Եվրոպական եւ ամերիկյան որոշ մեդիա հոլդինգների կատարած վերլուծություններն ու ամփոփումներն իրենց անցյալ տարվա ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ անակնկալ ցուցանիշներ են արձանագրել հենց ընկերությունների համար:
Ինչպես նշում է ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթը գերմանական «Բիլդ» ընկերության համար անցնող տարին աննախադեպ շահութաբեր է եղել, ընդ որում՝ շահույթը արձանագրվել է ոչ թե գովազդից, այլ՝ թերթի ինտերնետային տարբերակի բաժանորդագրությունից՝ 1մլրդ եվրո:
Այս հանգամանքը թերթի ղեկավարությանը բերել է տրամաբանական եզրահանգման՝ կենտրոնանալ վեբ կայքի վրա: Ընկերությունը, որը տիրապետում է բազմաթիվ տպագիր եւ թվային մեդիաների՝«Bild», «Die Welt», «seloger.com», «aufeminin.fr» եւ այլն, ապագան անվարանորեն տեսնում է թվային մեդիայի զարգացման մեջ ու պատրաստվում է հնարավորինս արագ անցում կատարել թվային համակարգին: Իսկ ընկերության սեփանակատեր Մաթիա Դոֆներն ասել է.«Եթե նույիսկ մեր տպագիր հրատարակությունները դեռեւս երկար ժամանակ շարունակեն նպաստել մեդիա ընկերության հաջողությանը, մեր նպատակը հստակ է. դառնալ թիվ մեկ թվանշային մեդիան»:
Ծրագրերը կյանքի կոչելու համար ընկերությունն այս տարի նախատեսում է 10-50 մլն եվրոյի ներդրում կատարել թվային մեդիայի զարգացման ոլորտում եւ 50մլն եվրո ավանդական մամուլի վերափոխման համար ակնկալելով մոտ 5% աճ:
Ներկայումս միաժամանակ վաճառքի են հանված ամերիկյան յոթ հայտնի պարբերականներ, որոնցից վեցը պատկանում են «Tribune Co.» ընկերությանը՝ «Baltimore Sun», «Chicago Tribune», «Los Angeles Times», «Hartford Courant», «Orlando Sentinel», «South Florida-Sun Sentinel» եւ «The New York Times» հոլդինգին պատկանող «Boston Globe»-ը: «Tribune Co.»-ն իր զարգացման հեռանկարն այսուհետ տեսնում է հեռուստատեսության մեջ, այլ ոչ՝ մամուլի:
Ընկերության տնօրինության տակ այսօր կան 23 հեռուստաալիքներ երկրի 19 գլխավոր քաղաքներում:
Իրավիճակը նույնն է նաեւ ֆրանսիական մեդիայի պարագայում: Առավել տնտեսելով միջոցները նրանք եւս ջանում են միանգամայն նոր ֆորմատով ու նոր առաջարկով ներկայանալ ընթերցողին մեդիայի ապագան տեսնելով թվային տարբերակի զարգացման մեջ: Le Monde.fr կայքը ապրիլի երկրորդ կեսից կթողարկվի լիովին նորացված տարբերակով:
Սակայն ֆրանսիական մեդիայի պարագայում համընդհանուր գերակա խնդիրներից զատ կան տեղական շուկայի կարգավորման որոշ առանձնահատկություններ, որոնք լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հրատարակիչների համար: Անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Google-ը մտավ ֆրանսիական մեդիա շուկա, այստեղ սկսվեց մի իսկական խառնաշփոթ:
Դեպի իրեն ձգելով տեղական գովազդի շուկայի կեսից ավելին, ամերիկյան հսկան լուրջ հարված հասցրեց տեղական մեդիային ու հեռուստատեսությանը: Բողոքի ալիք բարձրացրին թե՛ ռադիո ու հեռուստաընկերությունները, եւ թե՛ տպագիր ու online մեդիան: Խնդիրը բարձրացվեց պետական քննարկման մակարդակի եւ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն անձամբ նախաձեռնություն հանդես բերեց հանդիպելու ու քննարկելու խնդիրը Google-ի տնօրեն Էրիկ Շմիդտի եւ ֆրանսիական հայտնի մեդիա հրատարակիչների հետ:
Մեդիա տնօրենները պահանջում էին խնդրի օրենսդրական կարգավորում, սակայն քննարկումների արդյունքում կյանքի կոչվեց մի նախագիծ, ըստ որի ամերիկյան մագնատը խոստանում է երեք տարվա ընթացքում ստեղծել թվանշային մեդիայի զարգացման հիմնադրամ 60 մլն եվրոյի ներդրմամբ: Հիմնադրամը նպատակաուղղված կլինի ֆինանսավորելու թվային մեդիայի զարգացման համար ներկայացվող լավագույն ծրագրերը: Սակայն հրատարակիչների մի մասն, իրավացիորեն, դժգոհ է եւ այն չի համարում առկա խնդիրների հանգուցալուծում:
Ինչպես նշում է «Liberation»-ը, «ամերիկյան հսկայի» կողմից ֆրանսիական գովազդի շուկային տիրելը տեղական պարբերականներին միայն շահույթի աղբյուրից չէ, որ զրկում է.«Ոչինչ ավելի դժվար չէ, քան ընթերցող գտնելը, քանզի ընթերցողը չի սիրում ինքնաբերաբար իրազեկվել: Ո՞վ ցանկություն ունի բնազդաբար «ինֆորմացվելու»: Նրանք սիրում են, երբ այն զվարճացնող է, մատուցված մի գդալ օշարակով (գեղեցիկ լուսանկարներ, իրազեկման գրավիչ գրելաձեւ, խմբագրում): Բայց անմշակ տեղեկատվություն (խճճված թվեր, տեխնիկական գործեր, վատ նորություններ, բարոյազուրկ պատմություններ, որտեղ թույլը միշտ շահում է վերջում) պետք է մազորխիստ լինել դրան վճարելու համար, երբ կարելի է անվճար «հագեցնել ծարավը» զվարճալի ու ձրի ինֆորմացիայով»,-մեկնաբանում է թերթը:
Մեդիա ղեկավարների մի մասն էլ գտնում է, որ հիմնադրամը կյանքի կոչելն ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չանելը: Իսկ երկրի նախագահը Google-ի տնօրենի ու ֆրանսիական մեդիայի ղեկավարների միջեւ կայացած այս համաձայնությունը որակել է պատմական:
Սակայն հիշյալ համաձայնագրով չեն լուծվում ոչ պակաս կարեւոր տպագիր մամուլի գերակա խնդիրները: Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից ֆրանսիական տպագիր մամուլը բախվել է մեկ այլ ոչ պակաս կարեւոր հիմնախնդրի. երկրում մամուլի գլխավոր տարածող «Prestallis» ընկերությունը պարբերաբար հրաժարվում է կատարել իր պարտավորությունները:
Արդյունքում, արդեն բազմաթիվ անգամներ մամուլի կրպակները մնացել են դատարկ, թերթերն ու ամսագրերը չեն հասել ընթերցողին, կրպակավաճառները հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի եզրին, հրատարակչություններն ունենում են միլիոնավոր եվրոյի կորուստ, իսկ տպագրված պարբերականը դառնում թերթի թափոն:
Բանն այն է, որ հիշյալ ընկերությունը շուրջ երկու տարի դատական հայցեր է ներկայացնում այս կամ այն պարբերականի դեմ, մեղադրելով հրատարակիչներին ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մեջ: Հրատարակիչներն ու Մամուլի եւ Գրավաճառության ազգային արհմիությունն (SNLP, Syndicat national de la Librairie et de la Presse) էլ իրենց հերթին բողոքի ակցիաներ են կազմակերպում ընդդեմ «Prestallis»-ի, շրջափակելով ընկերության շենքը եւ պահանջ ներկայացնելով փոփոխություններ կատարել գնային քաղաքականության մեջ, քանզի տպագիր մամուլի ներկայիս օրեցօր խորացող ճգնաժամի պայմաններում պարբերականներն ի վիճակի չեն վճարել այդքան բարձր տուրքեր:
Վերջինս էլ իր հակափաստարկներն ունի. նույն այդ ճգնաժամի ու օրըստօրե թանկացումների պայմաններում իրենք եւս լուրջ ֆինանսական կորուստներ են կրում, քանզի մամուլի կրպակներում թերթերի վաճառքը նվազել է 12%-ով եւ ընկերությունը հարկադրված է գնալ կրճատումների:
Այս հանգամանքը բողոքի ալիք առաջացրեց կրպակավաճառների շրջանում: Նրանք եւս ընդդիմանում են գործադուլներով եւ բողոքի ցույցերով, միաժամանակ, պահանջելով բարձրացնել վաճառքի հասույթից իրենց հասանելիք տոկոսադրույքների չափը: Արդեն իսկ փակվել են բազմաթիվ կրպակներ մայրաքաղաքում, իսկ շարունակվելու դեպքում դրանք կդադարեն գոյություն ունենալուց:
Մամուլի տարածման խնդիրը սպառնում է վերաճել սոցիալականի, քանի որ կրպակավաճառների մի հոծ բանակ լրացնելու է գործազուրկների բանակը երկրում սկիզբ դնելով նոր հուզումների ու խռովությունների: Իսկ ստեղծված թնջուկից առայժմ ելք չի գտնվում:
Մետաքսե Պետրոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: