2013.04.03,

Նյուսրում

«Կարգավորող» նոր նախագիծ ամենաազատ բրիտանական մամուլին

Բրիտանական մամուլն իր անհանգստությունն է արտահայտել վերջերս կառավարության կողմից ընդունված  մեդիայի կարգավորման նոր համաձայնագրի վերաբերյալ:

Համաձայնագիրն ընդունվել է երեք քաղաքական կուսակցությունների թեժ բանակցությունների արդյունքում`կոալիցիոն կառավարություն կազմող պահպանողական ու լիբերալ-դեմոկրատների և ընդդիմադիր աշխատավորական կուսակցության: Սույնով նախատեսվում է ստեղծել մամուլի կարգավորող մարմին, որի գաղափարը գրառված է թագավորական հրովարտակում, ստորագրված Էլիզաբեթ երկրորդ թագուհու կողմից: Մինչ այժմ թագավորական հրովարտակները ծառայում էին, հատկապես, հաստատելու հասարակական, պետական մարմինների գոյությունը, ինչպես BBC-ն, համալսարանները կամ խոշոր բարեգործական կազմակերպությունները:

Հրովարտակը նախատեսում է գոյություն ունեցող օրենսդրության մեջ երկու փոփոխություն կատարել:

Առաջին կետը նախատեսում է, որ մամուլի կարգավորման մասին հրովարտակը չի կարող փոփոխության ենթարկվել, մի բացառությամբ, եթե Համայնքների կամ Լորդերի պալատը (խորհրդարանի վերին և ներքին պալատ) քվեարկեն այս փոփոխության օգտին:

Օրենքի մյուս կետը թույլ կտա մամուլի օրգաններին անդամակցել այս նոր մարմնին, որն ի դեպ  կամավորության սկզբունքով է, սակայն ովքեր կհրաժարվեն  անդամակցել այս կառույցին էական տուգանքներ կվճարեն` մինչև մեկ միլիոն  լիվր(1,6 մլն դոլար), արդարադատությանը դիմած մամուլից  «տուժածներին», ինչը կվճռվի կարգավորող մարմնի հետ բանակցելու միջոցով:

Կարգավորող մարմինը կազմված է լինելու 5-9 առավելագույնս անկախ անդամներից,  որոնց նշանակման հարցում մամուլը չի կարող վետո կիրառել: Հիշյալ մարմինը կունենա համապատասխան լիազորություններ. սահմանել հրապարակային ներողության տպագրումը  պարբերականներից որևէ մեկում, նշանակել տուգանքեր, սկսել հետաքննություն, ստեղծել կառավարման կուռ համակարգ և արբիտրաժի անվճար համակարգ մամուլի կողմից չարաշահման ենթարկվածների համար:

Մամուլի կարգավորման նոր ձև ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է Մեծ Բրիտանիայում որոշ պարբերականների կողմից երկրի հայտնի դեմքերի նկատմամբ սկանդալային պատմություններ հորինելու դեպքերից հետո, որոնք ծանր հետևանքներ են ունեցել այդ անձանց վարկի ու հեղինակության համար:

«Այսուհանդերձ, կարգավորող նոր մարմնի ստեղծումը դժգոհության մեծ ալիք է առաջացրել մամուլի մեծամասնության մոտ, բացառությամբ` «Guardian»-ի և «The Independent»-ի, որոնք կարծես թե համաձայն են սկզբունքի հետ»,- գրում է «Liberation»-ը: Մինչդեռ, մի շարք այլ հայտնի պարբերականներ, ձեռնպահ  են մնացել մեկնաբանելով, որ նախ պետք է ուսումնասիրեն կարգավորման նախագիծը:

Հայտնի պարբերականներ «Daily Telegraph»-ն ու «Times»-ն իրենց խմբագրականներում այն միտքն են արտահայտել, որ 300 տարուց հետո, երբ թերթերն ու ամսագրերն այլևս քաղաքական ուժերի ազդեցության տակ չեն Միացյալ Թագավորությունում վտանգավոր նախադեպ է ստեղծվում մամուլի ազատության համար:

Ընդդիմադիր «Guardian»-ը կառավարության կողմից արված այս համատեղ հայտարարության վերաբերյալ գրել է, որ «խորհուրդ է տալիս, այնուամենայնիվ, ամենակարող դերակատարներին հարց տան իրենք իրենց, թե արդյո՞ք մտնելու են խաղի մեջ»:

Պատրաստեց` Մետաքսե Պետրոսյանը
Ըստ` Liberation-ի և La presse-ի նյութերի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *