Գյումրիում արդեն հինգերորդ տարին է նշվում է Խոսքի ազատության օրը: Այն որպես տոն չունի պետական գրանցում եւ պաշտոնապես չի նշվում հանրապետությունում:
Մարտի 25-ը, որպես Խոսքի ազատության տոն նշելու նախաձեռնությունը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին է, իսկ առիթը այն շարժումը, որ ծնվեց 2008թ-ի մարտին: Հինգ տարի առաջ ժողովրդական հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ փրկել Գյումրու ԳԱԼԱ հեռուտաընկերությունը եթերազրկումից: Մարտի 25-ը ապացուցեց, որ հարկ եղած դեպքում կարող է համախմբվել եւ լրագրողական ընտանիքը, եւ հասարակությունը:
Անցած չորս տարիների ընթացքում, Խոսքի ազատության օրը, տասնյակ լրագրողներ եւ լրատվամիջոցներ արժանացել են պարգեւների՝ տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար:«Կարեւորն այն է, որ այն որպես տոն կայացավ ու վերածվում է ավանդույթի: Լավ էր, որ 5 տարի առաջ ժողովուրդը հաղթեց ռեժիմին եւ ստեղծվեց այս տոնը»,- ասում է մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
«Կարեւորն այն է, որ մենք ունենք օրինակ, երբ այդ շարժումը լրագրողին եւ այս պարագայում մասնավորապես լրատվամիջոցին պաշտպանող՝ ավարտվել է հաղթանակով: Կարեւորն այն է, որ ցանկացած լրագրող ու լրատվամիջոց վստահ է, որ ցանկացած պահին կստանա այդ սատարումը»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
Այս տարի Խոսքի ազատության օրվա կապակցությամբ այս անգամ պարգեւներ հանձնվեցին լրագրող Զարուհի Մեջլումյանին՝ իրավապաշտպանական թեմաները եւ մասնավորաբար ցմահ դատապարտվածների խնդիրների լուսաբանման համար:
«Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն արժանացավ պարգեւի հետաքննական լրագրության եւ մասնավորաբար պաշտոնյանների հայտարարագրերի վերլուծություններով հրապարակումների շարքի համար:
Panarmenian.net կայքի ֆոտո բաժինն եւս ընդգրկված էր պարգեւատրվողների ցանկում` լավագույն ֆոտոպատմությունների շարքի համար:
Կրոնական խնդիրները լուսաբանելու համար հատուկ պարգեւ էր նախատեսել Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը լրագրող Սառա Խոջոյանի համար:
Պարգեւի արժանացավ քաղաքացի Լենա Նազարյանը՝ հասարակական գործունեության, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվորեն մասնակցելու համար, ինչպես նաեւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ հրապարակախոսության համար:
Մեկտարյա արդյունավետ աշխատանքի համար պարգեւի արժանացավ նաեւ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Հինգերորդ հոբելյանական տարում պարգեւատրվեց նաեւ ժուռանալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Ա. Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը համարում է, որ այս տոնը ծնվել է իրական կյանքից, երբ հինգ տարի առաջ փորձության էր ենթարկվում խոսքի ազատությունը: «Տոնն արդեն ավանդույթի է վերածվում, որն իմ կարծիքով, դառնալով յուրօրինակ գործիք՝ կվերածվի հասարակությանը առողջ պահող միջոցի»,- ասում է նա:
Երանուհի Սողոյան, Գյումրի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: