Լրագրողների պաշտպանության կոմիտեն հատուկ զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ Թուրքիան երկրորդ տարին անընդմեջ աշխարհի առաջատարն է ձերբակալված լրագրողների թվով ՝ առաջ անցնելով Իրանից եւ Չինաստանից:
Թեեւ ձերբակալված լրագրողների թիվն ամբողջ աշխարհում նվազել է նախորդ տարվա համեմատ, այն շարունակում է մնալ «ռեկորդային»:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետազոտության համաձայն՝ աշխարհում ձերբակալված լրագրողների կեսը բաժին է ընկնում Թուրքիային, Իրանին եւ Չինաստանին: Թեհրանի, Անկարայի եւ Պեկինի անհանդուրժող կառավարությունները հիմնականում հակապետականության մեջ մեղադրելով են փորձում լռեցնել ընդհանուր թվով 107 լրագրողների, բլոգերների եւ խմբագիրների:
2013 թվականին Թուրքիան եւ Իրանը ազատ են արձակել որոշ լրագրողների, սակայն Չինաստանում ձերբակալված լրագրողների թիվը մնացել է անփոփոխ:
Թուրքական բանտերում գտնվող լրագրողների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ 49-ից հասնելով 40-ի: Որոշ լրագրողներ ազատ են արձակվել, սակայն տասնյակ քուրդ լրագրողներ շարունակում են մնալ թուրքական բանտերում՝ մեղադրվելով ահաբեկչության եւ հակապետական դավադրությանը մասնակցություն ունենալու համար:
Իրանում ձերբակալված լրագրողների թիվը վերջին մեկ տարում նվազել է 10-ով՝ 45-ից հասնելով 35-ի: Չինաստանում ազատազրկության մեջ են գտնվում 32 լրագրողներ, խմբագիրներ եւ բլոգերներ, ճիշտ նույնքան, որքան 2012-ին:
«Լրագրողների բանտապետ երկրների» տասնյակում են նաեւ Էրիթրեան, Վիետնամը, Սիրիան, Ադրբեջանը, Եթովպիան, Եգիպտոսը եւ Ուզբեկստանը:
2013 թվականին Եգիպտոսում ձերբակալված լրագրողների թիվը 5-ն է. նախորդ տարի այստեղ ձերբակալված լրագրող չի եղել:
Սիրիայում ազատազրկված լրագրողների թիվը կրճատվել է՝ 15-ից հասնելով 12-ի, սակայն զեկույցում ընդգրկված չեն տասնյակ լրագրողներ, որոնք ենթադրաբար առեւանգվել եւ ազատազրկման մեջ են պահվել ընդդիմադիր զինված խմբերի կողմից: 2013 թվականի վերջի տվյալներով՝ Սիրիայում մոտ 30 լրագրող համարվում է անհայտ կորած:
Այս տարի ընդհանուր հաշվով 211 լրագրող է գտնվում ազատազրկման մեջ, նախորդ տարի այս թիվը ռեկորդային էր եւ հասնում էր 232-ի:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ մինչեւ 2012 թվականը, ամենաշատ ձերբակալությունները եղել են 1996 թվականին՝ 185 լրագրող:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: