեցիների, եւ թե՛ Հայաստանի ցանկացած մարզերի բնակիչների»:

Life.Panoram.am-ին տված մեկնաբանության մեջ հեռուստաընկերությունից նշել են, որ «Միակ հատվածը, որ որեւիցե մեկը կարող էր թյուրիմացաբար հասկանալ, որ Ալավերդի քաղաքը անվանվել է գյուղ` այն դրվագն է, երբ երկրորդ սերիայի մոտ 7:30-րդ րոպեին դերասանուհի Ա.Կիրակոսյանը՝ մարմնավորելով Հայարփիի կերպարը, նշում է, որ «Ալավերդիում մազերս ավելի լավ կսարքեին», այնուհետեւ 10:00-րդ րոպեին նա ասում է «քեֆին մեր տանեցիքին էլ գյուղից կկանչեի»: Հավատացնում ենք՝ դա չի նշանակում, որ նա բնակվում է Ալավերդի քաղաքում եւ այն անվանում է գյուղ: Իսկ այն, ինչ վերաբերում է Հայարփիի հերոսի հետամնաց կամ անճաշակ լինելուն, դա բնավ էլ այդպես չէ, քանի որ հերոսը բավականին տեղեկացված է եւ ձեւանում է միամիտ ու իբրեւ ոչինչ չի հասկանում այն ժամանակ, երբ դա իրեն ձեռք է տալիս»:

«Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում սերիալում լոռեցի աղջկան մարմնավորող դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ասել է, որ «իրենք խնդիր չունեն որեւէ մեկին ծաղրելու, պարզապես իրենց առջեւ նպատակ են դրել ստեղծել հումորային սիթքոմ»:

«Ինքս անձամբ բնիկ լոռեցի եմ, ծնվել եմ Վանաձորում, եւ ծիծաղելի կլիներ, եթե ծաղրեի ինքս ինձ: Ես հպարտ եմ, որ լոռեցի եմ եւ հարգում եմ լոռեցիներին»,- ասել է նա:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *