2014.07.23,

Նյուսրում

Պաշտպանել տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2014 թվականի հունիսի 26-ին դռնփակ նիստով կայացրած որոշման վերաբերյալ, որը «Հրապարակ» թերթին եւ iLur.am կայքին պարտավորեցնում է բացահայտել իրենց տեղեկատվական աղբյուրները:

«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեդիայի վրա, քանի որ կարող է խոչընդոտել հանրային հչեղություն ունեցող հարցերի լուսաբանմանը: Պետք է ճանաչվի ինֆորմացիայի հանրային եւ մասնավոր աղբյուրների մասնագիտական գաղտնիության անհրաժեշտությունը»,- ասել է Դունյա Միյատովիչը:

Միյատովիչը նշել է, որ լրագրողների՝ տեղեկատվության աղբյուրների ինքնությունը պաշտպանելը հետաքննական լրագրության կարեւորագույն սկզբունքն է եւ ԵԱՀԿ-ի կողմից բազմիցս հայտարարվել է որպես խոսքի ազատության հիմնարար պահանջ:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ի այս արձագանքը սպասելի էր:

«Ես ենթադրում էի, որ միջազգային արձագանքն այսպիսին էլ պետք է լինի: Սակայն պետք է ասեմ, որ մեր դատարանն արել էր ամեն բան, որպեսզի կանխեր նման զարգացումը. նա իրավական վերլուծության մեջ նույնիսկ վկայակոչել էր Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որոնք իրականում ավելի շուտ հակասում էին դատարանի որոշմանը: Ուրախ եմ, որ դատարանի այս հնարքը չհաջողվեց, եւ դրան հետեւց միջազգային այս արձագանքը»,- ասում է Աննա Իսրայելյանը:

2014 թվականի հունիսի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Հրապարակ» թերթն ու iLur.am կայքը քրեական գործի շրջանակում, որում ներգրավված է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, պարտավորվում են բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները:

Մայիսի 9-ին լրատվամիջոցները նյութ էին հրապարակել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի եւ մարզիկներ Արթուր ու Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի ունեցած վիճաբանություն մասին, որում ասվում էր, թե վիճաբանության ժամանակ Վարդան Նադարյանն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:

Քննիչ Գարիկ Բեգոյանը լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հիմնավորելով, որ «Հրապարակ»-ի եւ iLur.am-ի տեղեկատվության աղբյուրների բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցներ ձեռքբերելուն: Նա նշել էր, որ հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն այս դեպքում ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը:

Դատարանի որոշմանը հետեւեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը, թե լրատվամիջոցներին տեղեկատվություն հաղորդողն ինքն է եղել:

Դատարանը լրագրողից աղբյուրի բացահայտում էր պահանջել նաեւ 2002 թվականին, երբ այն ժամանակ «Տարեգիր» կայքի լրագրող, այժմ 168.am-ի փոխխմբագիր Լիլիթ Սեյրանյանը գրել էր, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի ընտանիքին գումար է առաջարկվել բողոքը հետ վերցնելու համար:

Պողոս Պողոսյանի եղբայր Անդրանիկ Պողոսյանը «Տարեգիր» կայքի դեմ հայց էր ներկայացրել դատարան: Դատարանը լրագրողին պարտավորեցրել էր կա՛մ բացահայտել աղբյուրը, կա՛մ հերքել տեղեկատվությունը: Լրատվամիջոցը ստիպված էր եղել հերքել հրապարակումը:

«Ես միանշանակ դեմ եմ տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը: Իմ օրինակով կարող եմ ասել՝ լրագրողը չի կարող բացահայտել իր աղբյուրը, դա դատապարտելի պահանջ է: Այս իրավունքն ամրագրվում է նաեւ միջազգային կոնվենցիայով: Եվ եթե դատարանի այս որոշումը լրատվամիջոցներին ճնշելու միջոց է, շատ վատ է»,- ասում է Լիլիթ Սեյրանյանը:

Աննա Իսրայելյանի խոսքով՝ ամեն անգամ, երբ իրեն կամ «Առավոտ»-ի իր գործընկերներին դիմում են տեղեկատվության աղբյուրը բացահայտելու հարցումով, իրենք վկայակոչում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը.

«Հոդված 5. Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը
1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»։

Վերջին երկու դեպքերում, երբ ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը «Առավոտ»-ից պահանջել էին բացահայտել տեղեկատվության աղբյուր, օրենքին հղումն օգնել էր: Սակայն այս վերջին դեպքում գործը հասել է դատարան, եւ հենց դա էլ մտահոգում է տեղական եւ միջազգային լրագրողական հանրությանը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *