Վանաձորի ավագանին քննարկել է տեղական լրատվամիջոցներին ֆինանսական աջակցության ձեւաչափը փոփոխելու հարցը: Ավագանու նիստի օրակարգում նախագիծ էր ներկայացվել, որ ամեն տարի համայնքի բյուջեից լրատվամիջոցներին հատկացվող 1 մլն դրամ ֆինանսական աջակցությունն ավելացվի ևս 2.5 մլնով:
Առաջարկը ներկայացրել էր «Ֆորտունա» հեռուստաընկերությունը: Հիմնավորումն այն է, թե Վանաձորում մեծացել է զանգվածային լրատվության միջոցների դերը, ստեղծվել են նոր լրատվամիջոցներ` lorinews.com, armweeklynews.com ինտերնետային կայքերն ու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերությունը:
Ավագանու նիստի ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պնդում էր, որ նախ լրատվամիջոցներին հատկացվելիք գումարի չափը հաստատվի, հետո էլ այն բաշխեն մրցույթով:
«Մի քանի հաղորդաշարերի համար, թերթերի համար մրցույթներ կհայտարարենք: Ով հաղթի, համապատասխան չափով էլ բյուջեից գումար կստանա»,- ասում էր քաղաքապետը:
Ավագանու անդամները կողմ էին լրատվամիջոցներին ֆինանսապես աջակցելու գաղափարին, բայց առաջարկում էին յուրաքանչյուր լրատվամիջոցին տրամադրելիք գումարի չափը հստակեցնելուց հետո միայն հարցը դնել քվեարկության:
Իրենց այդ դիրքորոշումն ավագանու անդամները հիմնավորում էին նրանով, որ բյուջեով նախատեսվող գումարը չտրվի մեկ հեռուստաընկերության կամ թերթի, այլ բոլոր լրատվամիջոցներն օգտվեն այդ հատկացումից, ավագանու անդամներն էլ իմանան, թե գումարն ինչպես է բաշխվելու ԶԼՄ-ների միջև:
«Մենք կողմ ենք, որ աջակցությունը ծառայի ոչ թե ինչ-որ մի հեռուստաընկերության կամ ինչ-որ մի հրատարակչության, այլ բոլորին: Ավագանու անդամներն էլ իմանան, թե որ հեռուստաընկերությանը ինչ առաքելության համար են այդ օժանդակությունը հատկացնում»,- ասում է ավագանու անդամ Վահագն Դավիթավյանը:
Քննարկումից հետո ավագանու անդամների քվեարկությամբ հարցը հանվել է նիստի օրակարգից: Առաջիկայում հանձնաժողով կձևավորվի, որը կուսումնասիրի Վանաձորի լրատվամիջոցներին ֆինանսական օգնությունների հարցը եւ կներկայացնի ավագանուն:
2000 թվականից սկսած Վանաձորի քաղաքապետարանն ամեն տարի մեկ միլիոն դրամ է հատկացրել տեղական լրատվամիջոցներին:
Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն 2011 թվականին «Լոռու մարզ» թերթին հատկացվել է 150 հազար դրամ, «Լոռի» հեռուստաընկերությանը` 850 հազար դրամ: 2012 թվականին` «Միգ» հեռուստաընկերությանը 100 հազար դրամ, «Լոռի» հեռուստաընկերությանը` 500 հազար դրամ:
Նախորդ 10 տարիների հատկացումների վերաբերյալ քաղաքապետարանը տեղեկատվություն չի տրամադրել` պատճառաբանելով, թե պահանջվում է լրացուցիչ աշխատանք արխիվային փաստաթղթերում:
Նշված հատկացումներն արվել են «Աջակցություն լրատվամիջոցներին» բյուջեի տողով:
«Լոռու մարզը» 10 տարի անընդմեջ աջակցություն է ստացել քաղաքապետարանից: Թերթի խմբագիր Մանվել Միկոյանն ասում է, որ տեղական բյուջեից աջակցությունը ստանում են քաղաքապետարանի հայտարարություններն անվճար տպագրելու համար:
«Այդ հայտարարությունների քանակը բնականաբար գումարային առումով շատ ավելի շատ է լինում, քան իրենց աջակցությունը»,- ասում է Միկոյանը:
«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն ասում է, որ ամսվա ընթացքում քաղաքապետարանի առնվազն 10 հայտարարություն է հեռարձակվում, որից երեքն անվճար: Եւ սա՝ հեռուստաընկերության՝ հարկային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում ձևակերպվում է որպես քաղաքապետարանին ցուցաբերվող աջակցություն:
«Ստացվում է, որ քաղաքապետարանը «Լոռի» հեռուստաընկերությանն է աջակցում, «Լոռին»` քաղաքապետարանին: Հարց է` ով, ում, ինչքան է աջակցել»,- ասում է Նարինե Ավետիսյանը:
«Լոռիի» տնօրենը առաջարկել է քաղաքապետարանին` պայմանագիր կնքել մատուցվող ծառայությունների համար և վճարել պատվերի շրջանակներում: Բայց պատասխանել են, որ բյուջում համապատասխան գումար չունեն նման պատվերների համար:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: