«Առավոտ» օրաթերթը ափսոսանք է հայտնել հունիսի 26-ի՝ «100 հազար դոլար՝ Տիգրան Սարգսյանի դե՞մ» հրապարակման համար: Այն վերաբերում էր վերջին ամսվա ընթացքում Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Կիպրոսում վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային գործերի մասին «Հետք»-ի հրապարակումներին:
Այսօրվա համարում «Առավոտ»-ը հերքել է իր լուրը: Կայքից լուրը հեռացվել էր հենց հրապարակման օրը: Օրաթերթը նշել է, որ լուրը չի համապատասխանել «Առավոտ»-ի մասնագիտական եւ էթիկական վարքականոնի այն դրույթին, ըստ որի՝ «Առավոտ»-ի լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար:
«Եվ որ առավել ցավալին է՝ այդ լուրի հասցեատեր կարող են թյուրիմացաբար ընկալվել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության մեր գործընկերները: «Առավոտը» ափսոսանք է հայտնում տեղի ունեցածի համար: Կազմակերպչական հետեւություններն արված են, վարքականոնը խախտողները պատժված են»,- գրված է հերքման մեջ:
«Այդ լուրը իսկապես վրիպել էր իմ աչքից, թե չէ երբեք չէր հրապարակվի, որովհետեւ ոչ հավաստի էր, չճշտված: Կայքից մենք այդ լուրը հանեցինք: Իսկ հերքում ինձնից ոչ ոք չէր պահանջում: Ես դա տպեցի թերթում, որպեսզի իմ բարեկամ Էդիկ Բաղդասարյանի մոտ ոչ մի կասկած չմնա, որ դա պարզ թյուրիմացություն է»,- ասում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Հունիսի 27-ին Արամ Աբրահամյանը խմբագրականում հերքել էր թերթի նախորդ համարում հրապարակված լուրը՝ այն համարելով անհեթեթ եւ վիրավորական «Հետք»-ի համար:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը գտնում է, որ այս տեսակ պահելաձեւը պետք է նորմա դառնա ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ քաղաքական գործիչների համար:
«Ներողություն հայցելն ու ընդունելը, որ հրապարակումը չէր համապատասխանում իրենց իսկ ընդունած վարքականոնին, ողջունելի քայլ է լրատվամիջոցի կողմից, որն առաջնորդվում է էթիկական սկզբունքներով: Եվ ընդհանրապես սեփական սխալներն ընդունելը, այդ մասին բարձրաձայնելն ու ներողություն խնդրելը արտառոց եւ զարմանալի բան չպետք է լինի, այլ նորմալ պահելաձեւ»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով՝ վարքականոնը խախտած լրագրողը տուգանվել է:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: