2015.03.12,

Նյուսրում

Կարճ գրելը նորաձեւ է միշտ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

1921 թվականին լույս տեսնող «Ազատ Հայաստան» թերթն իր ազատ թղթակիցներին այսպիսի առաջարկ-պահանջ է անում. «Հոդվածները, թղթակցությունները պետք է լինեն կարճ, ամփոփ, թանաքով գրված եւ թղթի մեջ էջի վրա»:

karch 2

Մի քանի տարի անց՝ 1924 թվականին, արդեն խորհրդայնացված Հայաստանի առաջին թերթերից մեկը՝ «Ավանգարդը» այսպիսի հրամայական հայտարարություններ էր տպագրում` փորձելով խորհրդային քաղաքացիներին ներգրավել գրելու գործի մեջ. «Թղթակից ջան, աշխատիր մտքերդ արտահայտել՝ սեղմ կտրուկ, պարզ եւ ճիշտ»:

avangard 24

Հստակ ու կարճ գրելու պահանջը հենց ավանգարդիստական մոտեցում էր: Նման հստակությամբ էր կառուցվում պոեզիան, կերպարվեստը, ընդհանրապես կյանքը: Ժամանակը նոր ռիթմ էր թելադրում, իսկ ցանկացած նորի հիմքը հնից ու երկարից ազատվելն է:

Գրեթե մեկ դար անց սեղմ գրելու անհրաժեշտությունը հաստատեց համացանցը:

Ընդունված է համարել, որ հանրային լրագրությունը ձեւավորվեց արագ ու մատչելի հաղորդակցության գործիքներին զուգահեռ: Բայց բոլոր ժամանակներում էլ, անգամ մինչինտերնետային դարաշրջանում, փորձեր են արվել որքան հնարավոր է ընդլայնել տեղեկատվական դաշտը՝ հագեցնելով այն արձագանքներով, մեկնաբանություններով եւ այլն:

Թերթերը, ազատ թղթակիցներին տեղ հատկացնելով, ցույց էին տալիս, որ ժողովրդի ձայնը լսելի է նաեւ մեդիա դաշտում: Իսկ կարճ գրելը դառնում էր նորաձեւ ու երիտասարդ մարդուն հարիր:

«Ավանգարդը» հատուկ հոդված գրեց, որտեղ բացատրվում էր «հիվանդոտ ժուռնալիստիկայի» ախտանիշները.

«Առհասարակ հայկական եւ մասնավորապես մեր երիտ. լրագրողների մեջ մի հիվանդոտ երեւույթ կա. դա ճոռոմ ոճով եւ երկար գրելն է: Յուրաքանչյուր թղթակից ցանկանում է որքան կարելի ձգձգել, երկարացնել՝ կարծելով, որ այդպես ավելի ուշագրավ կդարձնի իր գրածը, առանց մի րոպե անգամ մտածելու, որ դրանով միմիայն ձանձրույթ է պատճառում ընթերցողին»:

seghm

Հաջողությունը կապվում էր այն լրագրողի հետ, ով կարողանում է կյանքը պատկերել այնպես, ինչպես կա: Օրինակ՝ ռուս լրագրողները:

rus orinak

Կանցնի մի քանի տասնամյակ ու տեքստերը թերթերում կդառնան երկարաշունչ ու, մեծ իմաստով, ոչինչ չասող: Բառերի շարանները նորաձեւ երեւալու ցանկություն այլեւս չեն ունենա:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *