2015.04.10,

Նյուսրում

Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը շատ բան փոխեց Հայաստանում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության թեման տաբու էր:

Այն փոխանցվում էր ընտանեկան պատմությունների եւ վերապրածների հուշերի միջոցով, արտացոլվում գրականության մեջ, բայց հանրային հարթակներում ու մամուլում գրեթե չէր արծարծվում:

ԽՍՀՄ-ը հրաժարվել էր Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից եւ ցանկացած ազգային հարց վտանգի օջախ էր համարում:

Իրավիճակը փոխվեց 1965 թվականին, երբ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով զանգվածային ցույցեր տեղի ունեցան Երևանում: Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու կամքը դարձավ ազգային զարթոնքի դրվագներից մեկը:

Հազարավոր ցուցարարներ հավաքվեցին Լենինի (այսօրվա Հանարապետության) հրապարակում, երթով հասան Պանթեոն, ուր ծաղիկներ դրեցին Կոմիտասի շիրիմին, այնուհետև վերադարձան հրապարակ: «Վերադարձրեք մեր հողերը» և «Ճանաչենք ցեղասպանությունը» պաստառներ հայտնվեցին:

Ինքնաբուխ այս հավաքը հնարավոր եղավ մի քանի նախադրյալների շնորհիվ՝ «ձնհալի» տարիները որոշակիորեն թուլացրին ճնշման աստիճանը, և բացի այդ՝ դեռ 1964 թվականին Հայաստանի ղեկավարությունը (կոմունիստական կուսակցության առաջին ղեկավար Յակով Զարոբյանի գլխավորությամբ) նամակ էր գրել Մոսկվա ու առաջարկել «հայերի մասսայական ջարդերի 50-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել», այդ թվում՝ գրքեր ու հոդվածներ հրատարակել, ռադիո ու տեսաֆիլմեր պատրաստել, հուշահամալիր կառուցել:

Մի քանի տարի անց գրեթե բոլոր այս կետերը իրականացվեցին:

1965-ի ապրիլի 24-ին Օպերայի և բալետի թատրոնի շենքում Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական նիստ էր: Բորբոքված ցուցարարները շարժվեցին դեպի Օպերայի հրապարակ, որտեղ բախումներ տեղի ունեցան ոստիկանների հետ:

Նետված քարերից կոտրվեցին թատրոնի պատուհանների ապակիները, մի քանի մարդ վնասվածք ստացավ (նրանց թվում էր «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Վրույր Սարգսյանը):

Ցույցը ցրելու նպատակով գործի դրվեցին ջրապոմպերով աշխատող մեքենաները, որոնք սառը ջուր լցրին ցուցարարների վրա: Դահլիճում տեղի ունեցող նիստը խափանվեց:

Ցույցերի խորհուրդը հիշելու ու սգալու իրավունքը հարգելու ձգտումն էր:

Հանրային պահանջ էր ձևավորվել ունենալու մի սրբավայր, որը կարող էր խորհրդանշել հուշը (Պանթեոնն այդ դերակատարությունը չուներ): Համարձակը հողերի վերադարձի կոչերն էին, որոնք կիսազսպված-կիսաակտիվ պահեցին Հայաստանի իշխանությունները՝ Մոսկվայի վրա որոշակի ճնշումներ գործադրելով:

Իսկ ժողովրդական ընդվզումը դարձավ այն խթանը, որի օգնությամբ Ցեղասպանության հուշահամալիրի կառուցման թույլտվությունը ստացվեց:

1967-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը:

Ծիծեռնակաբերդ բլրին կառուցված հուշահամալիրն այլևս փաստ էր, որը համամիութենական նշանակություն ստացավ ու լայնորեն լուսաբանվեց մամուլում:

«Սովետայան Հայաստան» թերթ

«Ավանգարդ» թերթ

«Ավանգարդ» թերթ

ԽՍՀ-ի իշխանությունները բացման օրը նշանակեցին նոյեմբերի 29-ը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 47-րդ տարեդարձի օրը:

Իսկ հուշահամալիրի երկու ճարտարապետական հատվածները՝ Հիշատակի դահլիճն ու Վերածննդի կոթողը միավորվեցին «Վերածնունդ» խորագրով:

Ընդհանրապես օրացույցային տոների համընկնումը շատ խելամիտ քայլ է, որը թույլ է տալիս պաշտոնապես հռչակված տոնին տարբեր ենթատեքստեր ավելացնել, շատ դեպքերում նաև «upgrade» անել տոնի իմաստը (տարիներ անց նույն մոտեցմամբ ամբողջացավ նաև Հաղթանակի տոնը, երբ մայիսի 9-ը համարվեց ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, այլև Արցախի պատերազմի հաղթանակի տոնը):

Իրար կապվեցին երկու պատմական իրողությունները. անցյալում խոշտանգված, կործանված, ցեղասպանված ու ներկայում ապահով, բարվոք ու երջանիկ Հայաստանի կերպարները: Վերապրած ու վերածնվող:

Խորհրդահայ թերթերն իրենց վերամբարձ ու պաթետիկ տեքստերում գրեցին «անշիրիմ նահատակների հավերժ կենդանի հուշարձան» ունենալու ու «եղբայրական ժողովուրդների համերաշխ ընտանիքում բարգավաճելու» մասին:

«Ավանգարդ» թերթ

«Այս հուշարձանը այցելող յուրաքանչյուր մարդու սիրտ ատելությամբ է լցվում դեպի չարը, դեպի պատերազմը, դեպի ցեղասպանությունը, և խորը երախտագիտությամբ՝ դեպի այն հասարակարգն ու կուսակցությունը, որը փրկեց մեր ժողովրդին արհավիրքից»,- գրեց «Սովետական Հայաստանը»:

Եվ ավելացրեց նաև համաշխարհային շեշտադրումներ. «Այս կոթողը բողոք է ոչ միայն անցյալի, այլև այսօրվա իմպերիալիստական քաղաքականության դեմ, ցեղասպանության ամեն մի դրսևորման դեմ»:

Հիշատակվեցին «ամերիկայի նեգրերի դեմ կատարվող վայրենի դատաստանը, որը միջնադար է հիշեցնում» ու «վիետնամական ժողովուրդի հոսող արյունը»:

Հայոց ցեղասպանության թեման, հայտնվելով խորհրդահայ մամուլում, հիմնականում դարձավ այսպիսի բազմաշերտ ու տարբեր նառատիվներ միավորող:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *