2013.06.19,

Նյուսրում

Երբ պատգամավորը վիրավոր(վ)ում է լրագրողին(ց)

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Սոցիալական ցանցերում շարունակում են քննարկել Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի միջեւ վեճը:

 

Երբ Վեզիրյանը հիշատակել է Վարդան Այվազյանի կոռուպցիոն գործունեության մասին «Հետք»-ի հրապարակումները, պատգամավորը հունից դուրս է եկել եւ վիրավորել է լրագրողին: Գոհար Վեզիրյանն էլ պատասխանել է վիրավորանքին:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողի վարքագիծը նման իրավիճակներում. մեկնաբանում են մեդիա մասնագետները:

Տիգրան Հովհաննիսյան

«Իզվեստիա» թերթի հայաստանյան թղթակից

 

Իմ կարծիքով՝ լրագրողը չպետք է վիճաբանություն հրահրի: Նա պետք է տեղեկատվություն ստանա եւ տարածի այն: Լրագրողի առաքելությունը դա է, ոչ թե վեճ հրահրելը կամ վիճաբանության մեջ մտնելը, ինչին, դժբախտաբար, երբեմն ականատես ենք լինում:

 

Այս դեպքում լրագրողը նախ եւ առաջ պետք է ճշտեր, թե ինչից ելնելով են իրեն վիրավորում, եւ պահանջեր պարզաբանում, ոչ թե պատասխաներ եւ ներքաշվեր վիճաբանության մեջ: Քաղաքակիրթ ձեւը դա է: Միջադեպից հետո արդեն կարող էր նաեւ դիմել դատարան:

Հայկակ Արշամյան

մեդիա փորձագետ

 

Այս հարցին երեք տեսանկյունից կարելի է նայել, առաջինը՝ լրագրողի պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից: Բնականաբար, լրագրողը չպետք է արձագանքեր պատգամավորի վիրավորանքին եւ ավելի բարձր դիրքից պետք է նրա հետ խոսեր:

 

Մարդկային տեսանկյունից՝ երեւի նյարդերը տեղի տվեցին, չդիմացավ, պատասխանեց, առանց այն էլ՝ նա որոշակի վերաբերմունք ուներ Վարդան Այվազյանի նկատմամբ: Ընդհանրապես լրագրողը պետք է որեւէ վերաբերմունք չդնի թե՛ հարցազրույց անելիս, թե՛ գրելիս:

 

Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով կա, որին լրագրողը կարող էր դիմել: Եւս մեկը կհայտնվեր սեւ ցուցակում, ինչպես նախկինում բոլոր հոխորտացողները: Էթիկայի հանձնաժողովով անցած հոխորտացող պատգամավորները եթե արդյունքում ներողություն չեն էլ խնդրել, գոնե ընդունել են իրենց մեղքը:

 

Հարցը նաեւ 3-րդ կողմն ունի, որի մասին շատ քչերն են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում:

 

Մենք լրագրողից պրոֆեսիոնալ աշխատանք ենք պահանջում, փորձում ենք ինչ-որ սահմանների մեջ դնել, բայց պատգամավորի մասին (որը օրենք գրող է եւ ամենաշատը պետք է էթիկայի կանոնները պահի) նույնը չենք ասում: Կարծես կյանքի նորմա է դարձել, որ պատգամավորների մեծ մասը պետք է իրեն գռեհիկ պահի, վիրավորի, փողոցային բառապաշարով մարդկանց հետ խոսի եւ վարվի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *