Վանաձորի բնակչուհի Մարիամ Եփրեմյանը հրաժարվել է տեղական «Միգ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած դատական հայցից, իսկ News.am-ի դեմ հայցը դեռ վարույթում է:
Մարիամ Եփրեմյանը հայցադիմում էր ներկայացրել «Միգ»-ի եւ News.am-ի դեմ 2012թ.-ի մարտ ամսին վրաերթի հետևանքով ամուսնու մահվան մասին պատմող` Youtube-ում տեղադրված տեսանյութերի համար: Նրան հատկապես վրդովեցրել էին մահացած ամուսնու մարմինը ցուցադրող կադրերը:
Կինը դատարանից պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցներին համացանցից հանել տեսանյութերը եւ յուրաքանչյուրից բռնագանձել 500 հազար դրամ, ինչպես նաեւ փոխհատուցել դատական ծախսերը:
Վերջին դատական նիստում Մարիամ Եփրեմյանը հրաժարվել է «Միգի» դեմ հայցից: Նա հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը:
«Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը պատմեց, որ զրուցել է Մարիամ Եփրեմյանի հետ: Նա տեղեկացրել է, որ իրենք արդեն youtube-ից հեռացրել են դատական վեճի պատճառ հանդիսացող տեսանյութը:
«Միմյանց հասկացանք, ու ամեն բան պարզ դարձավ բոլորիս համար»,- ասում է «Միգ»-ի տնօրենը: Նրա տպավորությամբ Մարիամ Եփրեմյանը հասկացել է, որ հեռուստաընկերությունը իրեն կանխամտածված ցավ չի պատճառել:
News.am-ի դեմ դատավարությունը շարունակվում է: Youtube-ում նաև պահպանվում է ավտովթարի մասին պատմող` news.am-ի կողմից տեղադրված տեսանյութը:
Դատարանում News.am ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասում է, որ հայցվոր կողմը հաշտության որևէ տարբերակ իրենց չի առաջարկել:
Կիվիրյանն ինքն է լրատվամիջոցի անունից զանգահարել Մարիամ Եփրեմյանին` փորձելով ճշտել նրա դիրքորոշումը և առաջարկություն արել հնարավոր բանակցության շուրջ:
«Եթե նա ամբողջ խնդիրը տեսնում է նյութի մեջ, ապա մենք կարող ենք նաև հանել նյութը, եթե դա ինչ-որ ձևով իր վրա ազդում է` այսպես ասած: Բայց մերժում ստացանք, քանի որ տիկին Եփրեմյանը պահանջում էր նաև փոխհատուցում պարտադիր կարգով: Ասում էր` ինձ պետք չէ հանել, ինձ պետք է նաև իմ գումարային փոխհատուցումը»,- ասում է Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանի կարծիքով տեսանյութը որևէ ձևով չի վարկաբեկում Եփրեմյանների ընտանիքին: Հրապարակման նպատակն է եղել ցույց տալ վրաերթ կատարած անձի գործողությունները:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը այս դեպքի կապակցությամբ եզրակացության մեջ նշել է, որ Մարիամ Եփրեմյանը բաց է թողել դատարան դիմելու վաղեմության ժամկետը:
Եզրակացության մեջ նաեւ նշվում է, որ «դժբախտ պատահարի, հանցագործության կամ ինքնասպանության արդյունքում զոհված անձի դիակի լուսանկարը կամ տեսապատկերը հրապարակելը լրատվության միջոցներով զոհվածի հարազատների անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոպիտ միջամտություն է, որն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում»:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: