2014.05.26,

Նյուսրում

«Լրադադար». լրագրողական քննարկում Շուշան Պետրոսյանի միջադեպի մասին

«Լրադադար» ակումբը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերջին տարիների նախաձեռնություններից է: Սա լրագրողական մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար:  

Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումների, ստեղծվող բովանդակության, գործող հարաբերությունների, հասունացող հակասությունների…

Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, բեմադրիչներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ:

Մայիսի 23-ին «Լրադադար»-ում քննարկման թեման ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում լրագրողների հետ ԱԺ պատգամավորների ունեցած մի քանի կոնֆլիկտային միջադեպերն էին: Զրույցը հիմնականում Ազգային ժողովում պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ լրագրողներին ուղղված արտահայտության մասին էր: Սակայն քննարկումն ավելի լայն էր՝ ինչու՞ են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ ԱԺ պատգամավորների, պաշտոնյաների կամ հրապարակային մարդկանց հետ ընդհանրապես, ինչպե՞ս են արձագանքում նման միջադեպերին խմբագրությունները:

Քննարկվու՞մ են արդյոք այս միջադեպերը խմբագրություններում, ի՞նչ հետեւություններ են արվում…

Եթե խմբագրությունն ընդունում է, որ կա լրագրողական սխալ, ի՞նչ քայլեր են հաջորդում: Լրագրողական սխալներն ուղղելու ի՞նչ պրակտիկա է կիրառվում այսօր հայաստանյան լրատվամիջոցներում:

Media.am-ը քննարկման ընթացքում հնչած կարծիքները բաժանել է մասերի եւ ներկայացնում է կետերով:

Շուշան Պետրոսյանի՝ լրագրողներին անբարոյական անվանելու դեպքի մասին

– Քաղաքական, հրապարակային գործիչը, ով պատրաստ չէ լրագրողների հետ շփվել, պատրաստ չէ լինել քաղաքական գործիչ: Տվյալ դեպքում Շուշան Պետրոսյանը նույնիսկ չի էլ լսել, թե իրեն ինչ են հարցնում: ԱԺ պատգամավորը պարզապես օգտագործել է ոչ պատեհ առիթը լրագրողների նկատմամբ իր վրդովմունքն արտահայտելու համար:

– Տեսակետը, թե լրագրողի կողմից դիլետանտություն էր Վերնիսաժի դեպքերի մասին Շուշան Պետրոսյանից կարծիք հարցնելը, արդարացի չէ: Նա պահանջում է, որ իրեն վերաբերվեն որպես երգչուհու եւ ոչ թե որպես պատգամավորի: Սակայն Շուշան Պետրոսյանը արդեն երկու տարի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, եւ իրենից մեկ այլ պատգամավորի հետ կապված միջադեպի մասին մեկնաբանություն խնդրելը ընդունելի լրագրողական մոտեցում է: Հատկապես երբ այդ պատգամավորը հասարակության մեջ իրեն դիրքավորում է որպես մշակույթի, ազգային, բարոյական արժեքների մասին մտահոգվող, այդ արժեքները կրող քաղաքացի:

– Այն, ինչ տեղի ունեցավ Շուշան Պետրոսյանի պարագայում՝ միջադեպից հետո լրագրողական համայնքի համախմբումն ու այդ միջադեպերը անարձագանք չթողնելը, դրական քայլ է:

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի, հատկապես մականունավոր պատգամավորների հետ շփվելու դժվարությունների մասին

– Եթե պատգամավորը/ հրապարակային անձը խոսւափում է կամ չի ուզում հարցազրույց տալ, ճիշտ չէ դա լրագրողի նկատմամբ վիրավորանք ընկալելը: Հարցազրույց տալը, լրագրողի հետ խոսելը մարդու բարի կամքով պիտի լինի:

– Մի կողմից՝ պետք չէ մեկնաբանության խնդրանքով դիմել այն պատգամավորներին, ովքեր տվյալ հարցերից տեղյակ չեն, մյուս կողմից էլ՝ սա լավագույն միջոցն է ցույց տալու համար, որ մարդիկ այսօր սխալ տեղում են: Լրագրողների այս մոտեցումը օգնում է բացահայտել ԱԺ պատգամավորների իրական դեմքը, իրենց ոչ կոմպետենտությունն ու սխալ տեղում լինելը: Սա չի նշանակում մամուլն ավելի դեղնացնել, բայց սպառողի հիշողությունը կարճ է, եւ նրան ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել, ցույց տալ հրապարակային գործիչների իրական դեմքերը:

– Երբեմն լրագրողներն իրենց պահվածքով, հարցադրման տոնով, հարցի ձեւակերպմամբ՝ խախտում են էթիկայի կանոնները, ինչն ընդունելի չէ: Ում էլ ուղղված լինի հարցը, պետք է հարգալից տրվի: Լրագրողն իր պահվածքով, հագուկապով, խոսքով չպետք է թույլ տա, որ իր հետ շփվեն կոռեկտության սահմաններից դուրս:

– Նման միջադեպերի մասին պատմությունները միանգամից դառնում են ամենաընթերցվողը, հատկապես օնլայն մամուլում եւ, ցավոք, ստվերում են շատ ավելի լուրջ, կարեւոր հարցերի քննարկումները:

– Կարեւոր է հասկանալ, թե լրագրողները ինչ կարող են անել մարդկանց ուշադրությունը բամբասանքներից ավելի լուրջ խնդիրների վրա տեղափոխելու համար: Չի բացառվում, որ պատգամավորները, քաղաքական դեմքերը հատուկ են նման մանիպուլյացիաներ անում՝ լրագրողներին իրենց հիմնական օրակարգից շեղելու համար: Լրագրողը, լրատվամիջոցը պետք է իր հստակ օրակարգն ունենա եւ թույլ չտա, որ իրեն շեղեն նման միջոցներով: Կարեւոր է, որ լրագրողները ավելի պատասխանատու կատարեն իրենց գործը եւ նման միջադեպերը լուսաբանելիս միշտ ճիշտ ենթատեքստի մեջ դնեն այն: Ժամանակակից լրագրության մեջ այլեւս կարեւոր չէ այն, թե ով ավելի արագ տվեց լուրը, այլ այն, թե ով ավելի ճիշտ ենթատեքստի մեջ ներկայացրեց այն:

– Կան խմբագրություններ, որոնց համար հենց լեզվի սայթաքումներն են կարեւոր, նման հոդվածներն օգնում են «քլիք» ապահովել, լսարան հավաքել:

Խմբագրությունների ներսում քննարկումների մասին

– Խմբագրությունները պետք է իրենց համար հստակեցնեն, թե ինչպես կարելի է արձագանքել նման միջադեպերին: Ո՞րն է լրագրողների ճիշտ արձագանքը նման իրավիճակներին. սա հարց է, որը պետք է շարունակաբար ակտիվորեն քննարկել:

– Կան խմբագրություններ, որոնց ներսում քննարկվում են նման դեպքերը, նկատողություններ են արվում, պատիժներ կիրառվում:

– Խմբագրություններում խնդիրներ են լինում՝ լրագրողներին ճիշտ ներկայանալ, ճիշտ հարց տալ սովորեցնելու հետ կապված։ Եթե անգամ կան ներքին կանոններ, ապա դրանք հիմնականում բանավոր են եւ գրավոր ձեւակերպված չեն:

– Լրագրողին կոպտած պատգամավորին կարելի է բոյկոտել, բայց փաստ չէ, որ բոյկոտն արդյունավետ կլինի: Ամեն դեպքում լրագրողը պետք է մնա պրոֆեսիոնալ, հունից դուրս չգա, պահի նշաձողը:

P.S. Եզրակացությունների հեղինակները չեն նշվում, դրանք ներկայացնում են քննարկման ընդհանուր ոգին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *