Ազատության հրապարակ, Բաղրամյան 26, Մաշտոցի պուրակ, Աֆրիկյանների տուն…
Վայրերը տարբեր են, դերակատարները՝ գրեթե անփոփոխ:
Միեւնույն ցուցարարները, միեւնույն ոստիկաններն ու միեւնույն լրագրողները հավաքվում են դեպքի վայրում՝ ամեն մեկն իր գործով:
Media.am-ն այսուհետ «դեպքի վայրում» կհանդիպի լրագրողների, ովքեր կպատմեն քաղաքական ու քաղաքացիական ակցիաների լուսաբանման ընթացքում իրենց տեսած-լսած-զգացածի ու արդեն ձեւավորված սկզբունքների մասին:
Քնար Խուդոյան, լրագրող, epress.am
2011 թ.-ին ավարտել է ԵՊԼՀ-ի Լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը՝ անգլերեն լեզու եւ միջազգային լրագրություն մասնագիտացմամբ:
2010-2011 թթ.-ին աշխատել է «Ժամանակ» օրաթերթում, 1in.am կայքում, 2012 թ.-ից մինչ օրս epress.am կայքի լրագրող է:
Ներկայում հետեւում ու ապագայում էլ փորձելու է հետեւել լրագրողական հետեւյալ սկզբունքներին՝ չվնասել, չլինել դոգմատիկ եւ մակերեսային:
«2010 թվականին, երբ սկսեցի զբաղվել լրագրությամբ, շատ ոգեւորված էի 2008 թվականի ալիքի տակ Հայաստանում ձեւավորված քաղաքացիական շարժմամբ.
մեծ սպասումով էի գնում ամեն շաբաթ կազմակերպվող հանրահավաքներին, ինձ շարժման մի մասնիկն էի համարում, պատմության կերտման ականատեսը»:
«Ակցիաներ լուսաբանելու սկզբնական շրջանում հիմնականում ուշադրություն էի դարձնում գլխավոր խնդրին, հիմա սկսել եմ մանրուքները նկատել. հաճախ դրանք շատ մեծ կարեւորության հարցեր կարող են բարձրացնել:
Օրինակ՝ ուշադրության է արժանի այն պահը, երբ ոստիկանը դուրս է գալիս իրեն վերապահված լիազորությունների շրջանակից ու սկսում բարոյականության, հայ ազգային ինքնության, «ճշտի ու սխալի» դասեր տալ ակցիայի մասնակիցներին. «Մի՞թե քո տարիքի աղջկան վայել է այսպիսի գործողությունների մասնակցելը»»:
«Լուսաբանում եմ նաեւ ակցիաներ, որոնց մասին ոչ ոք չի գրում: Լավ նյութի համար պարտադիր չէ, որ ակցիային շատ դրոշներ լինեն, ոստիկանությունը ցուցարարներին բերման ենթարկի: Կարծում եմ, որ պետք է առաջնորդվել ոչ թե մասնակիցների քանակով, այլ բարձրացված հարցի ակտուալությամբ, կոնֆլիկտի էությամբ: Այսինքն՝ հաջողված լուսաբանումն ու հաջողված ակցիան տարբեր բաներ են»:
Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: